Ամանորին ընդառաջ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամոր Թեւան Պողոսյանը տհաճ անակնկալ մատուցեց հարազատ Ժառանգություն կուսակցությանը եւ որպես Նոր տարվա նվեր որոշեց Ազատ դեմոկրատներ կուսակցությանը խորհրդարանական մանդատ նվիրել` հայտարարելով, որ վայր է դնում մանդատը եւ պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն: Իսկ Ժառանգություն խմբակցության համամասնական ցուցակում հաջորդը, ով, խորհրդարան կանցնի Թ.Պողոսյանի փոխարեն, Ազատ դեմոկրատներ կուսակցության քարտուղար Մասիս Այվազյանն է, եւ այս թեման դարձավ ինչպես նախորդ տարվա վերջին, այնպես էլ նոր տարվա առաջին ամենաաղմկոտ թեմաներից մեկը: Այս մասին Իրավունքը զրուցեց Ազատ դեմոկրատներ կուսակցության մամուլի քարտուղար ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
-Թ.Պողոսյանի մանդատը վայր դնելուց հետո, ստացվում է, որ Ժառանգությու խմբակցությունում երեք Ազատ դեմոկրատ է մնում` հաշվի առնելով, որ Ալեքսանդր Արզումանյանը թեպետ դուրս է եկել Ազատ դեմոկրատներ կուսակցությունից, բայց էլի Ձեր ցուցակով է խորհրդարան անցել, իսկ խմբակցության ղեկավար Զ.Փոստանջյանը 5 ամսով մեկնելով ԱՄՆ` Ժառանգություն կուսակցությունից մնում է միայն Ռուբեն Հակոբյանը: Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է լուծվի խմբակցության ղեկավարի հարցը:
– Մենք հենց առաջին օրվանից, երբ պարոն Պողոսյանը ներկայացրել էր, թե հրաժարվելու է մանդատից, ասել ենք, որ գործելու ենք օրենքի սահմաններում: Այս պահի դրությամբ, թերեւս, մենք չենք շտապում որեւէ որոշում կայացնել կամ հայտարարություն անել, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, պատգամավորը ներկայացնում է դիմում` մանդատից հրաժարվելու վերաբերյալ, որը պետք է առաջին ԱԺ լիագումար նիստի ժամանակ ընթերցվի: Դրանից հետո պատգամավորին տրվում է եւս 15 օր ժամանակ, որպեսզի նա որոշի` արդյո±ք վերջնական որոշում է կայացրել հրաժարվել մանդատից, որովհետեւ շատ հնարավոր է, որ նա հետ կանգնի իր այդ որոշումից: Այնպես որ, հիմա պետք է փետրվարի 3-ին կայանալիք ԱԺ լիագումար նիստին հետեւենք, որի ժամանակ կընթերցվի պարոն Պողոսյանի դիմումը, հետո սպասենք 15 օր: Մեր կուսակցությունն ունի այն մոտեցումը, որ չենք շտապելու: Թող բոլոր գործընթացներն անցնեն իրենց իրավական անհրաժեշտ բոլոր փուլերը, դրանից հետո նոր կտեսնենք ինչ է լինելու:
– Ազատ դեմոկրատների հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչում, մասնավորապես նշելով, որ թեպետ Ժառանգության շնորհիվ են խորհրդարան անցել, սակայն հիմա իրենց մանդատը չեն ուզում զիջել Ժառանգություն կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանին:
– Մենք շատ թեթեւ եւ հանգիստ ենք նայում բոլոր մեղադրանքներին եւ բոլոր քննադատություններին: Իսկ դա Ժառանգություն կուսակցության կարծիքն է, եւ իրենք ունեն իրավունք` կարծիք հայտնելու: Մենք հավասարաչափ դաշինքի սկզբունքով կազմել ենք համամասնական ցուցակը`Ժառանգությունից եւ Ազատ դեմոկրատներից, խմբակցությունը պարզապես տեխնիկական առումով է եղել Ժառանգության անունով: Կարող եմ ասել ոչ պակաս, քան Ժառանգությունը, Ազատ դեմոկրատները մեծ ծավալով աշխատանք են իրականացրել խորհրդարանական քարոզարշավի ընթացքում, եւ մեծ ներդրում ենք ունեցել: Այնպես որ, մենք մեր ուժերի, մեր համակիրների շնորհիվ ենք անցել խորհրդարան, ոչ թե մեկ ուրիշ ուժի, թեպետ չէի ցանկանա շահարկել այդ ամենը: Ինչ վերաբերում է զիջելուն կամ չզիջելուն, ապա մենք ասել ենք ու ասում ենք` թող ժամանակ անցնի, թող գա այդ պահը, որ վերջնական կլինի պարոն Պողոսյանի որոշումը, եւ այդ ժամանակ կքննարկենք` ինչ է լինելու: Բայց կրկնում եմ` մենք գործելու ենք օրենքի սահմաններում` այնպես, ինչպես Աժ կանոնակարգ օրենքն է սահմանում, այնպես, ինչպես սահմանում է ընտրական օրենսգիրքը, այսինքն` գործելու է ցուցակի այն տրամաբանությունը, որը 2012-ին մենք ներկայացրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ