NewsBook-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
– Պարոն Քոքոբելյան, հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանի անդամակցության փաստաթուղթը: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:
– Նախագահի մակարդակով ստորագրվել է, բայց դեռ ազգային պառլամենտներում պետք է վավերացվի այդ փաստաթուղթն, այսինքն, փաստացիորեն, մենք դեռ ԵՏՄ անդամ չենք: Իհարկե, դա չի նշանակում, որ մեր խորհրդարանը, մասնավորապես շռնդալից մեծամասնությամբ, կողմ չի քվեարկելու, բայց եկեք հաշվի առնենք, որ հրաշքներ լինում են: Ես կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են պաշտպանել ԵՏՄ անդամակցությունը, ևս մեկ անգամ ծանր ու թեթև անեն և հասկանան` ի՞նչ է մեզ տալու ու ինչո՞ւմ է մեզ խանգարելու այդ միությունը:
ԵՏՄ-ի կողմնակիցները խոսում են երեք կարևոր բաղադրիչներից:
Առաջինը` անվտանգության բաղադրիչն է, որ ԵՏՄ-ի կողմնակիցները հույս են հայտնում, որ այդ միության անդամակցությամբ` անվտանգության բաղադրիչը կբարձրանա, բայց ասեմ, որ դա կենսունակ թեզ չէ, քանի որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցածը ցույց տվեց, որ ցավոք սրտի, ռազմական օժանդակություն Ռուսաստանից կամ այլ տեղից բացառվում է: ԵՏՄ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչպես ժողովուրդն է ասում` թանաքը չչորացած, Ռուսաստանի պաշտպանության նախարարը շտապեց Ադրբեջան` ռազմական համագործակցության պայմանգիր կնքելու, որը նախատեսում է նաև սպայական կազմի ուսուցանում: Մի հռետորական հարց` Ադրբեջանի բանակի սպայական կազմի պատրաստվածության բարձրացումը ո՞ւմ դեմ է ուղղված և ընդհանրապես, ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանի բանակը: Բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի թիրախը Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն է: Չպետք է մոռանալ, որ շռնդալից կերպով Ռուսաստանը վերազինում է և զենք վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին: Այս իրավիճակում խոսել անվտանգության բաղադրիչի մասին, իմ կարծիքով, անհեթեթություն է:
Երկրորդ կետով շրջանառվում է տնտեսական շահը: Եթե հիշում եք կառավարության ներկայացուցիչներն ասում էին, որ նոր շուկա դուրս գալու հնարավորություններ ենք ստանալու: Ասեմ, որ այս խոսակցություններն առոչինչ են, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ռուսական ռուբլու հետ և ռուսական տնտեսության հետ, չի կարող նոր տնտեսական հեռանկարներ բացել Հայաստանի համար:
Երրորդ կետով խոսվում է կապիտալի ներդրման մասին: Ուզում եմ, բոլորիդ վստահեցնել, որ Ռուսաստանի տնտեսության այս ծանր պայմանները հնարավորություն չեն տալու Հայաստանում նոր ներդրումներ անել, և Հայաստանում այն խոշոր մենաշնորհային կարգավիճակով գործող ձեռնարկությունները, իրենց խնայողություններով ոչ թե ներդրում են անելու Հայաստանում, այլ ստիպված են լինելու տեղափոխել:
Կա մի շատ էական խնդիր, որի մասին չեն ցանկանում խոսել: Դա այն է, որ ԵՏՄ-ի անդամակցությունն ուղղակի հակասում է մեր Սահմանադրությանը, որովհետև մեր Սահմանադրությունը պարզապես արգելելու է, որ վերազգային որևիցե կառույցի որոշումը պարտադիր լինի Հայաստանի Հանրապետության համար: ԵՏՄ-ն ունի տնտեսական կոմիտե, որի որոշումները պարտադիր են անդամ երկրների համար: Կուզենամ հիշատակել մեր Անկախության Հռչակագիրը, որում սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա իր մաքսակետերը, ունենա իր բանկային համակարգը, իր դրամը: Շատերն առանց ամաչելու ասում են, որ պետք է այլևս չխոսել հռչակագրից, քանի որ արդեն Սահմանադրություն կա, բայց ուզում եմ բոլորին հիշեցնել, որ հռչակագիրը դա այն գլխավոր փաստաթուղթն է եղել, որից բխելով` մենք կառուցել ենք մեր պետությունը:
– Հոկտեմբերի 10-ին Եռյակի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ևս մեկ անգամ կրկնեց, որ ԵՏՄ անդամակցությունն անշրջելի փաստ է: Ինչպե՞ս եք վերաբերվում Առաջին նախագահի այս պնդմանը:
– Ես այն կարծիքին եմ, որ ԵՏՄ-ն Պուտինյան ռեժիմի կառույց է և այդ ռեժիմի հետ էլ ավարտվելու է:
Հարցազրույցը` Նաիրա Հարությունյանի