Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշումը` ընդգծում է. «Դժբախտաբար, մենք գնալով համոզվում ենք, որ ՀՀ ՍԴ-ն անաչառ չէ և ի վիճակի չէ քննելու խնդիրները զուտ Սահմանադրությունից ելնելով, այլ, որպես կանոն, դա համարժեք գործ և գործընթաց է իշխանությունների կայացրած որոշումներին: Դա ակնհայտ է: Չի կարելի մի որոշում համարել սահմանադրական, որը ուղղակիորեն իր մեջ բազում հակասահմանադրական կետեր է պարունակում, մասնավորաբար մենք այս գործարքի արդյունքում գործ ունենք մի դեպքի հետ, որտեղ Հայռուսգազարդը, այս դեպքում արդեն Գազպրոմը ստանում է բացառիկ մենաշնորհային հնարավորություն, այսինքն` ոչ միայն մենաշնորհ է իրականացնում, այլ բացառիկ մենաշնորհ այն առումով, որ իր հետևից որևէ այլ կառույց այլևս հնարավորություն չի ունենում ՀՀ տարածք գազ ներմուծելու առումով, և որևէ փոփոխության չի կարող ենթարկվել այս պայմանագիրը, որը այժմ դրված է ԱԺ-ի քննարկմանը ու վավերացմանը: Խոսելով այդ պայմանագրի մասին` կարելի է հստակ պարզաբանել այն կետ առ կետ և ասել, որ այն ծայրից ծայր չի համապատասխանում մեր շահին: Ավելին, ես այս գործարքը որակում եմ որպես ՀՀ-ի դեմ ուղղված գործարք: Այդ պայմանագրում կան նաև մի քանի շատ վտանգավոր կետեր, որոնք են. Նախ` մի քանի տասնյակ տարիներ այս պայմանագիրը փոփոխության ենթակա չէ, և երկրորդ՝ խոսքը վերաբերում է այս դեպքում Հայաստանի` Գազպրոմի դուստր ձեռնարկությանը բաժնետոմսերի վաճառքի մասին: Իհարկե, պայմանագրում գրված է, որ կարող է վաճառել միայն փոխկապակցված, և 50 տոկոս ավելի բաժնեմաս ունենալու դեպքում, բայց չկա որևիցե խոչընդոտ, որ մեզ համար ոչ ցանկալի և մեր շահերին չհամընկնող շահեր ունեցող երկրին, որտեղ Գազպրոմը կարող է ունենալ 70 տոկոս բաժնետոմս և առանց որևէ խոչընդոտի ՀՀ-ի բաժնետոմսերը վաճառել այդ ընկերությանը, իսկ այնուհետև այնտեղի իր բաժնետոմսերը վաճառել մյուս գործընկերներին: Այս դեպքում կարող ենք ասել, որ օրինակ ՀՀ-ի համար կարող է ստեղծվի մի իրավիճակ, ենթադրենք, որ որևէ այլ պետության կազմակերպություն, նույնիսկ այս դեպքում Ադրբեջանի դուստր կազմակերպություն` Գազպրոմի հետ միասին ստեղծված, ձեռք բերի Հայաստանի և Հայռուսգազարդի 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը կամ ճնշող մեծամասնությունը: Եվ այդ պարագայում Հայռուսգազարդի ամբողջ ունեցվածքը, այդ թվում նաև հողային տարածքները, որոնք, ի դեպ, քիչ չեն անցնում, բնականաբար, այդ կազմակերպության տնօրինության տակ: Եվ այսքանից հետո խոսել Սահմանադրության համահունչ լինելու մասին, պարզապես հակապետական մոտեցում եմ համարում»:
Այն հարցին, որ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները և կուսակցությունները չեն կարողանում որևէ օրինագիծ անցկացնել, որը բխում է ժողովրդի շահերից, իսկ ՍԴ-ն հակասահմանադրական որոշումներ է կայացնում, այս դեպքում լուծումը այս ամենի ո՞րն է լինելու, ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր կուսակցությունները և առհասարակ հասարակությունը, երբ պետական մարմիններում անհնար է առաջ տանել հանրության շահերը, բանախոսը պատասխանեց. «Ցավոք սրտի, ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները թվով քիչ են, և դա հնարավորություն չի ստեղծում, որ մենք կարողանանք այն որոշումները, որոնք մենք համարում ենք ՀՀ-ի դեմ , կարողանանք զուտ իրավական առումով ընդդիմանալուց բացի նաև բերենք այնպիսի հանգուցալուծման, որ բխի Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից: Բայց այլ մեխանիզմ չկա այս պահին, և հենց դրա համար բոլորս պետք է փորձենք ավելի ընդլայնենք մեր հնարավորությունները և ինչու չէ` նաև հասարակական ճնշումները, և որպեսզի քաղաքական մեծամասնությունը, միգուցե նաև երբեմն չցանկանալով, ընդունի և հաշվի առնի այդ ցանկություններն ու որոշումները: Այդ առումով կարծում եմ, որ մենք՝ ընդդիմադիր պատգամավորներս դեռ չենք կարողացել հասնել այն մակարդակին, որ ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որի արդյունքում հնարավորություն չլինի նմանատիպ որոշումները ուղղակի դակել»,- շեշտեց պատգամավորը:
Դիանա Դավթյան