«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքի ձեւաչափով և նման հարց կուսակցությունում չի քննարկվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայելի մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունում դեռեւս չի քննարկվել ապրիլին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում դաշինք կազմելու հարցը: «Մենք այժմ բանակցություններ եւ քննարկումներ ենք անցկացնում այն կուսակցությունների հետ, որոնք կիսում են մեր գաղափարախոսությունը եւ գտնվում են միեւնույն գաղափարական հարթակում: Մեր նպատակն է լայն կոնսոլիդացված ցուցակ կազմելը, որի հիմքում կլինեն մեր սկզբունքները եւ գաղափարները»,- նշեց Անժելա Խաչատրյանը՝ շարունակելով, որ կուսակցության համար անընդունելի է հանուն միավորման միավորումը:
«Մեզ համար ընդունելի է, երբ կուսակցությունների միջեւ դաշինք է ստեղծվում սկզբունքային եւ գաղափարախոսական հենքի վրա»,- ամփոփեց Անժելա Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։