ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը անթույլատրելի է համարում արտահերթ նիստի տապալումը, քանի որ դրա համար Հանրապետականները հիմքեր չունեին: Պատգամավորը նշեց, որ ԱԺ կանոնակարգում չկա «բոյկոտել» հասկացությունը: «Սա խիստ տնտեսական կենցաղային հարց էր, որը արդեն կդառնա քաղաքական խնդիր»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ինքը կողմնակից էր , որ այդ հարցը լուծում ստանար, ոչ թե այդչափ քաղաքականացվեր: Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ եթե կառավարության անդամները և մեծամասնությունը ասելիք ունեին, ապա չպետք է խուսափեին նիստից: Եթե ունեին փաստարկներ, կարող էին համոզել ընդդիմախոսներին, բայց պատգամավորը վստահ է, որ նրանք չունեին փաստարկներ: «Ես մինչև հիմա որևէ արգումենտ որևէ պատասխանատու պաշտոնյայի կողմից, որը դեմագոգիայի դաշտից դուրս է, չեմ լսել»,- ասաց նա:
Անդրադառնալով խնդրի էությանը, Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների խախտմանը, որովհետև աշխատավարձերի բարձրացումն ավելի ուշ է լինելու` հուլիսի 1-ից, քան օրենքի գործարկումը, որը նախատեսված է հունվարի 1-ից: Այդ համակարգի ներդրման արդյունքում, նվազագույն աշխատավարձով 18-ից մինչև թոշակային տարիք հասնող քաղաքացիները` հիմնականում գրադարանավարներ, արխիվավարներ, հանրային այլ մասնագիտացում ունեցող քաղաքացիները աշխատավարձերում մոտավորապես 9500 դրամով նվազեցում են ունենալու: Նաև ուղղակիորեն հարված է հասցվում այն շերտին, որոնք մաքուր կամ ինչպես ընդունված է ասել` սպիտակ աշխատավարձ են ստանում, դրանք են ծրագրավորողներ, բարձր տեխնոլոգիայի բնագավառի աշխատողներ և այլոք, որոնք բարեխիղճ հարկատուներ են:
Ըստ Խաչատուր Քոքոբելյանի, ծրագրավորողները այն մարդիկ են, որոնք ամենահեշտն են աշխատանք գտնելու դրսում, նաև այդ առումով պետությունը պետք է դողար նրանց համար: «Զրկվելով այդ խավից, զրկվում ենք մրցունակ ու ժամանակակից երկիր դառնալու հնարավորությունից: Զուտ հայրենասիրությունից դրդված չի կարող մարդը ապրել այս երկրում, եթե իր էլեմենտար ապրելու պահանջները չի կարողանում հոգա»,- ասաց պատգամավորը: