Ռուսաստանը գնալով տնտեսապես թուլանում է: Նման համոզմունք ունի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը. «Ռուսաստանը հաստատապես խնդիրներ ունի իր տնտեսության հետ:
Ռուսաստանի նման ռեսուրսաշատ երկրում պլանավորված էր 2013թ. ունենալ 4.5 տոկոս ընդհանուր համախառն արտադրանք, ընդամենը կարողացել են կեղծված ցուցանիշների արդյունքում ունենալ 2.5:
Մյուս կողմից էլ եկեք նայենք ռուսական ռուբլու արժեզրկումը, վալյուտայի անկումը չի կարողանում փրկել այդքան նավթ ունեցող երկիրը: Ռուսաստանը ի զորու չէ անգամ զարգացնել տեխնոլոգիան: Օրինակ` ռուսական արտադրության պլանշետը սև ու սպիտակ է և նախատեսված է դպրոցական երեխաների համար: Պարզապես ծիծաղելի է»,- վերլուծում է տիկին Սեդրակյանը:
Կուսակցության փոխնախագահը «Ա1+»-ի հետ զրույցում նաև խոսեց Հայաստանի անվտանգության խնդիրներից՝ մասնավորապես անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պասիվությանը Արցախյան հակամարտությունում. «ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներից մեկին մի առիթով հարց են տվել, թե Մաքսային միություն մտած և Ռուսաստանին բոլոր հավատարմության երդումները տված Հայաստանի սահմանին անհանգիստ է, մենք էլ ՀԱՊԿ-ի անդամ ենք, իսկ Ադրբեջանը` ոչ, չի՞ պատրաստվում արդյոք կառույցը միջամտել: Այդ ներկայացուցիչը պարզապես պատասխանել է, որ տեղյակ չէ:
Այսինքն` մենք ունենք այնպիսի սցենար, որ եթե մի օր Ադրբեջանը որոշի լուրջ դեմարշ ծրագրել Հայաստանի դեմ, հնարավոր է, որ ռուսական զորքերը, ասենք, երեք օր տեղյակ չլինեն: Իսկ դա արդեն լուրջ խնդիր է»,- ընդգծեց տիկին Սեդրակյանը: