«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պատահական չի համարում ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու գովեստի խոսքերը՝ ուղղված Ադրբեջանին և նրա ղեկավարությանը, որը, ի դեպ 180 աստիճանով տարբերվում է իր նախորդ հայտարարություններից։ Tert.am-ի հետ զրույցում Քոքոբելյանը հուշում է՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանի հետ զենքի բացահայտ առևտրից հետո չեզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունները և ԵՏՄ տանող ճանապարհը վեր է ածվել ֆարսի՝ ուղղակի անհեթեթություն է։ Իսկ այլընտրանքի հնարավորություն ըստ նրա՝ ՀՀ-ն ունի, որը որպես լրջագույն լծակ միշտ անտեսվում է։
-Պարո՛ն Քոքոբելյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանին սիրաշահելու քաղաքականություն է վարում, և դա պայմանավորում են ՌԴ-ի՝ Ադրբեջանին ևս ԵՏՄ ներքաշելու փորձով։ Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի մասին գովեստի խոսքեր ասելու՝ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը՝ հաշվի առնելով այն, նախկինում նա 180 աստիճան տարբերվող տեսակետներ է արտահայտել։
– Բազմիցս նշել ենք, որ Ռուսաստանը զենքի առևտուր է անում Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ չէ և որի սպառազինությունն ակնհայտորեն ուղղված է Հայաստանի դեմ՝ մի երկրի, որը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։ Այսինքն՝ ակնհայտ իրողություն է այսուհետ, որ Ռուսաստան-Հայաստան ռազմավարական հարաբերությունները վեր են ածվել ֆարսի և ակնհայտ է, որ տևական ժամանակ է՝ Ռուսաստանը պարզապես հաշվի չի առնում Հայաստանի թե՛ ռազմաքաղաքական, և թե՛ տնտեսական շահը և առաջնորդվում է որպես գերտերություն՝ բացառապես իր շահերով։ Դրանից պետք չէ շատ զարմանալ, ուղղակի ՀՀ քաղաքական ուժերը պետք է շատ վաղուց իրենց համար հետևություն արած լինեին, այլ ոչ թե փորձեին ՌԴ-ի կողմից արված ցանկացած գործողության արդարացում գտնել ավելի մեծ ջանասիրությամբ, քան ՌԴ պետական գործիչներն են դա անում։ Արժե հետևություններ անել և հասկանալ, թե ինչպիսի վտանգավոր հանգուցալուծման կարող է բերել այս ամենը։ Ես զարմանում եմ, որ մինչև այս պահը որոշ քաղաքական գործիչներ պնդում են և չեն ուզում հասկանալ, որ անգամ ԵՏՄ անդամակցության ձգձգումը կապված է Ռուսաստան-Ադրբեջան քաղաքական առևտրով։ Ինչ վերաբերում է Ժիրինովսկու երեկվա հայտարարությանը, ապա ովքեր շատ թե քիչ ծանոթ են ռուսական թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականությանը, ապա կիմանան, որ Ժիրինովսկին արտահայտում է պետության կողմից որդեգրված այնպիսի մոտեցումներ, որոնք ավելի սուր կարող են ընկալվել: Այդ իսկ պատճառով այդ խնդիրները առաջինը բարձրաձայնում են Ժիրինովսկին կամ ժիրինովսկիատիպ քաղաքական գործիչները՝ հանրության ռեակցիան ստուգելու համար, որից հետո նոր իրականացվում է պետական քաղաքականությունը։ Այդ առումով, իհարկե դա խիստ մտահոգիչ է և ես գտնում եմ, որ առավել ևս մեր իշխանությունները և ԱԳՆ-ն պետք է Ռուսաստանից հավուր պատշաճի բացատրություններ պահանջեին ՌԴ նման գործելաոճի համար և պետք է ՀՀ իշխանությունները օր առաջ հասնեն այն հանգուցալուծմանը, որ ՌԴ-ն դադարեցնի Ադրբեջանի զինման պրոցեսը։
-Ասացիք, որ մեր իշխանություններն ամեն կերպ փորձում էին ՌԴ-ի կողմից ցանկացած գործողության արդարացում գտնել։ Նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե մտահոգված ենք, որ մեր դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում, որին հաջորդեց արդեն նաև վարչապետ Աբրահամյանի և արդեն մյուսների նույնանման պնդումները, Ձեզ չե՞ն հուշում, որ իշխանությունները կարևորել են խնդրի էությունը և Ռուսաստանին հիշեցնում են ստանձնած պարտավորությունների մասին։
-Ես առիթ ունեցել եմ այդ հարցին անդրադառնալ և նշել եմ, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որպես ՀՀ նախագահ, իհարկե, անհրաժեշտ էր, բայց ուշացած: Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ իշխանությունները, այդ թվում և վարչապետը, ոչ թե պետք է բավարարվեն միայն հայտարարություններով, այլ պետք է կարողանան հասնեն նրան, որ պահանջեն Ռուսաստանից դադարեցնել ռազմավարական գործընկերոջը ոչ հարիր պահվածքը։ ՀՀ արտգործնախարարությունը պարտավոր էր մինչև այս պահը՝ հատկապես Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, բառացիորեն նոտա հղեր Ռուսաստանին և կարողանար հասնել նրան, որ Ռուսաստանը հրապարակավ հանդես գա և դադարեցնի Ադրբեջանի սպառազինումը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն այսօր իր զենքի ծավալների 80%-ը ձեռք է բերում Ռուսաստանից, իսկ երկրորդ հորիզոնականում Բելառուսն է, և ավելորդ է հիշեցնել, թե ինչ դեր ունեն Բելառուսը և Ռուսաստանը ԵՏՄ-ում և այսքանից հետո չեզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունները և ԵՏՄ տանող գործընթացը վեր է ածվում ֆարսի, դա ուղղակի անհեթեթություն է։
-Իսկ Ադրբեջանի և Ռուսաստանի այս սիրախաղերն ինչքանո՞վ են Արևմուտքի շահերին համահունչ։
-Արևմուտքի շահերին համահունչ չեն, բայց դա այլ խնդիր է. մենք առաջին հերթին պետք է հասկանանք, թե որ երկրներն ու գերտերություններ են, որոնց այդ հարաբերությունների նմանատիպ զարգացումը՝ սկսած զինելուց, ձեռնտու չէ և կարողանանք օգտագործենք նաև այդ լծակը:
-Իսկ դուք նման զինումը պայմանավորո՞ւմ եք պատերազմ հրահրելով, այսինքն՝ վտանգ կա՞ պատերազմի։
-Վտանգը երբեք չենք կարող բացառել, բայց այս պահին սպառնացող վտանգ դեռևս չեմ տեսնում, բարեբախտաբար, և կարծում եմ, որ Ադրբեջան-Ռուսաստան այս հարաբերություններն ավելի շուտ քաղաքական պրոյեկտ է, որի նպատակն է Ադրբեջանին տանել դեպի ԵՏՄ, որն իմ կարծիքով տվյալ պահին չի բխում ՀՀ շահից։
-Իսկ առևտրի առարկան ո՞րն է, Լեռնային Ղարաբաղը՞։
-Բնականաբար, Ադրբեջանի համար գերկարևոր է Ղարաբաղի խնդիրը, և այլևս բացահայտ ադրբեջանական մամուլում ականատես ենք լինում այն պնդումներին, իհարկե, փորձագիտական մակարդակներով, որը միևնույնն է վերածվում է պետական քաղաքականության, որտեղ ազերները առաջ են քաշում պայման, որ եթե Ռուսաստանը կարող է ապահովել գոնե երկու շրջանի վերադարձ, ապա Ադրբեջանը կքննարկի ԵՏՄ անդամակցության խնդիրը։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ ունենալով իր ակնհայտ շահը, հասկանում է, որ ԼՂ իշխանությունները և պաշտպանական բանակը ամբողջությամբ վերահսկում են ԼՂՀ սահմանները և առկա հավասարակշռության խախտումը կարող է տարածաշրջանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որից հետո Հայաստանում ռուսական բազաների անհրաժեշտությունը ընդհանրապես չի լինի:
-Իսկ այդ դեպքում ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանն Ադրբեջանին, եթե ոչ Ղարաբաղը։
-Ռուսաստանը Ադրբեջանին ակնհայտ առաջարկ է անում և չի կարելի այլևս ասել, որ դա փակ թեմա է, առաջինը սկսենք նրանից, որ Ադրբեջանին վաճառում է բացառապես հարձակողական սպառազինություն և դրանից մեծ աջակցություն Ադրբեջանի համար ուղղակի գոյություն չունի։
-Իսկ Հայաստանն այս պարագայում այլընտրանքի հնարավորություն ունի՞։
-Բոլորն էլ հաստատում են, որ ՀՀ-ի մինչև այս պահը վարած քաղաքականությունը և բառացիորեն բոլոր ուղղությունները տանում են դեպի Ռուսաստան՝ սկսած ներքին տնտեսական հզորություններից և այնպիսի կարևորագույն նշանակության օբյեկտներից, ինչպիսիք կապն է, էլեկտրացանցերը, գազը, նաև երկաթգիծը և այլն, որն անհեռատես քաղաքականության արդյունք էր։ Փաստը մնում է փաստ, որ այնպիսի իրավիճակում, ինչպիսին ՀՀ-ն է, բացարձակապես անընդունելի է և անթույլատրելի է վարել այնպիսի քաղաքականություն, որ կախված լինի մեկ գերտերությունից՝ տվյալ պարագայում Ռուսաստանից։ Միջազգային հարթակներում, դժբախտաբար, արդեն փաստ է, որ Հայաստանն ինքնուրույն խաղացող չէ, ինչն էլ նվազեցնում է մեր հնարավորությունները բոլոր խնդիրների լուծման առումով, և ակնհայտ խոչընդոտ է նաև ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։
-Իսկ այդ դեպքում սեղանի շուրջ նստելով ի՞նչ կարող է ԵՏՄ անդամներին առաջարկել Հայաստանը, որը կարող է հետաքրքրել կողմերին և որպես լծակ օգտագործել վիճակը հավասարակշռելու համար։
-Միայն առաջարկելը չէ, կան առաջարկություններ, որոնք բացառման առումով պետք է գործեն։ Հայաստանը Ռուսաստանի վրա ունի շատ լրջագույն լծակ, որը միշտ անտեսվում է, և, կարծես թե, մեր իշխանությունները ցույց են տալիս, որ այդպես էլ պետք է լինի։ Հայաստանում են գտնվում ռուսական ռազմաբազաները և Ռուսաստանը պետք է հետևություն անի, որ տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ իր ռազմաբազաները ներկայացված են, այդ թվում նաև ՆԱՏՕ-Ռուսաստան սահման է սա՝ ի դեմս Թուրքիայի սահմանի, և պետք է այդտեղից հստակ հետևություն անի Ռուսաստանը, որ շարունակելով նման գործելաոճը այլևս չի կարող համարվել ռազմավարական դաշնակից և այդ դեպքում զորամիավորումները Հայաստանում ուղղակիորեն անելիք չունեն։
-Պարո՛ն Քոքոբելյան, բայց նույն ռուսական զորքի անելիք չունենալը մեզ համար սպառնալիք չէ՞ Թուրքիայի կողմից եկող վտանգի առումով։ Արդեն իսկ խոսում են, որ ռուսական զորքերի մի մասը դուրս է բերվել հայ-թուրքական սահմանից։
-Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը և հատկապես մեր քաղաքական գործիչները սթափ գնահատեն իրավիճակը՝ կատարելով անհրաժեշտ հետևություններ, և որոշ շրջանակներ չծառայեն ռուսական որոշ կենտրոններից առաջ քաշած հակահայկական տեսլականներին։ Բացառվում է, որ Ռուսաստանը առանց որևիցե լուրջ պայմանավորվածությունների և լուրջ ռազմաքաղաքական առևտրի արդյունքում առաջացած պայմանների Հայաստանից իր ռազմաբազաները հանի, դա ուղղակի անհնարին է, և դա օգտագործվում է ներքին տրամադրություններ ստեղծելու համար, որպեսզի ցույց տրվի, թե ՀՀ բնակիչների անվտանգությունն իրենից է կախված, ինչն էլ բացարձակապես անհեթեթություն է։