«Մեր գնահատմամբ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք ամենևին չկա, քանզի դա չէ մեր պետության համար մեկ խնդիրն ու հրամայականը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տիրող այսօրվա վիճակի պատճառը Սահմանադրությունը չէ: Արտագաղթի, աղքատության տեմպերի աճի, քաղաքական և տնտեսական դաշտում մրցակցության իսպառ բացակայության պատճառները պետք է փնտրել ոչ թե Սահմանադրության, այլ այսօրվա քաղաքական համակարգի մեջ»,- ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը` պատասխանելով Tert.am-ի հարցին, թե կո՞ղմ է, թե դեմ սահմանադրական փոփոխություններին Ազատ դեմոկրատներ կուսակցությունը:
Նա նկատեց, որ անգամ ամենալավ օրենքները առ ոչինչ են, եթե մնում են թղթի վրա և չեն գործում, իսկ այսօր Հայստանում օրենքները կիրառվում են կամայականորեն և եթե օրենքի առջև բոլորը հավասար չեն լինելու, ապա ցանկացած կատարյալ Սահմանադրություն չի կարող փոխել ներկայիս իրավիճակը:
Անժելա Խաչատրյանը նաև շեշտեց, որ կառավարման մոդելի ընտրությունից զատ, չափազանց կարևոր է, թե ինչ զարգացման մոդել ենք մենք ընտրում մեր պետության համար. «Իհարկե, կառավարման մոդելը կարևոր է, սակայն այն, թե աշխարհաքաղաքական որ համակարգում ես դու պատկերացնում քո պետության ապագան, թե ինչ քաղաքական մշակույթ ես ուզում ձևավորել քո երկրում` հետադիմակա՞ն, թե՞ համամարդկային արժեհամակարգի վրա խարսխված, սա ևս առաջնային հարց է և կարելի է ասել ՀՀ զարգացման կարևորագույն բաղադրիչն է»: