Lragir.am-ի զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Անուշ, ոստիկանությունում տասնյակից ավելի պաշտոնանկությունները, ինչպես նաև Գյումրիում ոստիկանապետի այն դիտարկումը՝ որ պետք է վերջ տրվի գողականներին, շատերի մոտ տարակարծության առիթ են տվել, թե որքանո՞վ են սրանք ոչ իմիտացիոն գործողություններ: Հնարավո՞ր է՝ մեր ժամանակի հերոսը դառնում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Իհարկե, օրվա հերոսը Վլադիմիրն է, բայց ոչ Գասպարյան, այլ Պուտին, քանի որ Հայաստանում ընթացող բոլոր գործընթացները դիտարկում եմ Ռուսաստանում իրականացվող «մեծ մաքրման», ինչպես ռուսներն են ասում՝ великая чистка-ի համատեքստում: Տեսեք՝ ինչ է կատարվում. ոուսական ռեսուրսների սահմանն անսպառ չէ, և ով պետք է՝ հարստացել է: Հիմա խնդիր է դրված ռուսական պետության մեջ դադարեցնել թողտվությունը, իսկ քանի որ մենք փաստացի անկախություն չունենք և ուղղակի արտապատկերում ենք Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները, այսպես կոչված великая чистка-ն եկել և մտել է Հայաստան: Կունենա՞նք արդյոք ռեալ մաքրում, թե դրա իմիտացիա՝ իհարկե, ժամանակը ցույց կտա: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ մենք այդ մաքրումը կունենանք երեք պատճառներով. առաջին՝ կրիմինալի իշխանությունը բացարձակապես անտեսում է ժողովրդի շահը: Եթե ոստիկանական պետության մեջ հենքը, այնուամենայնիվ, ժողովրդական հնազանդությունն է և գոնե չափավոր ժողովրդական գոհությունը, ապա կրիմինալի հենքը անարխիան է: Ի դեպ, վերջերս ամերիկյան բոլոր զեկույցները խոսում են անարխիայի և հեգեմոնիայի համամասնության մասին, և ես կարծում եմ՝ անարխիան և հիերարխիան իրենց հետ պարտադիր բերում են կարգ ու կանոն:
Հայաստանի հիերարխիան խիստ կրիմինալ է, իսկ կրիմինալ հիերարխիան չի ենթադրում հասարակության շահ, ենթադրում է ներսի կարգ ու կանոն, իսկ ներսի կարգ ու կանոնի մեջ մտնում է մեծ ու փոքր գողերի ենթակայության համակարգը, այսպես ասած զապադլո և ոչ զապադլո տեսական կատեգորիաները: Այդ մշակույթը լոկալ, օջախային մշակույթ է, իսկ եթե օջախային մշակույթով սկսես պետություն կառավարել, ինչը տեղի էր ունենում մինչև վերջին ժամանակներս, օջախային մշակույթից ժողովուրդը դուրս է մնում, ժողովուրդն էլ դրա համար գնում է: Հիմա խնդիր է դրված ինչ-որ պրոցես նախաձեռնել, որի մեջ ներգրավվի ժողովուրդը: Դե, դա չի կարող լինել վերևից բերված ժողովրդավարական պրոցես, որովհետև դրա համար մեր քաղաքական էլիտան բավականաչափ պատրաստվածություն ինտելեկտուալ և նաև գործառութային առումով չունի: Եւ ուրեմն պետք է գործարկվի այն գործառույթը, որին իրենք ծանոթ են, իսկ դա ոստիկանական գործառույթն է, և հիմա գործարկվում են պատժամիջոցները: Հայաստանում պատժամիջոցների համակարգ երբևէ չի եղել, եղել է յուրայիններին թողտվության և ուրիշներին պատժելու համակարգը, և իհարկե բուրգի քանդումը պետք է սկսվի դրանից, այսինքն՝պատժվելու են այսպես կոչված յուրայինները, բայց այստեղ վախենում եմ լինի հին ասացվածքի պես՝ բոլոր մարդիկ հավասար են, բայց կան ավելի հավասարներ, այսինքն՝ կլինեն ավելի յուրայիններ, որոնք երբեք չեն պատժվի:
Հնարավո՞ր է Գյուրիից սկսվի իրական փոփոխությունների տանող ճանապարհը:
Դուք զգո՞ւմ եք՝ ինչքան բան է սկսվում Գյումրիից… Գյումրին միաձայն ձայն է տալիս ընդդիմությանը, և սա շատ խորհրդանշական է: Իսկ ինչո՞ւ Գյումրին և ոչ Երևանը… որովհետև երկար ժամանակ պրոպագանդիստական և առևտրային ֆոկուս-խումբը եղել է Երևանում, բոլոր գործերը ծավալվել են Երևանում, իսկ Գյումրին դուրս է մնացել ուղեղալվացման և հատուկ ուշադրության գործառույթից, Գյումրին ամբողջովին հանձնվել էր կլանին՝ քրեաօլիգարխիկ համակարգին, և բնականաբար հակազդեցությունն էլ պետք է ուժեղ լիներ: Սա այն է, երբ անարխիկ կառավարումը սպառել է իրեն, քրեաօլիգարխիկ գողական համակարգն այլևս ի զորու չէ որևէ մարտահրավերի. ոչ կարող է արտագաղթը կանգնեցնել, ոչ էլ կարող է սնել ժողովրդին, ոչ կարող է արդարության պահանջը հասունացնել, որովհետև իրենք 21-րդ դարում քաղաք են բաժանում ֆեոդալական մեթոդներով: Բայց չէ՞ որ ժողովրդի մտածողությունը եթե անգամ 21-րդ դարի չէ, ապա հաստատ ֆեոդալական միջնադարի էլ չէ, և այս հակասությունը պետք է մի օր պայթեր: Այս բարեբեր հողի վրա կարելի է շատ բաներ անել, կարելի է անել իրական ռեֆորմ և իսկապես վաստակել ժողովրդի «փրկչի» կերպարը: Ով իշխանությանը մոտ է, նրա համար եկել է ռեաբիլիտացիայի ժամանակը, որովհետև великая чистка-ն պարտադրում է երեք գործոն. Ռուսաստանում տեղի ունեցած պրոցեսը, Ամերիկայից և ընդհանրապես արևմտյան հանրությունից իրականացվող ճնշումը և ներքին հրամայականը, որն ամենաուժեղն է: Երեք գործոն, որն անխուսափելիորեն Հայաստանում պետք է բերի համակարգային փոփոխությունների: Ուղղակի ցավն այն է, որ այդ ամենը պետք էր անել շատ շուտ, չպետք էր թողնել տանեին Հայաստանից այն ամենը, ինչ հնարավոր էր տանել:
Ի՞նչ երաշխիք, որ դա անպայման դրական փոփոխություն կլինի:
Չեմ կարող ասել՝ դրական փոփոխություն կլինի, բայց կարող եմ ասել, որ քրեաօլիգարխիկ համակարգը շատ խորամանկ է, շատ դիվանագետ, բայց հաստատ քաջ չէ: Այսինքն՝ բացահայտ հակասություններ չեն լինելու, կլինեն փորձեր նշանակել իրենց պարագլխին, և հետաքրքիր է առաջիկա ընտրություններին՝ ով է քրեաօլիգարխիկ համակագի կողմից նշանակված ֆավորիտը: Սա ինձ համար շատ մեծ հարց է, և ես առայժմ հսկում եմ այդ գործընթացը հեռվից:
Անուշ, չկա՞ արդյոք մտավախություն, որ սկսված գործողությունները կշարունակվեն մինչև մայիսի 5-ը, քանի որ ավարտվում է «ընտրական փուլը»:
Թող լինի մինչև մայիսի 5-ը, մի քանի զարգացում ընդունենք. առաջին զարգացում՝ բռնապետական զարգացում: Բռնապետական զարգացման հետ պետք է ենթադրաբար փակվեն հանրապետության բոլոր սահմանները, և որևէ մեկը չի մնա այս բռնապետական զարգացման մեջ: 21-րդ դարում այսպիսի քայլ անհնար է, դրա համար այս իմիտացիոն զարգացման մեջ բռնապետական սցենարի զարգացումը բացառում եմ: Երկրորդ տարբերակ՝ ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա, իմտիացիան ավարտվում է, շոուն վերջանում, և օլիգարխիկ կլանը շարունակում է բաժանել երկիրը, այդ բաժանման մեջ ժողովուրդն անտեսված է, այսինքն՝ ժողովրդի որևէ պահանջ չի լուծվում: Հետևանքը՝ ով կարողանում է, գնում է, ով չունի, ծայրահեղ աստիճանի է հասնում: Երրորդ՝ իրական ռեֆորմներն են, որոնք Հայաստանում շատ հեշտ է իրականացնել երեք գործոնի պատճառով. Առաջին՝ փոքր երկիր է, և այն շատ արագ կարելի է կարգավորել, երկրորդ՝ հայերը շատ ճկուն են և ընդունում են խաղի այն բոլոր կանոնները, որոնք իջեցվում են վերևից, երրորդ՝ մենք, ի տարբերություն մահմեդական երկրների, չունենք ամբոխային մտածողություն, մենք անհատական պրագմատիզմով առաջնորդվող ժողովուրդ ենք և հենց մենք ունենանք հանրային օգուտի և անհատական օգուտի համընկնում Հայաստանում, ամեն ինչ տեղը կընկնի: Ցավոք, Հայաստանում միշտ էլ իշխող էլիտայի և հանրության շահերը չեն համընկել:
Չորրորդ զարգացումը քաղաքացիական հատվածում է, այն շարունակվելու է և պայմանավորված է մի քանի գործոններով. Առաջին՝ տեսեք ինչ լավ վիճակում էին պաշտոնավորում առաջին և երկրորդ նախագահները, որովհետև իրենց պարագայում յուրաքանչյուր պաշտոնյայի գործողությունները չէին նկարվում և տեղադրվում ֆեսյբուքում կամ յութուբում, այսինքն՝ հասարակական հաշվետվության և հասարակական նախաձեռնության հիմքում այսօր ընկած է տեխնոլոգիան: Սա իրոք մեծ հաշվետվություն է, ընդ որում՝ ոչ միայն հանրապետական, այլ նաև միջազգային: Դրա ելքն էլ կա՝ արգելել ինտերնետը, բայց չեմ կարծում դա էլ հնարավոր տարբերակ կլինի: Քաղաքացիական կղզյակները, որոնք տեխնոլոգիական առաջընթացի հիման վրա են ձևավորվում և զարգանում, իրենց դերն անում են, բայց այստեղ ոչ այնքան հասարակական զարգացումն է իր դերը կատարում, որքան տնտեսական անհնարինությունը: Քաղաքացիական շարժումները չեն լռում, խրախուսվում են և նաև ինչ-որ առումով զարգացվում են մի պարզ պատճառով՝ իշխանություններին, քաղաքացիական էլիտային ներկա պահին պետք են դաշնակիցներ հասարակության շրջանում:
Հարցազրույցը` Սիրանույշ Պապյանի