Հարցազրույց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ:
Ռուսաստանը միմիայն մահակի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, որովհետև թխվածքաբլիթը բացակայում է -Դեռևս այս տարվա հունիսին մամուլի ասուլիսին որոշ կանխատեսելի դիտարկումներ էիք արել, մասնավորապես, եվրաասոցացման պայմանագրի, Եվրասիական միությանը՝ Հայաստանի անդամակցության մասին: Ասուլիսին նշեցիք, որ Եվրասիական միությանը միանալիս Հայաստանը ձայն չի ունենալու, և որ Ռուսաստանն անընդհատ խփելու է Հայաստանի գլխին: Ասացիք նաև, որ Ռուսաստանը «մահակի և թխվածքաբլիթի» քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ: Հիմա ի՞նչ իրավիճակ է, ինչպե՞ս եք դիտարկում ստեղծված իրավիճակը:
-Ասուլիսին ասացի, որ եթե այլ երկրները վարում են «մահակի և թխվածքաբլիթի» քաղաքականություն, ապա Ռուսաստանը միմիայն մահակի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, որովհետև թխվածքաբլիթը բացակայում է: Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը տնտեսական գրավչություն չի կարող ներկայացնել որևէ երկրի համար, և փորձում է խոսել ուժեղ երկրների հետ գայթակղության լեզվով: Դրա արսենալը շատ սահմանափակ է իր մոտ: Ընդհանրապես, կա 2 տիպի կախում՝ աշխարհագրական, ֆիզիկական կախում և հոգեբանական կախում: Հայաստանի պետության կախվածությունը ես ավելի շատ անվանում եմ հոգեբանական կախում: Դա այն կախումն է, որ կուլտիվացվում է դարերով՝ որևէ հիմք, հիմնավորում չունենալով: Մենք ուղղակի մանիպուլյատիվ տեխնիկաների զոհն ենք տվյալ պարագայում: Ինչ վերաբերում է թխվածքաբլիթին, ուզում եմ հարց տալ՝ ո՞րն է այդ թխվածքաբլիթը: Ռուսաստանն ուներ թխվածքաբլիթների մի լայն տեսականի՝ գազի իջեցումն էր, որը չեղավ, «Սմերչ»-ի չվաճառելն էր Ադրբեջանին, որը կրկին չեղավ, վերջիվերջո, երկաթուղու վերանորոգումն էր, որի վրա Ռուսաստանը պլանավորում էր ներդրում կատարել, իսկ հետո հայտարարեց, որ այդ ներդրումը հակասում է իր տնտեսական շահերին: Շատ լավ է, որ Ռուսաստանը գիտի իր տնտեսական շահը, և շատ վատ է, որ Հայաստանը չգիտի իր տնտեսական շահը, որովհետև եթե երկիրը չի պատրաստվում ներդրում կատարել քո տնտեսության մեջ, նշանակում է՝ նա քեզ օգտագործում է, ընդ որում՝ օգտագործում է ամենաբռի կերպով՝ չվճարելով դրա համար: Իսկ գիտե՞ք, թե այդ օգտագործումն ինչպես է անվանվում, ուղղակի չեմ ուզում դրա կոպիտ ձևակերպումը տալ: Եվ վերջին ակորդը՝ Հրաչ Հարությունյանի խափանման միջոցը չեն փոխում, որը ապացուցում է, որ Ռուսաստանը Հայաստանից կորզեց այդ խոստումը՝ անմիջապես անցնելով ուժային մեթոդների: Ես միշտ ասում եմ՝ ռուսական սցենարն ավելի վատ ու այլանդակ արձագանքվում է Հայաստանի ներսում: Ռուսաստանն արտաքին բոլոր լծակներով ստորացրեց Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունները տասնապատկված այդ ստորացումը շարունակեցին տարածել ժողովրդի վրա՝ Սուրեն Խաչատրյանի որդու ազատումն էր, հայտարարությունը, որ միևնույնն է՝ տրանսպորտի գները պիտի բարձրանան, նոր եկած գազի և էլեկտրաէներգիայի սակագների ավելացումն է: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ եվրաաինտեգրացիա-Մաքսային միության պայքարի մեջ ամենացավալի գործոնը հենց հոգեբանական ստորացման գործոնն է, որովհետև երբ դու մարդուն չես կարող բացատրել որևէ տնտեսական նպատակահարմարություն մի պարզ պատճառով, որ այդ նպատակահարմարությունը չկա և չի կարող լինել, դու ստիպված կիրառում ես պատժամիջոցների համակարգ: Վերստին ուզում եմ հաստատել մի միտք, որ ինձ թվում է՝ անպայման կիրականանա: Պատժամիջոցների համակարգ կարող են գործարկել այն երկրները, որոնք նստած են նավթահորերի վրա: Հայաստանի պես փոքր պետությունը արտագաղթի նման տեմպերով պատժամիջոցների համակարգը շուտով կսպառի, որովհետև եղած մարդիկ էլ ուղղակի կզզվեն և կգնան: Այդ ժամանակ Հայաստանն ընդհանրապես դուրս կգա միջազգային վարկանիշի և պետականության ռեյտինգի բոլոր նորմերից: Սա ո՞ւմ է ձեռնտու: Սա ձեռնտու չէ Հայաստանի ժողովրդին, որովհետև ինչքան մենք սփյուռքահայ գիտակցություն ունենանք, այսինքն՝ սփյուռքում ապրելու միտում ունենք, միևնույնն է՝ այս տարիների ընթացքում մենք հասկացել ենք, որ մարդը կայանում է միայն իր պետության շրջանակների ներսում: Նկատել եմ, որ շատ խելացի, ժամանակակից մարդիկ գնացել են սփյուռք, նույնիսկ շատ առաջադեմ սփյուռք, որտեղ սկսել են ապրել Եղեռնի պատմական օրակարգերով, որովհետև պետական օրակարգը զգում ես քո պետության ներսում, իսկ դրսում կորցնում ես դրա իրատեսական պատկերացումը: Եվրամիություն-Մաքսային միություն պայքարում արևմտյան սփյուռքից որևէ հոդաբաշխ խոսք չեղավ: Տեսեք՝ Արա Աբրահամյանն իր անհոդաբաշխ խոսքերով ինչ-որ կարծիք հայտնեց, բայց արևմտյան սփյուռքից հակառակ կարծիք չեղավ:
-Օրինակ, սփյուռքի ո՞ր հատվածից էիք սպասում:
-Օրինակ, սպասում եմ ամերիկյան, ֆրանսիական սփյուռքից: Եղան հատվածական ակցիաներ, բայց չեղավ կոլեկտիվ հայտարարություն:
-Ինչո՞ւ:
-Կարծում եմ՝ պատճառն այն է, ինչ ասացի սկզբում: Սփյուռքահայությունը դադարում է ապրել պետական օրակարգով, չի զգում պետության պուլսը, և ոչ այն պատճառով, որ հանցավոր կամ վատն է, այլ որովհետև պետության պուլսը զգում է միայն ներսում ապրող քաղաքացին: Քիչ են մնում այն մարդկանցից, ովքեր պատրաստ են մտահոգվել պետության ճակատագրով: Իշխանություններին միաշնանակ բացառում եմ մտահոգվողների ցուցակից, որովհետև յուրաքանչյուր մտահոգվող, եթե այդ տան տիկինը կամ տան տղամարդը հաշվարկում է ընտանիքի բյուջեն, գիտի՝ որն ինչին պիտի ծառայեցնի, և այդ հաշվարկները թափանցիկ հրապարակում է: Եթե իշխանությունները բոլոր հաշվարկները պահում են յոթ վարագույրի հետևում, նշանակում է՝ այդ բյուջեն յուրացվում է, դրան ուրիշ բացատրություն չի կարող լինել, և որևէ այլ հիմնավորում չի եղել: Վաղուց կարելի էր լուծել իրանական գազի հարցը, ալտերնատիվ կապի խնդիրը: Վերջիվերջո, ռուսական հազար ռազմաբազա էլ լիներ, կարելի էր լուծել ալտերնատիվ ռազմաբազայի հարցը, այսինքն՝ կարելի էր իրականանցել միջոցառումների մի շարք, որոնք ունեն պետական նշանակություն: Սակայն միջոցառումների այդ շարքը չի արվել, և նշանակում է՝ պետությունը չի գտնվում պետական հոգածության ներքո: Դա անկհայտ է, ինչը համարում եմ մեծապես վտանգավոր միտում, որովհետև եթե պետությունն արհամարհված է, իշխանություններն ինչպիսի նյութական վիճակում էլ լինեն, ինչ բառեր էլ արտասանեն նրանց հարող պրոպագանդայի բանակը, պետության արհամարհանքն առաջինը զգում է քաղաքացին, և առաջինը դրան ռեակցիա է տալիս, որովհետև հավատացնում եմ Ձեզ, պետական արժանապատվությունը կօգներ հաղթահարել շատ-շատ խոչընդոտներ, պետական արժանապատվության հերթական հատվածը բոլոր խոչընդոտները տասնապատկում է, սրում է, և իշխանությունները պետք է հիշեն, որ նաև սրում է հանրային ատելությունը, իսկ այդ ատելության միջավայրում դժվար է գոյատևել:
3,5 տարվա թատրոնը թատրոն էլ չէր
-Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հանկարծ նման հայտարարություն արեց սեպտեմբերի 3-ին: Ժամանակային իմաստով պատահականությո՞ւն էր: Սեպտեմբերին երկրի անկախության տոնն է:
-Չեմ կարծում, թե ինչ-որ աստղագուշական բաներով գտել են, որ դա ամենաբարձրն է: Ինձ հետաքրքում է մի բան՝ սեպտեմբերի 21-ին լինելու է անկախության տոնի առթիվ ընդունելությունը, և հետաքրքիր է, թե ովքեր են գնալու այդ ընդունելությանը: Բնականաբար, իշխանական ներկայացուցիչները գնալու են, բայց ունենք նաև մտավորականներ, կուսակցություններ, և հետաքրքիր է՝ արդյո՞ք գնալու են, ունենալո՞ւ են այնքան քաջություն, որ գոնե լռելյայն բողոք արտահայտեն անկախության տոնից առաջ անկախությանը հարված հասցնելուն, կկարողանա՞ն կրել արժանապատվությունն իրենց մեջ: Ինքնիշխան երկրի սուվերենությունը մի մարդու որոշելիքը չէ, նույնիսկ ռեֆերենդումի որոշելիքը չէ: Դա պետք է լինի հրապարակված, հանրայնացված, պարզաբանված փաստաթղթերի մինիմում վեցամսյա հրապարակային քննարկման արդյունք: Այդ հարցի շուրջ պետք է հրապարակված լինի մինիմում հազարավոր փորձագետների կարծիք, բայց հիմա չկա գոնե մի փորձագիտական կարծիք: Այնպիսի տխմարություններ են երևում մամուլում, հայկական, նաև ռուսական կայքերում, որ անհարմար եմ զգում, նույնիսկ ուզում եմ պատերազմ հայտարարել ոչ ադեկվատ ինֆորմացիային, որ համացանցում տարածվում է:
-Խոսքն ի՞նչ նյութերի մասին է:
-Օրինակ, մեջբերեմ՝ Եգիպտոսը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը, որն ինտեսիվ տարածվում էր համացանցում, երբ ասացի, որ դա քաղաքական տգիտության ապացույցն է: Երկրորդը՝ Հնդկաստանը պատրաստվում է միանալ Մաքսային միությանը, որը հերթական խայտառակությունն էր, կամ Վրաստանը պատրաստվում է միանալ Մաքսային միությանը: Սա՝ այն պարագայում, երբ բոլոր երկրների ղեկավարները տառ-տառ հիմնավորում էին, թե ինչու ձեռնտու չէ իրենց գնալ Մաքսային միություն: Իսկ Մաքսային միություն գնալ ձեռնտու չէ նույնիսկ Բելառուսին, որը հրահրել է «Ուրալկալի»-ի սկանդալը, որպեսզի Մաքսային միության չկայացած միավորից ժամ առաջ ճողոպրի, և դա ակնհայտ է: Պատկերացնո՞ւմ եք՝ Մաքսային միություն, որին չեն միանում Ուկրաինան, Մոլդովան, և դրանով հանդերձ՝ կանգնում ենք այն փաստի առաջ, որ Մաքսային միությունը աշխարհագրորեն կտրտված, ռուբլու գոտու մեջ ձախողված է (պատկերացնո՞ւմ եք՝ այդ երեք սահմանային երկրների վալյուտան ի՞նչ իմաստ կունենա փոխել միասնական վալյուտայով, դա անիմաստ գործառույթ է: Ռուսաստանը միայն կտուժի այդ կոնվերտացիայի վրա, որովհետև գումար պետք է ներդնի բանկային համակարգի մեջ, արդյո՞ք ձեռնտու կլինի իրեն): Մաքսային միության կազմավորումը հոգեբանական հրաշալի բացատրություն ունի: Ռուսաստանը դեմոգրաֆորեն կործանվում է, որտեղ մնացել է այնքան բնակչություն, ինչքան Ճապոնիայում: Աշխարհի ռեսուրսների չափաբաժնի վրա նստած երկիրը արտադրում է «Լադա-Կալինա», այսինքն՝ չի կարող արտադրել մի կարգին մեքենա, ի տարբերություն Չինաստանի, չի կարող արտադրել մի կարգին համակարգիչ:
-Այսինքն՝ Մաքսային միության ստեղծումը փրկությո՞ւն է Ռուսաստանի համար:
-Մաքսային միությունը բլեֆ է: Մաքսային միության ստեղծումը ոչ թե փրկություն է, այլ՝ բլեֆ, որով Ռուսաստանը ներկայանում է աշխարհին և մի շարք անտեղյակներին՝ ցույց տալու, թե նույնպիսի տնտեսական գերտերություն է, որքան, ասենք, Եվրոպական միությունը: Ես հարց եմ տվել՝ եթե Եվրոպական միությունը հիմնված է եվրոպական արժեքների վրա, ինչի՞ վրա է հիմնված Մաքսային միությունը՝ մաքսայի՞ն արժեքների վրա է հիմնված, ղազախակա՞ն, ղրղզակա՞ն, տաջիկակա՞ն արժեքների: Եթե դու ինտերգրվում ես այն երկրի հետ, որտեղ առողջապահական ստանդարտը շատ ավելի բարձր է, քան քոնը, դու շանս ունես այդ ստանդարտը բարձրացնել գոնե կիսով չափ: Եթե դու ինտեգրվում ես մի երկրի հետ, օրինակ, Տաջիկստանը, որտեղ ներկա պահին բուբոնային վարակ է գրանցվել, անվերապահորեն կունենաս բուբոնային ժանտախտ: Դա անխուսափելի է: Քաղաքական նպատակահարմությունը հետևյալն է՝ դու մասնակցում ես ռուսական բլեֆին առանց կոպեկի: Քեզ նույնիսկ չեն վճարում այդ բլեֆին մասնակցության համար, ստանում ես Ուկրաինայի և Վրաստանի արհամարհանքը, կորցնում ես միջազգային վարկանիշը, որովհետև եվրաասոցացման հանձնաժողովի անդամները հո չե՞ն ասում՝ ինչո՞ւ չես ինտեգրվում, ասում են՝ ինչի՞ համար էր այս 3,5 տարվա թատրոնը:
-Իսկ ինչի՞ համար էր այդ 3,5 տարվա թատրոնը:
-Այդ 3,5 տարվա թատրոնը թատրոն էլ չէր: Այսպիսի մի ասացվածք կա. ասում են՝ կատվի վազքը մինչև մարագ է: Սպասում էին, թե Ռուսաստանն ինչ աստիճանի համարձակություն կունենա շանտաժային գործիքներ կիրառելու: Կարծես նորություն էր, որ Ռուսաստանը երբևէ որևէ բարոյական և սկզբունքային սահմանափակում չի ունեցել շանտաժային և սպառնալիքային ռեսուրս կիրառելու մեջ: Դա ռուսական իմպերիայի առանձնահատկությունն է: Ի դեպ, ստրատեգիական դաշնակիցներին հանձնելը նույնպես ռուսական իմպերիայի առանձնահատկությունն է. շարք ասեմ՝ Սերբիա, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, այսինքն՝ դա տենդենց է: Այն բոլոր միամիտներին, որոնց թվում է, թե ռուսական ռազմաբազաները, ռուս զինվորները, ՀԱՊԿ-ի զորքերը կռվելու են Հայաստանի անվտանգության համար, դա նույնիսկ միֆալոգիա չէ, այլ պրիմիտիվ քաղաքական զառանցանք, որը կցրվի: Ափսոս, որ այդ զառանցանքի ցրումն էլ պետության ֆիզիկական կործանումն է: Այսինքն՝ ի՞նչ պիտի անենք՝ սպասենք ինչ-որ մեկը հարձակվի մեզ վրա, հետո տեսնենք, որ ոչ մեկը չի միջամտում մեզ փրկելու համար, և համոզվենք, որ հերթական անգամ խաբվե՞լ ենք: Այդ նախադեպն ունեցել ենք 1915 թ., դրանից առաջ էլ ենք ունեցել: Ինչքա՞ն կարելի է նույն նախադեպը տարբեր վարիացիաներով կրկնել:
-Իսկ Ձեր կարծիքով՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարո՞ղ էր փրկել Հայաստանին ստեղծված իրավիճակից:
-Վստահ եմ, որ Հայաստանը պետք է չմիանա Եվրամիությանը, դա մեզ պետք չէ, մեզ ուղղակի պետք է չափանիշ: Այսինքն՝ արդար դատարանը, առողջապահական ստանդարտը, ուտելիքի սպառողական զանգվածի մինիմումը չափանիշներ են: Երբ ասում են՝ հոմոսեքսուալությունը նույնպես չափանիշ է, ուզում եմ հիշեցնել մարդկանց, որ դատարանը պետական ինստիտուտ է, տնտեսական ցուցանիշը պետական ցուցանիշ է, իսկ հոմոսեքսալիզմը պետական համաձայնագրերի հետ կապ չունի, դա կենսաբանական ցուցանիշ է: Մարդիկ շփոթում են պետական ինստիտուտը և մարդու անձնական կողմնորոշումը: Այն աստիճանի քաղաքական տգիտություն ունենք, որ չենք հասկանում՝ ի՞նչ ասել է պետական ինստիտուտ, ի՞նչ ասել է մարդու անհատական կողմնորոշումը: Այդ երկուսը խառնում են իրար հետ: Ահա այդ որակով է ընթանում պրոպագանդան, հասկացությունների ահա այդ աստիճանի նենգափոխման և տգետ ընկալման վրա է հիմնավորվում հակաարևմտյան պրոպագանդան: Հիմա էլ նոր մոլուցք է՝ ԱՄՆ-ն հարձակվել է Սիրիայի վրա: Հասկանում եմ, որ դա ռեգիոնալ պայթյունավտանգ իրավիճակ է, և, իրոք, գերտերությունները փորձում են լուծել այդ հարցը, բայց չգիտեի, որ հայերը ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ են, այլ սիրիամետ են: Պարզվում է՝ Հայաստանի պրոպագանդայի թիվ 1 խնդիրը Սիրիայի վիճակն է: Իսկ այն, որ Հայաստանում սպիտակ ժանտախտ է՝ արտագաղթի, սպառողական գների շեշտակի բարձրացման ձևով, խնդիր չէ: Զարմանում եմ, թե մեր պետական պրոպագանդայի մեքենան ոնց է կարողանում աշխատել այդպես տգետ:
Միջազգային ատյան չես կարող դիմել, որովհետև կասեն, որ ստաժավոր ստախոս ես
-Ի՞նչ գին կվճարի Հայաստանը:
-Բոլոր հնարավոր գներն արդեն վճարված են: Ինքնիշխանության գինն արդեն վճարվել է, միջազգային վարկանիշի գինն արդեն վճարվել է, տնտեսական ծաղրի (գազի գնից մինչև երկաթուղի տնտեսական ծաղր է) գինն արդեն վճարվել է, էլ ի՞նչ գին պիտի վճարվի: Ղարաբաղի գնի մասի՞ն են խոսում: Եթե խոսում ենք Ղարաբաղի գնի մասին, տեղեկացնեմ, որ ես ղարաբաղցի եմ, մայրական կողմս եղել է բնիկ շուշեցի, և որևէ մեկը հանկարծ թող չփորձի Ղարաբաղի հայրենասիրական գործիքը խաղացնել: Ղարաբաղցիները հիանալի հասկանում են, որ ոչ մի օտար ուժ երաշխիք չէ պետական անվտանգության: Եթե վաղը Ռուսաստանը Ղարաբաղը ցանկանա հանձնել Ադրբեջնաի հետ տնտեսական գործարքով, ի՞նչ հակաերաշխիք ունենք: Ո՞ւմ կարող ենք դիմել: Միջազգային ատյան չես կարող դիմել, որովհետև կասեն, որ ստաժավոր ստախոս ես:
-Փակուղի՞ է ստեղծվել:
-Սա, իրոք, շատ հանցավոր փակուղի է: Պատմությունն է դատելու: Մարդկային դատից հնարավոր է խուսափել, բայց պատմության դատից դեռ որևէ մեկը չի խուսափել:
-Ելք տեսնո՞ւմ եք այս իրավիճակից:
-Չեմ ուզում ծայրահեղ հոռետես լինենք, որովհետև մարդը քանի դեռ ապրում է, ունի գործելու դաշտ, պետք է անի դա: Արդեն 10 տարի կրկնում եմ սա, որ միակ ճանապարհն այն է, որ պետք է վերացնել պրոպագանդիստական և ինֆորմացիոն տգիտությունը, որովհետև հայ ժողովրդի ուղիղ 80 %-ը ռեալ գտնվում է ապապետական մտածողության շրջանակներում: Եթե ժողովուրդն ունենար այդ պետական մտածողությունը (իսկ դա ինքն իրեն չի ձևավորվում, վերևից են ձևավորում), պատկերն այլ կլիներ: Հիմա պետք է փորձենք արագացված կերպով լրացնել դա, և գուցե փոխվի գեոպոլիտիկ վիճակը: Հիմա քաղաքական կանխատեսում եմ անում. ֆիկտիվ կկայանա Մաքսային միությունը և չի գործի, Հայաստանը կմտնի այնտեղ, բայց կրկին ֆիկտիվ:
-Այդ դեպքում ի՞նչ կկորցնենք եվրոպական կառույցներում:
-Ամեն ինչն էլ կկորցնենք: Արդեն փակվել է «Թվինինգ» ծրագիրը, եվրոպական ֆինանսավորում չի լինելու և այդպես շարունակ: Միգուցե ուշքի գան այն ժամանակ, երբ Հայաստանի բյուջեն սկսի ճեղքվել այն աստիճան, որ սկսի վնասել մեր իշխանության շորթած սեփականության ռեսուրսները: Դեռ տարբերակներ կան:
Տառացիորեն ասել են, որ պատերազմ կհրահրեն ռեգիոնում
-Լավատե՞ս եք:
-Լավատես չեմ, ուղղակի պրագմատիկ եմ: Եթե պետությունը պետք է պահպանվի, սա շատ լուրջ քրիստոնեական բուֆեր է՝ ներառյալ նաև Ղարաբաղը, այսպես ասած, մահմեդական գոտում, ուրեմն, ջանքեր կգործադրեն, իսկ մեր ամենակարևոր խնդիրը քաղաքական և քաղաքացիական տգիտությունը վերացնելն է և պայքարելը դրա դեմ: Այդքան բան:
-Ձեր կարծիքով՝ ճնշումներ եղա՞ն Սերժ Սարգսյանի վրա:
-Կարծում եմ՝ եղան, բայց գիտե՞ք ինչ որակի ճնշումներ են, ոչ թե ասում են, որ չենք պաշտպանի, այլ տառացիորեն ասել են, որ պատերազմ կհրահրեն ռեգիոնում:
-Այսինքն՝ անվտանգության խնդի՞ր էր դրված:
-Անվտանգություն չէ, եթե հիմա-վաղը Ռուսաստանը որոշի, որ Հայաստանի պետական լեզուն ռուսերենն է, մենք չհամաձայնենք, նա նույն ձևով կարող է հրահրել այդ պատերազմը: Մաքսային միության շրջանակներում ճնշումը հավիտենական ճնշում է: Երբ սատանային հոգիդ վաճառում ես, նա բավարարվում է ոչ միայն հոգով, այլև լրացուցիչ երաշխիքներով: Քանի որ արտասահմանյան գրականության մասնագետ եմ, ուզում եմ մի զուգահեռ բերել. ամբողջ ռուսական գրականությունը մարդու խղճի ցավագին ճիչ է: Դոստոևսկին ճչում է, Չեխովը ճչում է, և ոչ ոք չի հասկանում, թե ինչու է այդ գրականությունն այդքան մեծ. մշակույթը քավում է իր պետության հանցավոր մեղքերը:Այ դա է ամբողջ խնդիրը: