Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:
Պարոն Քոքոբելյան, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստից ի՞նչ տպավորություններ ստացաք, ռուսական կողմը ինչպիսի՞ դիրքորոշում ունի քառօրյա պատերազմի վերավերյալ:
Շատ պարզ պետք է ասեմ, որ ռուսական կողմի այն հարցապնդումները և այն խնդիրները, որ այսօր ռեալ առկա են և գոյություն ունեն դաշտում չեն նպաստում ռուս–հայկական բարեկամությանը, ի նկատի ունեմ այն ոչ օբյեկտիվ մոտեցումները, որոնք առկա են։ Օրինակ` Ռագոզինի հայտարարությունը և առհասարակ նմանատիպ մոտեցումները։ Այդ ամենի բացատրությունը մենք չստացանք նիստի ընթացքում։ Հուսանք առաջիկայում այդ հարցապնդումները կշարունակվեն և կփորձենք այդ պատասխանները ստանալ։ Կարծում եմ, անկախ ամեն ինչից մեր ռուս գործընկերները խորը մտածելու և հետևություններ անելու առիթ կունենան և լավ կլինի, որ անեն, դա անտարակույս բխում է հայ–ռուսական հարաբերութունների բարձր մակարդակը ապահովելուց և պետք է մեր գործընկերները հասկանան և ընդունեն, որ հայ–ռուսական հարաբերությունների անհրաժեշտությունը միայն հայկական կողմը չէ, որ ունի, այլ բուն Ռուսաստանը պետք է շահագրգիռ լինի և դողա այդ հարաբերությունների վրա։ Կարծես թե մինչ այս պահը իրենք ապավինում են, որ հայ–թուրքական հարաբերությունների դարավոր, ոչ բարեկամական մթնոլորտի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որ առանց ավելորդ ուշադրության, առանց ավելորդ ջանքեր գործադրելու կարողանան հայ–ռուսական հարաբերությունները պահպանեն։ Այլևս մենք ապրում ենք 21-րդ դարում, Խորհրդային Միությունը այլևս չկա և լավ կլինի, որ այդ Խորհրդային Միության մտածելակերպը օր առաջ վերանա թե՛ մոտեցումներում, թե՛ ընդհանրապես ձևակերպումներում, քանի որ դա միայն խանգարում է , այլ ոչ թե օգնում։ Հուսանք, որ այնուհանդերձ այս քննարկումը և այս հանդիպումը կնպաստի ավելի ադեկվատ մոտենալ հարցերին:
Այսինքն հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ փոխվե՞լ են մոտեցումները հասարակության մեջ:
Հայ–ռուսական հարաբերություններն այսօր վտանգավոր փուլում են գտնվում, որքան էլ շատ ու շատ մեր գործընկերներ այդ ձևակերպումը չտան, այսօր, այս քառօրյա ծանր պատերազմը ցույց տվեց, որ այն մակարդակի վրա չէին, ինչ ակնկալիք ունեին ՀՀ ամենաշարքային քաղաքացուց սկսած մինչև ՀՀ նախագահը։ Եվ որքան էլ փորձեն կոսպերատիվ ձևակերպումներով թաքցնեն դա, միևնույն է, այդ վտանգը կա և ես վստահ եմ, որ այդ հետևությունները կանեն բոլորը։ Որքան էլ փորձենք փակ հասարակության մեթոդաբանությամբ առաջնորդվենք, մենք ապրում ենք բաց հասարակությունում, գոնե Հայաստանի պարագայում կուզենամ դա հնչեցնել, և այսօր էլեկտրոնային լրատվամիջոցները այդ հնարավորությունը ստեղծում են, քննարկումները ավելի արդիական դարձնելու և թեման շրջանցել ցանկացողների վիճակը, ինչպես տեսանք, էապես բարդանում է: Պատերազմական գործողությունների ընթացքում, բոլորս տեսանք, թե ինչքան օպերատիվ և ժամանակին էին արձագանքում ցանկացած փաստի։ Սակայն կան չոր փաստեր, որոնք հայ–ռուսական բարեկամության օգտին չեն խոսում, ես դա ցավով եմ ասում, որովհետև իրականում ես ինքս շահագրգիռ եմ, որ հայ–ռուսական հարաբերությունները լինեն հավասարության սկզբունքով և լինեն գործընկերային հարաբերություններ, ոչ թե այլ մակարդակի։ Բայց չի կարելի հայկական շահի հաշվին սպասարկել ադրբեջանական շահը։ Ես դեմ չեմ, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունենա գործընկերային հարաբերություններ, կարող են նույնիսկ դեպքեր լինել, որ դրանք Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի խնդրի հետ կապված որոշակի հարցերում նաև օգտակար լինեն, բայց չի կարելի այդ հարաբերությունները զարգացնել ՀՀ պետական շահի հաշվին։ Ոչ ոք չի կարող արդարացնել ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստի հետաձգումը և չկայացումը Երևանում, և ոչ ոք չի կարող պնդել, թե դա ուղղակի Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել չէր։
Ի՞նչ է նախատեսվում համատեղ նիստի ընթացքում՝ համատեղ հայրարություն կլինի՞:
Նախ առաջինը՝ մենք կփորձենք, որ համատեղ հայտարարություն ընդունվի, սակայն, առաջին հերթին ռուսական կողմն ինքը պետք է ադեկվատ գնահատական տա ադրբեջանական գործողություններին, ռուսական կողմը Հայաստանի նկատմաբ իր 1997թ. կնքված հայ-ռուսական բարեկամության պայմանագրի պարտավորություններից ելնելով և որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր պետք է դադարեցնի այդ հարձակողական սպառազինության մատակարարումը Ադրբեջանին, որքան էլ դա բնորոշեն, որպես բիզնես, փաստ է, որ այդ զենքի 80 տոկոսը Ադրբեջանին մատակարարում է Ռուսաստանը։ Շատ է խոսվում այն մասին, որ եթե Ռուսաստանը չվաճառի, կվաճառի ԱՄՆ–ն, Ֆրանսիան և մյուսները՝ դա սին կարծիք է, քանզի դեռևս 1992թ-ից սկսած թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե ԱՄՆ և Ֆրանսիան, որոշում ունեն, որ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին զենք չեն մատակարարելու: Իսկ այդ տիպի, այդ ծավալի վտանգավորության զենքեր աշխարհում 4-5 երկիր է արտադրում՝ այսինքն եթե Ռուսաստանը չվաճառի, ապա այդ զենքի ձեռքբերումը Ադրբեջանի համար շատ խնդրահարույց կդառնա։ Հայկական կողմը և իմ բոլոր գործընկերները այդ խնդիրները բարձրացրել են և այսօր, ստեղծված իրավիճակում չի կարելի ադեկվատ չլինել, չի կարելի հնարավորություն տալ ցանկացած գործընկերոջ՝ առավել ևս ռազմավարական, ով փորձի շրջանցել այսքան կարևոր հարցերը: Ռուսական կողմը պետք է առաջնահերթության առումով շահագրգիռ լինի այդ հարցերի գնահատականը հենց ինքը հնչեցնի, որպեսզի չվնասի հայ–ռուսական հարաբերությունները։
Մենք պետք է շնորհակալություն հայտնենք և խոնարհվենք մեր նահատակների առջև, բայց միայն ապավինել ՀՀ քաղաքացու հայրենասիրությանը և մեր բանակի մարտունակությանը, կարծում եմ ոչ արդիական մոտեցում է և դրանով արդարացնել այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք, դա ուղղակիորեն մեր շահերին դեմ է։
Ռուսաստանը հանդես եկավ կրակի դադարեցման նախաձեռնությամբ ռազմական գործողությունները սկսելուց 4-5 օր հետո։ Ինչու՞ այդքան ուշ նրանք արեցին այդ նախաձեռնությունը:
Կուզենամ մի պահ թարմացնենք մեր հիշողությունը։ Կրակի դադարեցման պայմանավորվածությունը տեղի ունեցավ Քերրի և Լավրովի հեռախոսազրույցին հաջորդող ԱՄՆ փոխնախագահ Բայդենի՝ ՀՀ նախագահին և Ադրբեջանի նախագահին կատարած հեռախոսազանգերից հետո, այսինքն եթե դուք խորամուխ լինեք, կտեսնեք, որ դա նաև իրավիճակի նկատմաբ ուղղակի վերահսկողությունը չկորցնելու գործողություն էր Ռուսաստանի կողմից: Իհարկե, չի կարելի չգնահատել ռուսական կողմի ջանքերը, բայց դա Հայաստանի պարագայում լինում է մերթ ընդ մերթ և ոչ նպատակային։ Ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանը պետք է սպասարկի Հայաստանի Հանրապետության շահեր՝ անտեսելով իր շահերը, բայց միևնույն ժամանակ գտնում եմ, որ անթույլատրելի է, որ ռազավարական գործընկերն առաջնորդվում է բացառավես իր շահով և անընդհատ ոտնահարում և անտեսում է Հայաստանի պետական շահը։
Իսկ համաձա՞յն եք, որ դա կրակի դադարեցման նախաձեռնությամբ ռուսական կողմը հանդես եկավ այն ժամանակ, երբ դա պետք էր ադրբեջանական կողմին։
Չեմ կարող չնկատել, այլևս գաղտնիք չի, բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել ռազմաճակատում, և թե որ պահին սկսեցին այդ մասին խոսել, ուզում եմ նաև հիշեցել Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հայտարարությունը այն մասին, թե երբ կդադարեցնեն իրենք կրակը, և այդ բոլոր իրողությունները շատ կարևոր են, որպեսզի վերլուծվի և մեր հանրությունը տեղյակ լինի։