ԱԺ անկախ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների հետ պայքարում է կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման դեմ, կարծում է, որ կառավարության այս քայլով երկրում կսրվի սոցիալական վիճակն ու կավելանան արտագաղթի ծավալները: Աղետալի կլինի, եթե արտագաղթեն այս օրերին բողոքի ակցիաներ անող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները:
Lragir.am-ի հետ զրույցում Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ կառավարությունը պետք է հաշվի առնի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների կարծիքը և ընդառաջի նրանց:
«Կառավարությունը պետք է հաշվի առնի, որ գործ ունենք այն զգայուն խավի հետ, որը դրսում միշտ կարողացել է ավելի հեշտ ճանապարհով ու բարձր աշխատավարձով աշխատանք գտնել: Այդ առումով պետք է կառավարությունը շատ զգույշ վարվեր»,- ասաց Քոքոբելյանը:
Ընդհանրապես կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը Խաչատուր Քոքոբելյանը մարդու իրավունքների ոտնահարում է համարում, քանի որ, նրա խոսքով, դա մարդու սեփականությունը տնօրինելու հարցի հետ է կապված:
«Սահմանադրության խախտում է տեղի ունենում, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ու համակարգի դեմ բողոքող ԱԺ պատգամավորներին Սահմանադրական դատարան դիմելու: Կարծում եմ, որ գոնե այս անգամ կառավարությունում պետք է խորը շունչ քաշեն և հաշվի նստեն այն իրողության հետ, այն գործընթացի հետ, որն այսօր է տեղի ունենում: Այս գործընթացը, որն իրենք են սկսել, մեղմ ասած, չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից: Ես դա համարում եմ լրացուցիչ գումարներ հավաքագրելու հնարավորություն, որից ուզում է օգտվել կառավարությունը»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի պահվածքին և ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելուն, Քոքոբելյանը նշեց, որ իշխանությունները խուսափեցին խնդրի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելուց, քանի որ ասելիք չունեն:
«Սակայն դա չի նշանակում, որ դա հնարավորություն է, որպեսզի վիժեցնեն այս գործընթացը: Զուտ խոսել մեծամասնության դիրքերից՝ թվաքանակի առումով, դա ճիշտ չեմ համարում, որովհետև ժողովրդավարության սկզբունքների դեմ ուղղված գործընթաց է դա, տապոռային քաղաքականություն»,- ասաց նա: