«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մեկն էր այն պատգամավորներից, ով այսօր դեմ քվեարկեց ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագիրը վավերացնելու նախագծին: Նա NewsBook-ի հետ զրույցում ասաց` թեև հեռու է այն մտքից, որ այս համաձայնագիրը որևէ դրական կողմ չունի, միևնույն է, գտնում է, որ համաձայնագրում շատ լղոզված ձևակերպումներ կան:
«Մասնավորապես, խոսքը վերաբերում է համաձայնագրի 6-րդ հոդվածին, ինչը խիստ հստակեցման կարիք ունի: Հստակ չէ, թե ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանութան հրամանատարությունը ո՞ր դեպքերում է ՀՕՊ ուժերը ղեկավարելու ուղիղ, այդ թվում` ոչ միայն հայկականը, քանի որ խնդիր կա` ընդհանուր ունեցածի հետ կապված: Պետք է հասկանալ, թե ի՞նչ հնարավորություններից ենք զրկվում և ի՞նչ ենք ձեռք բերում սրանով: Պնդել եմ ու պնդում եմ, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի համար անվտանգության համակարգ չէ, այլ լոկ փաստաթուղթ է` հայկական կողմի հնարավորություններից օգտվելու համար, և երբ ՌԴ-ն ցանկանում է, այն գործածում է: Նման ճակատագիր ունի նաև 1997 թվականի հայ-ռուսական պայմանագիրը, սահմանապահ զորքերի հետ կապված պայմանագիրը, որտեղ ռուսական կողմը որևէ պարտավորվածություն չունի»,- ասաց Քոքոբելյանը:
Վերջինիս դիտարկմամբ ՝ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրի տեքստում մատնանշված չեն ռուսական կողմի պարտավորությունները: Ըստ նրա՝ հստակեցված չէ նաև, թե ռուսական կողմը ՀՕՊ համակարգի ի՞նչ նոր տեխնիկա Հայաստան կբերի կամ ընդհանրապես կբերի՞: Քոքոբելյանը համոզված է, որ ՌԴ-ն ցանկանում է իր ռազմական ազդեցության ոլորտն ընդլայնել, իսկ Հայաստանը խսիտ հաշվարկների խնդիր ունի, որպեսզի չտուժի:
«Արդյոք սա չի՞ սահմանափակում Հայաստանի հնարավորությունները՝ մյուս կարևորագույն խաղացողների հետ կապված, այդ թվում նաև ՀՕՊ համակարգ զարգացնելու առումով: Այստեղ շատ նուրբ խնդիր կա մեր բարեկամ-հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ ևս, քանի որ չի կարելի նման համաձայնագրերը հիմնավորելիս խարսխվել միայն Թուրքիայի հետ եղած սահմանով և ենթադրյալ խնդիրներով և միայն իմիտացիայով ակնկալել օժանդակություն: Այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համարում է, որ ՌԴ-ն սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար, և այս պարագայում մենք չենք կարող խնդիրներ չունենալ այլ կառույցների հետ: Կարծում եմ՝ պետք է հրաժարվենք իմիտացիոն այն գործընթացներից, որոնք մեզ ռեալ հնարավորություններ չեն տալիս, բայց առաջացնում են սահմանափակումներ»,- ընդգծեց նա:
Պատգամավորը համակարծիք չէ այն մոտեցումներին, որ համաձայնագրով սահմանափակվում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ին օգնելու հարցը, սակայն անթույատրելի է համարում այն մոտեցումը, ըստ որի տարանջատում է մտցվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության համակարգերի միջև:
Քոքոբելյանը խոսեց նաև ՀՕՊ միասնական համակարգում պատերազմական և ոչ պատերզմական գործողություների հետ կապված հեղհեղուկ ձևակերպումների մասին և ընդգծեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք որևէ գործուն օգնություն ռուսական կողմից չստացանք, թեև ռուսական կողմը պայմանագրային պարտավորություներ ուներ Հայաստանի նկատմամբ:
«ԼՂՀ անվտնագության խնդիրը ուղղակի ՀՀ անվտանգության խնդիրն է, բայց ՀՀ-ի նկատմամբ պայմանագրային պարտավորություններ ունեցող ՌԴ-ն կրավորական կեցվածք ընդունեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Այսքանից հետո մեր իշխանությունները հայտարարում են, թե մտահոգություն են հայտնել՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ, բայց պայմանագրային պարտավարություններից ելնելով` պետք է պահանջեին, որ ՌԴ-ն դադարեցնի Ադրբեջանին զենք մատակարարել»,- շարունակեց Քոքոբելյանը:
Նա հիշեցրեց՝ ՊՆ փոխնախարար Արա Զաքարյանը հայտարարել է, որ այս համաձայնագրից զատ` պետք է լինեն նա գաղտնի փաստաթղթերի ստորագրումներ: Քոքոբելյանի համոզմամբ՝ այդ փաստաթղթերը, թեկուզ փակ ու գաղտնի կերպով, պետք է հաստատի նաև ԱԺ-ն, քանի որ այդ համաձայնագրերով կհստակեցվի՝ արդյո՞ք ունի ՌԴ-ն պարտավարություներ, թե՝ ոչ: «Համաձայնագրում սահմանված դրույթների մեջ որևէ հստակեցում չկա, և չկան հակառակ կողմի պարտավորություննները, ավելին՝ կան խիստ լղոզված ձևակերպումներ»,- եզրափակեց Քոքոբելյանը: