Lragir.am-ի զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ, հրապարակախոս Անուշ Սեդրակյանը:
Ի՞նչն է հանգեցրել այսօր եկեղեցու արատավորմանը:
Երբ խոսում ենք եկեղեցու արատավորման մասին, մենք նախ և առաջ պետք է դնենք ոչ թե այդպիսի բարոյական հարց, դա վերածննդի հարց է, մենք հիմա պետք է տանք ինքներս մեզ հետևյալ հարցը, որքանո՞վ է եկեղեցին իրականում կատարում իր գործառույթը: Երբ եկեղեցին և պետությունը սերտաճում են քրիստոնեական աշխարհիկ ժամանակակից հասարակության մեջ, այստեղ ակնհայտ է դառնում մի բան՝ թե՛ եկեղեցին չի կատարում իր իրական գործառույթը, թե՛ պետությունը չի կատարում իր իրական գործառույթը, և նրանք փոխադարձաբար սկսում են իրար կարիք զգալ, և որպեսզի ինչ-որ մի բան գլուխ բերեն, իսկ գլուխ բերած իրենց գործընթացը խիստ արատավոր գործընթաց է դառնում: Ես ուզում եմ ավելի մեղմ լինել, կա անմեղության կանխավարկած, ասել՝ միգուցե իրենք չեն էլ ցանկանում արատավոր լինել, բայց ուզած-չուզած, երբ որ դու գնում ես սխալ ուղով, սխալ գործառույթների սերտաճման ճանապարհով, արատավորման գործընթացն անխուսափելի է դառնում: Ի՞նչ խնդիր ունի եկեղեցին: Եկեղեցու և կրոնի գերագույն ֆունկցիան հանրության բարոյական ստանդարտները մաքուր և անխառն պահելն է.ա) սեփական օրինակով, երբ որ ցույց ես տալիս, որ գտնվում ես բարոյականության ստանդարտիզացիայի գերագույն սանդղակում,բ) այդ օրինակին մոտեցնում ես հասարակությանը: Ի՞նչ է անում պետությունը նորմալ երկրներում: Պետությունը զբաղված է արդյունավետ կառավարմամբ, սոցիալական ապահովությամբ, աշխատավարձների ու ֆիզիկական և առողջական անվտանգության ապահովմամբ և բազմաթիվ այլ գործառույթներով:
Ինչպե՞ս է տեղի ունեցել պետություն–եկեղեցի սերտաճումը և կրիմինալի ներթափանցումը:
Եկեղեցին ինքը թե իր վարքագծով, թե պահվածքով, թե ընդհանուր նիստուկացով նպաստում է հասարակության մեջ բարոյական ստնադարտի էլ ավելի անկմանը: Մենք ունենք առանձին հոգևորականներ, որոնք դրսևորում են վատ վերաբերմունք, և նրանց չի կարելի նույնացնել եկեղեցու հետ:Ես ասում եմ համաձայն եմ, իհարկե, որ յուրաքանչյուր հասարակության մեջ կարող են լինել առանձին հոգևորականներ, որոնք կարող են վատ վերաբերմունք դրսևորել: Բայց եթե բարձրաստիճան հոգևորականները ներգրավված են օֆշորային, կոռուպցիոն և այլ գործընթացների մեջ, ու՞ր է եկեղեցու դատապարտումն իր սեփական զավակաների, իր հոգևորականների նկատմամբ, ովքեր արատավորել են եկեղեցու պատիվը: Հայաստանը փոքր երկիր է, և մենք էլ ապրում ենք 21-րդ դարում, երբ ամեն քայլ նկարահանվում է, ամեն մի քայլ հայտնվում է յութուբում, երբ ամեն քայլ արտահոսում է մամուլ: Օրինակ, Ղրղզստանի մուֆթին մի հոլովակում էր հայտնվել, որտեղ նա սեռական ինչ-որ գործողություններ էր իրականացրել, եւ նա անմիջապես հրաժարական տվեց: Մեզ մոտ պայթում են կոռուպցիոն սկանդալներ, հայտնվում են ապահանրային սկանդալներ, և ընդհանրապես որևէ խնդիր չկա: Խնդիր չկա նաև պետության համար, այսինքն նույն վարքը դրսևորում է պետությունը, նույն կոռուպցիան, սեփական ժողովրդի անտեսումն իրականացնում է նաև իշխանությունը, մենք ունենում ենք ոչ թե եկեղեցու և պետության սերտաճում (եթե մենք ունենայինք պետություն-եկեղեցի սերտաճում, մեր եկեղեցին մեր պետության նման աղքատ կլիներ), մենք ունենում ենք եկեղեցու և իշխանության սերտաճում, ավելին՝ եկեղեցական վերնախավի և իշխանության սերտաճում:Եթե մենք խոսում ենք քրեաօլիգարխիկ պետության մասին, մենք նաև պիտի գումարենք քրեաօլիգարխա-ֆունդամենտալիստական պետության կոնցեպտը, որովհետև կրոնը և եկեղեցին հանդես են գալիս իբրև ճնշման գործիք: Եկեղեցին հանդես է գալիս որպես մենաշնորհ, երբ մենք դնում ենք էն հարցը, ինչպես եկեղեցականներից մեկն է հայտարարել՝ ով հայ առաքելական եկեղեցուն չի պատկանում, նա հայ չի: Այսինքն, երբ եկեղեցին որոշում է քաղաքացու ազգային կարգավիճակը, ինքն առաջինն է ոտնահարում քրիստոնեական ազատ խղճի և ազատ կողմոնորոշման սկզբունքը: Եկեղեցու շատ բարձրաստիճան հոգևորականների թվում է, որ աստվածաշունչը միայն իրենք են կարդում, բայց կան մարդիկ, ովքեր իրենցից ավելի հանգամանալից և ավելի մանրամասն են կարդացել և նայում են, որ մշակութաբանորեն կրոնը իրոք կարող է բան փոխել: Եթե մենք ունենանք Հռոմի Պապի նման հոգևորական, հավաստիացնում եմ ձեզ՝ Հայաստանը կապրի իրական վերածնունդ, որովհետև եկեղեցու դերը յուրաքանչյուր հայի համար շատ մեծ է, ի բնե ենթարկվում են այդ ստանդարտին: Եթե հենց այդ ստանդարտը ճիշտ դրվի, այսինքն երբ նոր տարին հոգևորականները դիմավորեն ոչ թե Դուբայում կամ արտասահմանում, այլ աղքատների հետ միասին նստեն սեղան, այսինքն դնեն խղճի և բարոյականության ստանդարտը, միգուցե Հայաստանում շատ բան փոխվի: Բայց ինչպես տեսնում եք՝ Հայաստանի և որևէ հոգևորական նման ցանկություն չի արտահայտում:
Ինչու՞ այսօր չենք տեսնում Հռոմի պապի նման հայտարարություներ և գործողություներ իրականացնող հոգևորականների:
Ես կավելացնեի նաև Ուկրաինայի Մայդանի դեպքերի ժամանակ բարձրաստիճան հոգևորական ֆիլարետի նման հոգևորականների, ովքեր կանգնեցին և ասացին, որ մարդն իրավունք ունի ազատ կողմնորոշման: Հռոմի պապը, Ֆիլարետը և մի շարք այլ հոգևորականներ մարդիկ են, ովքեր հասկացել են եկեղեցու դերը հոգևոր կրիստալիզացիայի, հոգևոր բարեփոխման խնդիրը: Երբ նրանք դուրս են գալիս փողոց եւ կոչ են անում պահանջել արդարություն, կոչ են անում պայքարել, ընդամենը քրիստոնեական հիմնարար պատվիրաններն են իրականացնում:Երբ որ ասում են անքննելի են Տիրոջ գործերը, բոլոր հայ հոգևորականներին թվում է, որ իրենք Տիրոջ անմիջական ժառանգորդներն են: Իրոք, Տիրոջ գործերն անքննելի են, բայց նրա սպասավորների գործերը լավ էլ քննելի են հասարակության կողմից:Հռոմի Պապը գրեթե արդեն սրբերի շարքին է դասվում մարդկանց կողմից, որովհետև նա վերականգնեց մարդկանց կորսված հավատն արդեն եղած ստանդարտների հանդեպ: Հռոմի պապը անում է հսկայական գործ, նրա հայտնվելուց հետո կաթոլիկ եկեղեցու հոտը կրկնապատվել է, մարդիկ վերադառնում են եկեղեցու մոտ, որովհետև նրանք տեսնում են, որ եկեղեցու առաջնորդը բացարձակ ունիկալ օրինակ է իր պահվածքով, առաքինությամբ և իր առաքելությամբ: Ես սպասում եմ և ակնկալում եմ, որ քանի որ հանրային մտքում տեղի է ունենում հեղափոխություն, փոփոխություն և տեղաշարժ, թեպետ եկեղեցին կարծրացած ինստիտուտ է, այնտեղ մի քիչ ուշ տեղի կունենա այդ հեղափոխական ընդվզումը, վերադարձը քրիստոնեկական հիմնարար արժեքներին:
Ինչու՞ է եկեղեցին սատարում հանքարդյուանբերական նախգծերին, օրհնում դրանք, մի՞թե չեն տեսնում այն ավերը, որը տեղի է ունենում հանքերի շահագործումից հետո, բնության թունավորումը, առողջապահական խնդիրները:
Ես չեմ կարող կոչ անել, որ եկեղեցին իր ուսերին վերցնի բնապահպան ֆունկցիան: Իր զավակների առողջության, հանքերի ճիշտ շահագործման, աշխատատեղերի անվտանգ ապահովման մասին պետք է մտածի պետությունը: Եթե պետությունն այդ ստանդարտները չի դնում և չի ապահովում, եկեղեցին կարող է և չօրհնել, ավելին՝ կարող էր և անիծել, բայց դրանից ինչ-որ բան փոխվելու՞ է, միևնույն է, այդ հանքը լինելու է: Իհարկե, իշխանության կողքին լինելը հաճելի է և հեշտ, բայց քրիստոնեական եկեղեցու հիմնական գործառույթը թշվառի, զրկվածի, անտունի մոտ լինելն է: Երբ դու օրհնում ես այդ տարածքը, շեղվում ես Աստծո սահմանած գործառույթից: Իհարկե, ես չէ, որպես շարքային քաղաքացի, որ պետք է եկեղեցուն փորձի վերադարձնել քրիստոնեության ակունքները, և ես դա համարում եմ անհամեստություն, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հիշեցնել, որ քրիստոնեությունը իրավամբ իր մեջ կրում է անհատական խղճի, անհատական խղճի դոմինանտի, մարդու կողմից սեփական անձը անընդհատ քննության ենթարկելու և անընդհատ դա բարձրագույն իդեալին հարմարացնելու ձգտում:Ես ինքս քրիստոնեությունը համարում եմ քաղաքակրթական, մշակութային խոշոր նվաճում, ամբողջ արևմտյան մշակույթը դա քրիստոնեական մտքի վերապրումն է անընդհատ, այսինքն մարդն անընդհատ վիճում է այդ քրիստոնեական մտքի հետ, նա վիճում է քրիստոնեության ընդհանուր իդեալի հետ:«Գոդոյին սպասելիս» աբսուրդի պիեսի մեջ էսպիսի մի դիալոգ կա.
– Դու բոբիկ ե՞ս քայլում…
– Այո ինչպես Քրիստոսը
– Ինչու ես քեզ համեմատում Քրիստոսի հետ…
-Ես միշտ եմ ինձ համեմատում Քրիստոսի հետ: Քրիստոսը մարդկային խղճի և մարդկային հոգու իդեալական մոդելն է, և իհարկե երբևէ մարդը չի հասնում դրան, բայց ճանապարհը բացահայտ է, մարդը ձգտում է ներքին կատարելագործման: Ես չեմ տեսնում մեր եկեղեցու քրիստոնեական ձգտումը դեպի ներքին կատարելագործում: Երբ չունես այդ ձգտումը, ինքդ քեզ հարցեր չես տալիս, դու խուսափում ես ինքդ քեզնից, իհարկե դու կխուսափես նաեւ ուրիշի հարցերից:Հայաստանում ճանաչում եմ հոգևորականներ, որոնք ունեն ամբողջ հոգևոր պոտենցիալը և մտավոր պատրաստվածությունը, բայց չունեն համապատասխան զոհողականություն, որովհետև իրենք հասկանում են, որ ով որ գնա այդ ինստիտուտի դեմ, այդ ճզմող մեքենայի դեմ, կհայտնվի զոհի դերում: Ես չեմ կարող մեղադրել մեր հոգևորականներին, որ իրենք իրենց վրա չեն վերցնում մարտիրոսի դերը: Միգուցե կհայտնվի ինչ-որ մեկը եւ իր վրա կվերցնի, դա կարելի է անել թավշյա կերպով, քայլ առ քայլ բարձրաձայնելով այն խնդիրները, ապահովելով այն նվիրումը, որ եկեղեցուն կտա մարդկային դեմք: Հիմա եկեղեցին ունի բյուրոկրատական դեմք, ինչպես և իշխանությունը:Շատ ցավալի է, երբ խիղճդ և ձեռքդ կաղապարի մեջ են, որովհետև թե՛ պետությունը, թե՛ եկեղեցին կաղապարի մեջ են:
Թեհմինե Ենոքյան