Մեր հարցերին պատասխանում է անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ
-Խորհրդարանական մեծամասնությունն իրավացի չէ՞, ասելով, որ նույնականացման քարտերով քվեարկելու շուրջ բարձրացված աղմուկը արհեստական է, քանզի Ընտրական օրենսգիրքը ընդդիմադիր խմբակցություններին տալիս է բոլոր հնարավորությունները՝ հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչների, վստահված անձանց միջոցով վերահսկելու քվեարկության ընթացքը։
-Մենք խոսում ենք կրկնաքվեարկությունների մասին, որ տեղամասում 10, 30 վստահված անձ ունենալու դեպքում էլ հնարավոր չէ բացառել։ Դա մի խնդիր է, որը կապված է ընտրացուցակների՝ նույն քաղաքացուն տարբեր ցուցակներում ընդգրկելու հետ, եւ պետությունը պետք է լուծի այդ խնդիրը։
Ընդհանրապես ընտրական գործընթացի վերահսկողությունը նախ եւ առաջ պետության խնդիրն է՝ կեղծիքների մեքենայի դեմն առնելու պատասխանատվությունը չի կարելի բարդել ընդդիմության վրա։ Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ մաքուր եւ քաղաքացիներին վստահություն ներշնչող ընտրություններ անցկացնել, հատկապես երբ խոսքը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն հանրաքվեի արդյունքները՝ կհաղթե՞ն «Այո»-ի, թե՞ «Ոչ»-ի կողմնակիցները, չափազանց կարեւոր է, որ քաղաքացիները վստահ լինեն՝ իրենց ձայնը տեղ է հասել։
-Մատները թանաքոտելու տարբերակը լուծո՞ւմ է այդ խնդիրը։
-Բնականաբար ամբողջական լուծում չի տալիս, բայց տարբեր երկրներում այդ փորձը կիրառվել է, եւ որոշակի դրական արդյունք արձանագրվել է։
-Հարեւան Վրաստանի օրինակն այլ բան է հուշում։
-Վրաստանից շատ խոսվեց, բայց Վրաստանն այն երկիրն է, որտեղ ընտրությունների միջոցով երկու անգամ իշխանափոխություն է եղել։ Եթե սա դրական արդյունք չէ, ապա ի՞նչ է։
Համաձայն եմ՝ մատները թանաքոտելը ամենաքաղաքակիրթ մեթոդը չէ, բայց մենք, ցավոք, այն քաղաքակիրթ երկրների շարքում չենք, որտեղ ընտրական ինստիտուտը կայացած է։ Եվրոպական շատ երկրներում նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ չեն պահանջում՝ դա բոլորովին այլ մշակույթ է, որին դեռ պետք է հասնել։
Որեւէ մեկը չի ասում, թե նույնականացման քարտեր ունեցողները պոտենցիալ հանցագործներ են։ Իմ ընտանիքում էլ կան մարդիկ, որոնք պետք է քվեարկեն նույնականացման քարտերով՝ դրա՛ մասին չի խոսքը, բայց Հայաստանի ընտրական համակարգի ամենամեծ սպառնալիքն այսօր կրկնաքվեարկություններն են, շրջիկ խմբերը, որոնք ապահվում են ընտրությունների՝ իրենց համար ցանկալի արդյունքները, եւ կարող են լինել մարդիկ, որոնք կփորձեն օգտագործել այդ ռեսուրսը։
-Մեծամասնությունն ասում է՝ ընտրացուցակները զետեղված են ոստիկանության կայքում. խնդրեմ՝ ստուգեք, ի հայտ բերեք տարբեր ցուցակներում ընդգրկված անձանց եւ օգնեք իրավասու մարմիններին՝ կարգի բերելու այդ «տնտեսությունը»։
-Զուտ ֆիզիկապես անհնար է այսքան կարճ ժամանակահատվածում համադրել 2 միլիոն 600 հազար քաղաքացիների ցուցակները եւ մաքրել դրանք «ավելորդ անուններից»։ Այդ մասին մենք խոսել ենք նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ։
Լիլիթ Պողոսյան