Tert.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, անդրադառնալով նոր կառավարությանը, նկատեց. «Ես կարծում եմ, որ ավելի կարևոր է, թե ինչ խնդիրներ են դրվելու նոր կառավարության առաջ. պետք է լինի այնպիսի կառավարություն, որը կարողանա դրանք լուծել: Եվ ոչ միայն իշխանության կողմից նման խնդիրներ պետք է դրվեն. հասարակությունը շատ կոնկրետ պատգամներ ունի և շատ կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Եվ հասարակությունը սպասում է այդ խնդիրների լուծմանը»:
– Պարոն Քոքոբելյան, երեկվա դրությամբ վարչապետի, այսպես ասած՝ հիմնական ֆավորիտ թեկնածուն համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում Գալուստ Սահակյանը ընդունելի է համարել: Ձեր համար՝ որպես ԱԴ-ն Ազգային ժողովում միայնակ ներկայացնող քաղաքական ուժի ղեկավարի…
– Քանի դեռ նշանակում չկա, ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, բայց խնդիրը ոչ թե անձերի մեջ պետք է լինի, այլ շատ կոնկրետ՝ խնդիրների հրապարակման և դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերի մասին: Մինչև այս պահը այդպիսիք՝ որևէ էական խնդրի մասին, որը պետք է բարձրացվի քաղաքական ուժերի կողմից, որոնք իշխանության համար պատասխանատվություն են կրում, մասնավորաբար, օրեցօր Հայաստանի մեկուսացման, ՀՀ քաղաքացիների արտագաղթի համար, ես չեմ տեսել:
– Ազգային համաձայնության կառավարություն…
– Ազգային համաձայնության կառավարություն և կոալիցիոն կառավարություն, այդ առումով տարբերություն չեմ տեսնում, քանի որ բովանդակային առումով կոալիցիոն կառավարություն է, և, բնականաբար, այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են մտնել կառավարություն, այդ մասին խոսում են: Եվ կարծում եմ, եթե լինի կոալիցիոն կառավարություն, դա կլինի կոալիցիոն կառավարություն այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կողմնակից են Մաքսային միությանը:
– Հնարավոր համարու՞մ եք, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ևս մտնեն այս կառավարություն:
– Այդ հարցին իրենք պետք է պատասխանեն, բայց նրանք պաշտպանում են այսօրվա այն մոտեցումները, որը պաշտպանում է գործող կոալիցիան և առաջին հերթին՝ Հանրապետական կուսակցությունը: Կառավարության մեջ գտնվել-չգտնվելը քիչ կարևոր է, կարևոր է, թե ով է պաշտպանում այդ կառավարությունը, որովհետև բոլոր նրանք, ովքեր կպաշտպանեն այդ կառավարությունը, դե ֆակտո կլինեն դրա համար պատասխանատվություն կրող քաղաքական ուժ:
-Պարոն Քոքոբելյան, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ նոր կաբինետում էական փոփոխություններ են լինելու, տրամաբանակա՞ն եք համարում, որ ողջ կաբինետը, բացի մի քանի հոգուց, հրաժարական տա:
-Ես կարծում եմ, որ ավելի կարևոր է, թե ինչ խնդիրներ են դրվելու նոր կառավարության առաջ, և պետք է լինի այնպիսի կառավարություն, որը կարողանա դրանք լուծել: Եվ ոչ միայն իշխանության կողմից նման խնդիրներ պետք է դրվեն. հասարակությունը շատ կոնկրետ պատգամներ ունի և շատ կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Եվ հասարակությունը սպասում է այդ խնդիրների լուծմանը:
– Կառավարության հրաժարականի Ձե՛ր վարկածը:
– Համարում եմ անհրաժեշտ քայլ, որը վաղուց հասունացած պրոցես էր, և բազմիցս ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ այն խնդիրները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը՝ կապված արտագաղթի և սոցիալ-տնտեսական վիճակի հետ, ինչու չէ՝ Հայաստանի միջազգային մեկուսացման հետ կապված, այդ կառավարությունը որևէ խնդիր չի լուծել: Հասունացած հրաժարական էր, և թիվ մեկ խնդիրը, որը պետք է կարողանա լուծել Հայաստանի նոր կառավարությունը, հանձինս վարչապետի, պետք է լինի արտագաղթի կասեցումը: Իսկ դրա համար անհրաժեշտ է տնտեսության շեշտակի աճ, քաղաքացին իր վրա ամեն օր պետք է զգա այդ փոփոխությունը: Եվ նոր կառավարությունը որպեսզի կարողանա պահպանել գոնե Հայաստանում մնացած քաղաքացիների ներկայությունը, պետք է կարողանա յուրաքանչյուր օր ՀՀ քաղաքացուն զգացնել տա այդ դրական փոփոխությունը: Բնականաբար, շատ ծանր խնդիրներ ենք ունենալու նաև Մաքսային միության անդամակցության հետ կապված: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, տեղն ու դերը միջազգային հանրության մեջ, երբևէ այսքան վատ չի եղել: Եվ եթե նոր կառավարությունը փորձի նախորդ իմիտացիաներով շարունակել, ցավոք սրտի դա ոչինչ չի տա, և կարճ ժամանակ հետո հասարակության համար պարզ կդառնա, որ որևիցե փոփոխության գնալու միտում այդ կառավարությունը չուներ: Հուսանք, որ այդպես չի լինի և անմեղության կանխավարկածից նաև ելնելով՝ սպասե՛նք նոր կառավարության ձևավորմանը:
-Խոսում եք նոր մարտահրավերների, դրանք հաղթահարելու ունակության մասին, իներցիայով չշարունակելու, մինչդեռ ԱԺ-ից ազդակներ են հասնում, որ հենց Հանրապետական խմբակցության ներսում ակտիվ գզվռտոց է նախարարական պորտֆելների, ի մասնավորի, Մշակույթի նախարարի տեղի համար: Այսինքն՝ մթնոլորտը նույնն է:
-Բնականաբար, միշտ իշխանության մեջ գզվռտոց է. քանի դեռ իշխանությունը դիտարկվում է միայն որպես հարստանալու միջոց, բառացիորեն այդ պրոցեսը կշարունակվի: Բայց հիմա այնպիսի վիճակ է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ իշխանությունը կոչված է առաջին հերթին հանրությանը ծառայելու, այլ ոչ թե նեղ խմբային շահեր սպասարկելու: