Հարցազրույց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ:
Տիկի՛ն Սեդրակյան, Հայաստանում այժմ, տնտեսական և սոցիալական գործոնով պայմանավորված, հանրային դժգության կայուն ծավալ կա: Ընդ որում, ստեղծված իրավիճակից դժգոհ են և՛ գործարարները, և՛ օլիգարխները, և՛ գործազուրկները, և՛ աշխատողները, քանի որ ցածր են վարձատրվում: Ստացվում է, որ և՛ փող ունեցողն է դժգոհ, և՛ չունեցողը: Ի՞նչն է այս իրավիճակի պատճառը:
Սա նշանակում է , որ գործարարները և աշխատող մարդիկ այլևս հոգնել են միաժամանակ երկու բեռ կրելուց, ստվերային տնտեսության և իրական տնտեսության բեռը: Պետբյուջեն սահմանում է հարկեր, որը պարտադիր է բոլորի համար, բայց կա նաև ստվերային սեկտոր, որը իր հարկային պարտավորությունները կատարում է բյուջետային վճարումների և այլ վճարումների տեսքով: Սա այն գործարար շերտն է, որի մոտ կարող են հայտնաբերվել տարբեր տեսակի հարկային թերություններ, հաշվետվությունների բացակայություններ և այլ խախտումներ: Բոլոր այդպիսի դեպքերում առաջանում է ֆինանսական ճեղքվածք, որը փորձ է արվում փակել կոռուպցիայի միջոցով: Սա նշանակում է մի բան, որ առաջնահերթ կարգով կառավարման տնտեսական համակարգը պետք է արմատապես փոխել, նույնիսկ շատ ավելի շուտ, քան մնացած ոլորտները՝ իրավականը, ժողովրդավարականը և սոցիալականը, որովհետև այդ բոլորի հիմքում տնտեսականն է ընկած: Հայաստանի քաղաքական համակարգի ամենախոշոր մինուսները բխում են տնտեսական ասպեկտից:
Տպավորություն կա՝ իշխանական քարոզչամեքենան ևս հաճախ կատարում է նման շեշտադրումներ, թե մեր բոլոր դժբախտությունների պատճառը մեծահարուստներն են կամ, այսպես կոչված, օլիգարխները: Դա այդպե՞ս է:
Ո՛չ, մեր դժբախտությունների պատճառը ոչ թե մեծահարուստներն են, այլ
սեափականության անարդյունավետ մենեջմեմնտը, որի արդյունքում մենք ունենք եկամուտների անհամաչափ և սխալ բաշխում: Յուրաքանչյուր սեփականություն դա սեփականատիրոջ անքակտելի և սահմանադրական իրավունքն է: Բայց զարգացած երկրներում, որտեղ շուկան ազատ է և մրցակցային, եթե սեփականատերը իր սեփականությամբ բարօրություն չի բերում հասարակությանը, ապա նա ինքնաբերաբար դադարում է սեփականատեր լինելուց: Դուք տեսեք, թե այդպիսի հասարակությունները ինչպիսի նախանձախնդրությամբ են վերսկսում հարկային քաղաքականության թափանցիկությունն ու հավասարությունը: Նման երկրներում մշտապես պայթում են հարկային սկանդալներ՝ տարբեր նույնիսկ շատ հայտնի մարդկանց գործունեության հետ կապված: Շատ-շատերը կալանքի են ենթարկվում հարկային քաղաքականությանը չենթարկվելու համար: Այս ամնեն արվում է, որպեսզի բոլորը հասկանան 3 կարևոր բան՝արդյունավետ տնտեսությունն հիմնվում է բացարձակ հաշվետվողականության վրա, երկրորդ՝ ազատ մրցակցություն, երրորդ՝ զարգացումն ու տեխնիկական վերազինումն է: Իսկ ինչ է կատարվում մեզ մոտ. առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման համար սահմանված են մենաշնորհներ, և գները օր օրի բարձրանում են:
Մենք ունենք մի քանի հանրահայտ անուններ՝ Սամվել Ալեքսանյան, Ռուբեն Հյարապետյան, Գագիկ Ծառուկյան, այս կարգի ևս մի քանի հոգի, ովքեր համարվում են օլիգարխիայի և մենաշնորհների սիմվոլները՝ դրանց բոլոր բացասական հետևանքներով: Ո՞րն է նրանց մեղքը, նրանք մեղավոր են, որ կարողացել են մենատեր կամ օլիգարխ դառնալ:
Նրանց տարիներ շարունակ հնարավորություն է տրվել ունենալ մի այնպիսի ստատուս, որը նրանց ապահովել է լիարժեք վստահություն, որ իրենք հասարակությանը կարող են որևէ հաշվետվություն չներկայացնել: Ես վստահ եմ, որ այդ օլիգարխները իշխանությանը հաշվետվություն, ընդ որում, բավական մանրամասն, ներկայացնում են: Այստեղ ճեղքվածք կա նաև անձնային մակարդակում, որովհետև Հայաստանի օլիգարխների կողմից բացահայտ արհամարհանք կա հանրության հանդեպ, իսկ դա վաղ թե ուշ կհանգեցնի հանրության դժգոհությանը և ընդվզմանը: Ես կարծում եմ, որ քաղաքացիական հանրությունը կհասունանա այն աստիճանի, որ կպահանջի բացարձակ հաշվետվություն թե՛ պետական գնումների արդյունավետության, թե՛ օտարերկրյա ներդրումների ու վարկերի և թե՛ օլիգարխիկ համակարգի առումով: Այս պարագայում արդեն մարդկային պահվածքը կդառնա ածանցյալ, ոչ գերակա գործոն: Կայացվածության և կրթվածության զգացում ունեցող մարդիկ, որպես կանոն, չեն կենտրոնանում ուրիշի ունեցվածքի վրա. դա առավել հատուկ է այն մարդկանց, ովքեր սեփական բարեկեցությունն ապահովելու հնարավորությունից զրկված են: Իսկ Հայաստանում շատ-շատ են մարդիկ, ովքեր զրկված են բարեկեցություն ստեղծելու բոլոր ազնիվ լծակներից: Ես հիշում եմ՝ հայտնի եվրոպական սկանդալներից մեկի ժամանակ բոլորը պաստառներ էին պարզել, որոնց վրա գրված էին. <<Բանկերը խոչընդոտում են մեր հարստանալու իրավունքը>>: Բոլոր մարդիկ իրավունք ունեն հարստանալու և արժանապատիվ ապրելու: Դա միանշանակ է: Կարճ ասած՝ տնտեսական քաղաքականությունից է բխում դեմոկրատիան, քաղաքացիական հասարակությունը, մնացած ամեն ինչը:
Հետխորհրդային երկրների համար, կարծում եմ, հետաքրքիր նախատիպ է Բերեզովսկին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, նրա ողբերգությունը:
Հովանավորչությամբ ստեղծված կապիտալը օրերից մի օր դառնում է պրոբլեմ այդ կապիտալը տնօրինողի համար: Եվ այդ կանոնը հրաշալի գործեց Բերեզովսկու պարագայում: Փորձեք պատկերացնել հակառակը. եթե Բերեզովսկու կապիտալը ստեղծված լիներ առանց պետական միջամտության և հովանավորչության, նա կարող էր շահել բոլոր հնարավոր միջազգային դատերը և հաղթած դուրս գալ: Բայց, ինչպես տեսնում ենք, կեղտոտ կապիտալի վերջը սա է: Եվ սա պետք է դաս լինի բոլոր օլիգարխների, այդ թվում նաև հայերի համար:
Մաքուր կապիտալ ասվածը հարաբերական է. ասում են՝ գոնե առաջին միլիոնը, որպս կանոն, կեղտոտ է լինում: Եթե Բերեզովսկու՝այդ երբեմնի հզոր ռուսաստանցի օլիգարխի նախադեպը իսկապես սպառնում է բոլոր հետխորհրդային երկրների մագնատներին, ապա սա նշանակո՞ւմ է, որ հայ օլիգարխները պետք է հավերժ փայփայեն իշխանությանը և երբեք չփորձեն ըմբոստանալ և դուրս գալ իշխանության դեմ, քանի որ նրանց կապիտալի մաքրությունը խիստ կասկածելի է:
Դե, իհարկե, դա այդպես էլ կա. բոլորը մեծ հաջողությամբ հենց այդպես էլ անում են: Ես չեմ հիշում որևէ օլիգարխի, որը դեմ է գնացել իշխանությանը:
Հզորությամբ երկրորդ խորհրդարանական ուժի ղեկավարը օլիգարխ է: Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը ԲՀԿ-ն եթե ոչ ընդդիմություն, ապա առնվազն այլընտրանք է:
Այլընտրանքային քաղաքական ուժ՝ հռչակելով չեն դառնում, գործելով են դառնում: Եթե ուշադիր հետևեք բոլորի գործերին, ապա կտեսնեք, որ ռեալ տնտեսական լծակներ ունեցող մարդկանցից և ոչ մեկը ընդդիմադիր հոսանքներում չկա:
Խաչատուր Սուքիասյանը ժամանակին նման փորձ արեց:
Այո՛, արեց և անմիջապես կորցրեց այդ տնտեսական լծակների մի մասը:
Ձեր կարծիքով՝ Ազատության հրապարակում գտնվող զանգվածի առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ի զորո՞ւ է լուծել այն խնդիրները, որոնց մասին Դուք խոսեցիք:
Այդ խնդիրը որևէ մեկը ի զորու չէ լուծել: Մեխանիզմների թափանցիկությունը պետք է պահանջենք բոլորս: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ պետությունը լիովին հաշվետու է իրեն: Մեզ մոտ ընկալումը այլ է. բոլորին թվում է, որ պետությունը դոնոր է, որը պետք է բոլորին օրվա հաց տա դայակի պես: Մինչդեռ պետությունն ընդամենը մեխանիզմ է, որը պետք է ճշգրիտ կարգավորի մեր՝ քաղաքացիներիս մուծած հարկերը:
Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան երկխոսությունը:
Երկուսն էլ հանդուրժողականության կոչերով են հանդես գալիս. դա դրական է:
Իսկ ինչո՞վ կավարտվի նրանց նամակագրությունը՝ Ձեր կարծիքով:
Այս պահին նման կանխատեսում անելը, կարծում եմ, խիստ անշնորհակալ գործ է:
Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի