Ինչպես հայտնի է՝ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ամեն մի քաղաքական ուժ հանրապետության 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում պետք է առաջադրի առնվազն 5 թեկնածու, որոնցից 2-ը պետք է լինեն կանայք: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ:
– Պարո՛ն Քոքոբելյան, Դուք ի՞նչ կարծիք ունեք ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթի մասին, ըստ որի՝ ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է յուրաքնչյուր ընտրատարածքում առնվազն 5 թեկնածու ունենան, որոնցից 2-ը՝ կին: Արդյո՞ք բավարար քանակով թեկնածուներ կարող եք ապահովել:
-Ընտրական օրենսգրքի հետ կապված մենք մեր տեսակետը հայտնել ենք: Մենք դեմ ենք ներկայացված այս նախագծին տարբեր պատճառներով: Դրանք ոչ թե տեխնիկական, այլ խիստ բովանդակային հարցեր եմ համարում: Խոսքը չի վերաբերում միայն ընտրությունների վերահսկման մեխանիզմներին, որը այստեղ բացակայում է, իմ խորին համոզմամբ: Թափանցիկ, անաչառ ու արդար ընտրություններ անցկացնելու համար ընտրական օրենսգիրքը բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է:
Մենք ստիպված ենք այս խաղի կանոններով առաջնորդվել, որքան էլ դեմ լինենք դրան: Բայց մենք այս պահի դրությամբ արդեն տեղերում մեր այդ խնդիրը լուծել ենք: Այսինքն՝ 13 ընտրատարածքներում մենք կանենք լրջագույն առաջադրումներ, եւ ճիշտ եմ համարում այս դեպքում կանանց մասնակցությունը: Ես գտնում եմ, որ կարելի է այդ շեմը բարձրացնել: Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Նույն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության 40 տոկոսը կանայք են, եւ դա ոչ թե արել ենք արհեստական, այլ դա շատ բնական է: Միշտ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում՝ թող ոչ ոք չփորձի նսեմացնել կամ նշել, որ կանաց մասնակցությունը ընտրական գործընթացներին կամ քաղաքականությանն արհեստական է: Չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կանայք ավելի պասիվ են, քան տղամարդիկ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ