Ակնհայտ է, որ Ռուսաստանը նախկին խորհրդային հանրապետությունների հաշվին կհասնի իր ցանկալի արդյունքին՝ լուծելով միգրացիայի խնդիրը, քանի որ դա գերտերություններից միակ երկիրն է, որը ամեն տարի լքում է մեկ մլն մարդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքով՝ միգրացիայի հարցը ռուսաստանի համար կենսական է, եւ շատ ցավալի է, որ այդ խնդիրը, լուծվելու է նաեւ Հայաստանի հաշվին: «Գաղտնիք չէ, որ շատ ՀՀ քաղաքացիներ, ելնելով ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից եւ աշխատանքի բացակայությունից, սեփական կամքով ՌԴ քաղաքացիություն են ստանում: Մենք պարտավոր ենք չբողոքել ռուսական օրենքի դեմ, այլ պայմաններ ստեղծել Հայաստանում, որ մեր քաղաքացիները չլքեն երկիրը: Մենք պետք է Հայաստանն ավելի գրավիչ դարձնենք քաղաքացիների համար, որ նրանք չմեկնեն Ռուսաստան»,-ասել է Քոքոբելյանը:
Նա նշել է նաեւ, որ ժամանակին կողմ է եղել երկքաղաքացիության ներդրմանը, սակայն հիմա ակնհայտ է դարձել, որ երկքաղաքացիությունը Հայաստանի համար մի շարք խնդիրներ է ստեղծել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է քաղաքացիության մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որով ռուսալեզու հայրենակիցների համար պարզեցվում է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը: