Մեր զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ, հրապարակախոս Անուշ Սեդրակյանը:
Հետընտրական գործընթացների ամենակարևոր ձեռքբերումը համարում եք գործընթացների հրապարակային դառնալը, որ հանրությունը կարողանում է վերահսկել գործընթացը և կարծիքներ արտահայտել: Ըստ Ձեզ՝ սա հենց այն բա՞ցն էր, որ պակասում էր նախորդ բոլոր շարժումներին:
Թեև չեմ ուզում որևէ համեմատություն անցկացնել այս և նախորդ շարժումների միջև, քանի որ թե ՀԱԿ-ի և թե ՀԺԿ-ի ներկայացուցիչները շատ ցավոտ են տանում այս համեմատության շառավիղը, բայց եկեք համեմատությունն անենք ոչ թե առաջնորդների (առաջնորդների փաստն այստեղ երկրորդական է), այլ պայքարող մարդկանց որակի և կազմակերպվածության աստիճանի պարագծում, որովհետև այս համատեքստն իսկապես հասկացնում է բոլորիս, որ փոխվել է պայքարող մարդկանց գիտակցական մակարդակը: Սա ամենակարևորն է, քանի որ երկար ժամանակ խոսում էինք հանրության արթնացման, հասարակական զգոնության, գիտակցության փոփոխության անհրաժեշտության մասին, և բոլորիս թվում էր՝ հասարակական գիտակցության արմատական թիվ մեկ փոփոխությունն անհագ պայքարի ցանկությունն է: Բայց պարզվեց, որ թիվ մեկ և ամենակարևոր փոփոխությունը քննադատական վերաբերմունքն է յուրաքանչյուր մարդու արածի և ասածի հանդեպ՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն:
Ինչ էր կատարվում նախորդ պայքարներում. ընդդիմությունը հռչակում էր, որ իշխանությունը կրում է մարդկային հնարավոր և անհնար բոլոր արատների համակարգը, գոռում էր, որ բոլորը գող և ավազակ են, մարդիկ պարպում էին էմոցիոնալ պոտենցիալը, հետևաբար պայքարն ինքնաբերաբար մտնում էր դեստրուկտիվ փուլ: Երբ դու հայտարարում ես, որ դիմացինդ գող է և ավազակ, իսկ դիմացինդ էլ հակադարձում է, որ ինքը բնավ էլ գող և ավազակ չէ, ապա այդ պայքարի մեջ հնարավոր չէր իսկապես բացահայտել իրական հանրային գիծը: Այս պայքարի մեջ բացարձակ այլ կոչեր են հնչում, բոլորն են խոսում այն մասին, որ չարություն չկա հրապարակում: Դա բնական է. այնտեղ, որտեղ մարդիկ պահանջում են կոնկրետ մեխանիզմներ, չի կարող լինել չարություն և պաթոս, բայց այնտեղ չի կարող լինել նաեւ նահանջ և ալիքի մարում, որովհետև սա բառացիորեն ալիք չէ: Կոնսոլիդացիան մեծ է և վերահսկելու է թե իշխանությանը և թե ընդդիմությանը: Սա մեր՝ այսքան տարիների գերագույն նվաճումն է:
Իշխանությունն էլ պահում է իրեն համապատասխանաբար, որովհետև քաջ գիտակցում է, որ, այնուամենայնիվ, ինքը միայնակ չկարողացավ պետությունը բերել այնպիսի վիճակի, որ այդպիսի ստվար դժգոհության ալիք չլիներ: Հետևաբար, իշխանությունը պետք է դադարի կերակրատաշտ լինելուց և պետք է դառնա պատասխանատվությունների շրջանակ: Այն պահից, երբ իշխանությունը դադարում է կերակրատաշտ լինելուց, լուծվում են պետության բոլոր խնդիրները, որովհետև շատ քիչ մարդ կձգտի իշխանության, կձգտեն միայն նրանք, ովքեր ի զորու են այդ գործառույթներն իրականացնել, և կսկսվի իսկապես պետության կազմավորումը: Ես չեմ ասում պետության ծաղկումը, բարգավաճումը, քանի որ ցայսօր մենք չենք ունեցել պետության կազմավորում, մենք ունեցել ենք պետական ֆորմալ ինստիտուտներ, սեփականության տեսակի մսխում կամ յուրացում, իսկ հիմա ժամանակն է, որ սկսվի ձևավորվել պետություն:
Կարծում եք՝ երկկողմանի կա՞ այս գիտակցումը, և հավանական եք համարում կոալիցիա՞ն, թե ստվերային կառավարության ձևավորումը՝ որպես հակակշիռ իշխանությանը:
Ես կասեի՝ իշխանությունների մոտ ճարահատյալ գիտակցություն է, քանի որ մի քիչ էլ, ու մենք կունենանք սոցիալական բունտ և էլ ավելի մեծ միգրացիա: Իսկ ընդդիմության մոտ էլ ուսուցողական փորձն է, գումարած դրան տեխնոլոգիաները: Եթե ուզում ես հասարակությունը զարգանա, պետք է զարգացնես տեխնոլոգիաները: Ուրիշ տարբերակ հնարավոր չէ: Եվ Հայաստանում այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ կա ինֆորմացիայի պակասություն: Ֆրանսիայի բնակչության 90 տոկոսը ներգրավված է հասարակական որևէ կազմակերպության մեջ, և դրանք բնավ որևէ քաղաքական և քաղաքացիական կազմակերպություն չեն, դրանք կարող են լինել պոեզիայի սիրահարների և կամ ծաղիկ աճեցնողների խմբեր: Սա նշանակում է՝ մարդկանց համախմբումը որևէ հանրային գործոնով բերում է հասարակական ստանդարտի ձևավորման: Եթե մարդիկ իրար հանդիպում են, իրենք ինքնաբերաբար սկսում են ձևավորել հասարակական ստանդարտ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ ստանդարտը պետությունն ինքը ձևավորեր և մեկ քայլ առաջ լիներ հասարակությունից, ինչպես լինում է շատ երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում:
Մեզ մոտ սկսվել է հասարակական ստանդարտի ձևավորում, և ինչքան փորձեն ասել, որ քաղաքացիական նախաձեռնություններն ապրում են ԱՄՆ-ի, Եվրոպայի դոնորային փողերով կամ ներքին ինչ-որ գործընթաց է ընթանում, կարող եմ միանշանակ ասել՝ ոչ մի գումար ի զորու չէ սպասարկել կեղծ գաղափարը, և ընտրությունները ձեզ վառ օրինակ: Այսինքն՝ գալիս է մի պահ, երբ որևէ գումար չի կարող ջրի վրա պահել կեղծ գաղափարը:
Հայաստանը մեկուսացված կղզի չէ, և Հայաստանում կա փոփոխություններ չիրականացնելու մի տարբերակ՝ փակել կոմունիկացիայի բոլոր միջոցները: Ադրբեջանում սկսվել է երիտասարդական ուժեղ պայքար, և առաջին քայլը, որ ադրբեջանական իշխանությունները քննարկում են՝ Ֆեյսբուքի փակումն է: Բարեբախտաբար, մեզ մոտ նման բան չի քննարկվում, և որքան կոմունիկացիոն տեխնոլոգիան զարգանա, այնքան փոփություններն անխուսափելի են: Ինտերնետը ինչ է անում՝ ձևավորում է համաշխարհային գիտակցական ստանդարտ, և եթե ամբողջ պետություններ, ինստիտուտներ ձևավորվում են գիտակցության շնորհիվ, ինչպե՞ս կարող է Հայաստանում փոփոխություն չլինել: Այս փոփոխությունները օր օրի շարունակվելու են:
Ստվերային կառավարության գաղափարը շատերի համար միանշանակ չէ, ինչո՞ւ:
Ինչ վերաբերում է ստվերային կառավարությանը, ըստ իս, ցանկացած նախաձեռնություն պետք է ընդունվի դրականորեն: Ստվերային կառավարության գաղափարը պետք է դրականորեն ընդունվի, քանի որ այն չի կարող բերել բացասական ազդեցություն: Մենք խորհրդարանի նեգատիվ էֆեկտ ունենք գործնական կյանքում: Մենք խնդիր ունենք մեր խորհրդարանի հետ, այն իրոք չի ձևավորում օրենսդրություն՝ նվազագույն բացառություններով: Եթե ինչ որ մարդիկ փորձում են այլընտրանքային տարբերակ առաջարկել, չի կարելի միանգամից այդ նախաձեռնությունը խեղդել, ինչպես նաև չի կարելի այն միանգամից գովերգել, քանի որ միշտ այդ բևեռացման մեջ երկու վտանգավոր բան կա՝ եթե տապալվի, մարդիկ հիասթափվում են, եթե հաջողվի՝ մարդիկ դրա մեջ տեսնում են վտանգ իրենց պաշտոններին: Ցանկացած նախաձեռնություն իրավունք ունի գոյության, կյանքի կոչվելու: Ինչ կլինի հետո՝ դա պետք դիտարկել քննադատական խոհեմությամբ և հանգստությամբ, ոչ թե ավելորդ էմոցիաներով:
Ֆեսյբուքում տեսեք ինչ արեց իշխանությունը. սկսեց պահել այսպես կոչված engage, այսինքն` վարձու մարդիկ, որոնք ներգրավված էին այս կամ այն խմբակցությունների և կուսակցությունների կամ շարժումների և օլիգարխների կողմից, այդ մարդկանց սկսեցին բացահայտել հրապարակավ, և հիմա Ֆեյսբուքում ոչ թե ընթանում է գաղափարական պայքար, կարծիքների հակամարտություն, այլ ընթանում են վարվելակոդեքսի, վարվելու ստանդարտի վերաբերյալ դիսկուսիաներ, և արդյունքում նման մարդիկ վերանում են Ֆեյսբուքից: Այն, ինչ պարզ և հստակ է, չի առաջացնում ոչ անհարկի պաշտամունք, ոչ անհարկի ատելություն:
Հասարակության համար ո՞ր տարբերակը կարող է շահավետ լինել՝ կոալիցիայի կիսո՞ւմը, թե նոր ստվերային կառավարությունը:
Հասարակության համար մեկ տարբերակ կարող է շահավետ լինել. բոլոր բանակցությունների, նամակների, կարծիքների, ֆեյսբուքի մեջ սկսի բարձրանալ քաղաքացու հանդեպ հարգանքի խնդիրը: Այս պետությունը կառուցվել է հատուկ մարդուն ստորացնելու սկզբունքի վրա: Մենք գիտենք, որ ինչ-որ ժամանակաշրջանում մարդկանց մենաշնորհներ էին տրվում, և հատուկ դրա համար ընտրվում էին մեղմ ասած ոչ այնքան գրագետ, վարվեցողությամբ ոչ այնքան նորմալ մարդիկ: Այս ընտրությունը կատարվում էր հատուկ, որ մարդկանց մոտ ամրապնդվի այն տեսակետը, որ փող ունենալու համար անպայման չէ ունենալ պրոֆեսիոնալիզմ, խելք, այլ ընդամենը պետք է կարողանալ ստանալ միապետի բարեհաճությունը: Եվ այս սխեման քայքայեց Հայաստանի պրոֆեսիոնալ դաշտը, որովհետև բացառեց երիտասարդության մոտ պրոֆեսիոնալ աճի ձգտումը, քանի որ բոլորը գիտեին՝ ինչ ձևով են բաշխվում նյութական բարիքները:
Երկրորդ՝ սկսվեց այն արտահայտությունից, որ քաղաքում փողի վրա նստած փող ես ուզում, այսինքն՝ հանրային սեփականությունը հռչակվեց իբրև մասնավոր սեփականություն, քաղաքի առք ու վաճառք կատարվեց: Պետականության առաջին տարիներին ո՞վ կարող էր մտածել, որ կարելի է այգիներ, փողոցներ վաճառել, այսինքն՝ ինչ աստիճանի պետք է անտեսել մարդուն, չհարգել, նրան համարել վերջին տականք, որ նրա համար ուղղակի փողոց չստեղծել, կանաչ գոտի չստեղծել: Էլ ինչ խոսք կարող է գնալ արդարադատության, հասարակական կազմակերպվածության մասին, այսինքն՝ քաղաքացու հանդեպ հարգանքը կամ պետք է ապրիորի տրվի, որ մեզ մոտ չի արվում, կամ այն պետք է նվաճվի, ինչն այսօր տեղի է ունենում, քաղաքացին այսօր սկսում է իրեն հարգել և ստիպում է, որ դու էլ իրեն հարգես:
Հիմա մեր պետության գլխավոր խնդիրն արդյոք ձևակերպվա՞ծ է:
Ինձ համար այսօր ձևակերպված է երկրի գլխավոր խնդիրը՝ գաղտնազերծել սեփականությունը. սա վերաբերում է մասնավոր սեփականությանը և թե որքանով արդյունավետ է այդ սեփականությունը օգտագործվում: Չէ՞ որ սեփականության օգտագործման արդյունավետ չափանիշը հարկերն են, իսկ պետության արդյունավետ գործունեությունը ռեսուրսներն են, տենդերներն են, պետությունն ամեն վայրկյան քաղաքացուն պետք է հաշվետու լինի՝ ինչ արդյունավետությամբ է նա օգտագործում պետական կապիտալը: Սեփականության արդյունավետության գաղտնազերծումը այս բոլոր խնդիների բանալին է, որովհետև սա ինքնաբերաբեր կբերի առողջ դատական համակարգ, հարգանք քաղաքացու հանդեպ, քաղաքացի, որի համար կան բիզնեսի հավասար հնարավորություններ, քաղաքացի, որն իրավազուրկ և սեփականազուրկ չէ: Ես նախկինում բավական հոռետես էի Հայաստանի հասարակության ձևավորման առաջընթացի հարցում, հիմա ես հասկանում եմ մի բան՝ հումանիզմն անխուսափելի է, անգամ եթե այն գալիս է չորս դար հետո: