Հարցազրույց Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանի հետ
Ինչպե՞ս եք գնահատում Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը:
Պետական բարձրագույն մակարդակում կատարվել է դիվերսիա Հայաստանի ինքնիշխանության, ազգային շահերի և մեր ու գալիք սերունդների ապագայի նկատմամբ: Մեզ ինտեգրում են մի հետադիմական համակարգի, որ ոչ մի առաջադիմական առաջարկ չի պարունակում իր անդամների համար` ոչ դատական, ոչ տնտեսական, ոչ ժողովրդավարության և ոչ էլ մնացյալ ոլորտներում: Կատարվածի բոլոր հետևանքներն առավել ամբողջական կընկալվեն ապագայում, սակայն այս պահին իսկ պարզ են պատասխանատուները: Իրավիճակի առաջին պատասխանատուն ՀՀ գործող ադմինիստրացիան է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով հարմար գտավ ռուսական ճնշմանը դիմադրելու փոխարեն հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը` հանուն սեփական իշխանության երկարաձգման և ամրապնդման: Բացի ընդունված որոշման ուղղակի վնասներից` այն միջազգային հանրությանը վերջնականապես ցուցադրեց Հայաստանի ղեկավարության ողջ ավտորիտարիզմը. շուրջ 4 տարվա նախապատրաստական աշխատանքները Հայաստանի օրենսդրությունը եվրոպական ստանդարտներին համահունչ դարձնելու համար մի քանի րոպեում հավասարվեցին զրոյի: Եվ առավել քան հատկանշական է, որ Հայաստանի համար կարևորագույն որոշում ընդունելուց հետո Երևան վերադարձած նախագահը չփորձեց բացատրական խոսքով դիմել ՀՀ քաղաքացիներին. նախագահի աշխատակազմը բավարարվեց Սերժ Սարգսյանի մոսկովյան ճառի թարգմանությամբ, իսկ օրվա դարակազմիկ լուրը դարձավ նախագահի հրավիրած խորհրդակցությունը` նվիրված Սևանա լճի հիմնախնդիրներին:
Իրավիճակի երկրորդ պատասխանատուն, իմ համոզմամբ, Հայաստանի եվրոպական գործընկերներն էին, ովքեր քաջատեղյակ լինելով ռուսական հսկայածավալ ճնշումների մասին, մեզ չցուցաբերեցին անհրաժեշտ աջակցություն`փաստացիորեն թողնելով մենակ ռուսական բռունցքի հանդիման:
Սակայն նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է նախաստորագրել Ասոցիացման պայմանագիրը:
Ռուսական դիպուկ արտահայտությամբ` դա կոչվում է хорошая мина при плохой игре: Նույնիսկ տնտեսագիտությունից հեռու անձանց համար է պարզ, որ երկու տնտեսական համակարգերը չեն կարող միաժամանակ գործառնել: Հաշվի առնելով եվրոպական պաշտոնյաների բազմիցս արտահայտված աներկբա դիրքորոշումը երկու համակարգերի անհամատեղելիության վերաբերյալ` կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները ոչ այնքան նրբորեն փորձում են Հայաստանի եվրոպական զարգացման ֆիասկոյի պատասխանատվությունը դնել Եվրոպայի վրա: Նման հույսեր փայփայելը կամ միամտություն է, կամ դեմագոգիա: Առաջարկում եմ ինքնուրույն որոշել` այս դեպքում որ տարբերակն է հավանականը: