Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին: Նկատենք, որ այս խմբավորման վերաբերյալ քննարկումներ կային դեռևս օգոստոսին և 2016 թվականի սեպտեմբերի 6-ին Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցում էր ուղարկել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանին՝ պարզելու Հայաստանի Հարապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվելիք ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագրի նպատակն ու կարգավորման ոլորտը: Ստորև ներկայացնում ենք Խաչատուր Քոքոբելյանի հարցման և Սեյրան Օհանյանի պատասխանի տեքստերը ամբողջությամբ:
«Հարգելի պարոն Օհանյան,
Օգոստոսի 16-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների բանակցություններից հետո ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիր կնքել: Անտոնովը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը գտնվում է եզրափակիչ փուլում:
Մինչ այդ, հուլիսի 19-ից 22-ը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Համաձայն ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ պատվիրակությունը Երևան էր ժամանել երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:
Հաշվի առնելով վերոնշյալ տեղեկությունները՝ կցանկանայի պարզաբանում ստանալ հետևյալ հարցերի առնչությամբ.
- Ի՞նչ է իրենից ներկայացնում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, ի՞նչ գործառույթ է իրականացնելու զորքերի միացյալ խմբավորումը, որո՞նք են լինելու կողմերի լիազորություններն այդ խմբավորման շրջանակներում:
- Ե՞րբ է նախատեսվում ստորագրել ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, արդյո՞ք կան արդեն իսկ հստակեցված ժամկետներ:
Հարգանքով՝ Խաչատուր Քոքոբելյան
ՀՀ ԱԺ պատգամավոր»:
«Հարգելի պարոն Քոքոբելյան,
Ի պատասխան 06.09.2016թ. գրության՝ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի(ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի նպատակն է հակազդել ՀՀ և ՌԴ դեմ ուղղված զինված հարձակմանը(ագրեսիային), և նպատակաուղղված է համատեղ անվտանգության սպառնալիքներին և այլ մարտահրավերներին համարժեք արձագանքման գործնական միջոցներ ձեռնարկելուն, ՀՀ և ՌԴ բնակչության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Համաձայնագրին կից՝ Կանոնակարգով սահմանվում է ՀՀ Զու և ՌԴ ԶՈՒ զորքերի(ուժերի) միացյալ խմբավորման հիմնական խնդիրներն ու կառավարման կարգը:
Վերոնշյալ Համաձայնագրի և Կանոնակարգի նախագծերի ներպետական համաձայնեցման գործընթացները ՀՀ-ում ավարտվել են, և հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Համաձայնագրի ստորագրմանը: Սակայն նախագծերի հետ կապված նշված գործընթացները դեռևս ավարտված չեն Ռուսաստանի Դաշնությունում: ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների՝ ս.թ. օգոստոսի 16-ին Երևանում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում հստակեցվել է, որ համաձայնեցման վերջնական փուլում է գտնվում Համաձայնագրի շրջանակներում Կողմերի լիազորությունների հետ կապված հարցերը և առաջադրվող խնդիրների անվանացանկը: Ռուսաստանի Դաշնությունում ներպետական համաձայնեցման գործընթացն ավարտելու հետ վերոնշյալ նախագծերի տեքստերի վերջնական համաձայնեցման նպատակով կկայանա ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ներկայացուցիչների հանդիպում: Նշված հանդիպման արդյունքներով վերջնականապես կհստակեցվեն Միացյալ խմբավորման գործունեության նպատակը, խնդիրները և վերոնշյալ համաձայնագրի ստորագրման ժամկետները, որի հիման վրա սահմանված կարգով կապահովվի կնքվող համաձայնագրի հրապարակայնացումը:
Հարգանքով՝
Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյան»: