«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը անցնող տարին բացասաբար է գնահատում Հայաստանի անկախության, ինքնիշխանության, սուվերենության բացարձակ կորստի առումով:
«Ունենք սահմանապահ զորք, որ Հայաստանին չի ենթարկվում, մեր զենքը պատկանում է ՀԱՊԿ-ին, գազային պարտքը գոյացել է նրանից, որ ունենք «ՀայՌուսգազարդի» մասնավոր փայատերեր, որոնց անունը հայտնի չէ: Նույն պարտքը գոյացել է նաև Ուկրաինայում, քանի որ իրենց՝ նույնպես կոռումպացված իշխանությունը հասկացել է՝ պետք է ՌԴ-ից գնել թանկ, բայց ժողովրդին վաճառել էժան, քանի որ գազը ենթակա է սուբսիդավորման: Ես ապշած եմ, որ Կարինե Աճեմյանը կառավարությունից ու նախարարից պատասխան է ստացել: Հանրապետականները, փաստորեն, ավելի երջանիկ են այդ առումով»,- ասաց նա:
Սեդրակյանը նշեց, որ տարին նաև աննախադեպ դրական էր, քանի որ ամեն հայ քաղաքացու վերջնական արթնացում եղավ դարավոր քնից: Բանախոսը նկատեց՝ անվտանգությունը ռուսական բազան չէ, այլ՝ երբ քո քաղաքացին կուշտ է, տաք, ապահով, ապրում է արդար և անվտանգ պայմաններում: Բանախոսը տեղեկացրեց, որ Մոսկվան, տառացիորեն լաց լինելով, դիմել է Եվրոպա, ուզում է ճշտել՝ ինչու ռուսական մի շարք ձեռնարկությունների ոչ մի գնով չեն թողնում եվրոպական շուկա: «Եթե էդ եվրոպական շուկան էդքան վատ բան է, ինչո՞ւ է ՄՄ-ում շուկա ձևավորող երկիրը խելապատառ վազում եվրոպական շուկա, կամ որքանո՞վ է անվտանգ ՌԴ-ն ինքնին, որ ապահովի որևէ մեկի անվտանգությունը:
Մենք ունենք Շանթ Հարությունյան, որի ճակատագիրն անհայտ է: Այս ամենից բացի՝ նոր մեքենաներ են գնում պաշտոնյաների համար. ո՞նց է ստացվում՝ թոշակ տալու փող չկա, մեքենա առնելու համար կա»,- ասաց նա:
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, արձագանքելով, ասաց, որ «Գազպրոմի» ունեցած 80 տոկոս բաժնետոմսն արդեն իրենց խոսքի, վճռականության առումով ինչ-որ բան տալիս է, ուստի «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը որոշիչ չէր: Նա նշեց՝ բազմաթիվ պայմանագրեր են կնքվելու դեռ, քանի որ ստեղծվում է այդ կառույցը՝ ՄՄ-ն, դրանում մարդիկ են աշխատելու: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ անթույլատրելի է այսքան թույն և անվստահություն ներարկել իշխանության նկատմամբ: Սեդրակյանը հակադարձեց. «Եթե բոլորս հիացմունք ներարկենք, սպառողական զամբյուղը հերիք կլինի: Մի կողմից՝ սուպերմարկետների թանկությունը, մյուս կողմից՝ կոկորդիլոսների միսը: Երբ մենք խոսում ենք սուվերեն պետության մասին, պետք է հասկանանք, որ պետք են այդ պետությամբ մտահոգ մարդիկ, որ չկան ո՛չ ԱԺ-ում, ո՛չ կառավարությունում»,- ասաց նա: