Hayeli.am-ի հարցազրույցը քաղաքագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ.
-Սկսենք ետընտրական ամենատարածված հարցից՝ ինչպե՞ս եք գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները։
-Ես կարծում եմ, որ այս ընտրությունները գնահատելը նույնատիպ թակարդ է, ինչպիսին է այս ընտրությունների կանխատեսելի հետեւանքերի պատկերը ։ Որովհետեւ եթե դու գնահատական ես տալիս այդ ընտրություններին, ինքնաբերաբար լեգիտմացնում ես այդ գործընթացը։ Իրականում Հայաստանում որեւէ ընտրություն իր իրական նշանակետին ուղղված չէ։ Ընդդիմությունը նախագահական եւ քաղաքային ընտրությունների ընթացքում հնչեցնում է հակաիշխանական, իսկ իշխանությունը հնչեցնում է պոպուլիստական լոզունգներ։ Այս դիրքորոշումների ետեւում բացարձակ առկա չեն ծրագրային դրույթներ, որոնք ի զորու են Հայաստանն իրապես փոփոխությունների ճանապարհով տանել։ Ընտրությունների գերակա դրույթը պետք է լիներ Հայաստանի տնտեսական ներկայիս կացութաձեւի խնդիրը, դրա վրա հիմնված պսեվդոքաղաքական վերնաշենքը։ Հայաստանի տնտեսության կարգը մինչեւ հիմա անհայտ է շարքային քաղաքացուն։ Ի՞նչ է սա՝ ֆեոդալական քրեաօլիգարխիկ համակա՞րգ է, բուրժուական նոր ձեւավորվող հարաբերություննե՞ր են, թե՞ սովետական միության ժառանգության հետեւանք ՝ ոչինչ պարզ չէ, որովհետեւ տնտեսական գործառույթը Հայաստանում ամենա ոչ թափանցիկն է, ամենաստվերայինը։ Հայաստանը աղքատ երկիր է։ Մենք, ցավոք, չունենք հարուստ ռեսուրսներ։ Հետեւաբար, Հայաստանի քաղաքացին պետք է շատ աչալուրջ լինի այդ ռեսուրսների բաշխման և օգտագործման արդյունավետության հանդեպ։
-Գործո՞ւմ է հասարակական այդ վերահսկողությունը։
-Մենք տեսնում ենք շերտավորում, որը արտահայտվում է միջազգային ինտեգրացիոն գործընթացների հետ՝ համեմատած հետեւյալ համամասնությամբ՝ մեր տնտեսական էլիտան իր գույքային ցենզով, իսկ ավելի հստակ՝ կապիտալների քանակով համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Իրականում, նրանք հարուստ են այնքան, որքան դրսի հարուստները։ Մինչդեռ Հայաստանում, այսպես կոչված, ֆորմալ միջին խավը գրեթե աղքատության եզրին է։ Ես միշտ զարմանում եմ, երբ քաղաքական օրակարգում խոսում են հանրապետականի իշխանության վերացման մասին զուտ էմոցիոնալ ենթատեքստով։ Որեւէ մեկը չի խոսում այն մասին, որ նորանոր հարկեր են ավելացնում, օրինակ՝ շրջանառության հարկը։ Դրանք ուղղված են կոնկրետ միջին խավի դեմ։ Սրանից ինձ մոտ եզրակացություն է առաջանում՝ կա դավադրական ծրագիր՝ նոր սկզբնավորվող բուրժուական հարաբերությունները փոխարինել, այսպես կոչված, ոչ կվալիֆիկացված, ստրկատիրական հասարակությամբ։ Եթե թիրախավորվում ու հալածում են քիչ թե շատ նախաձեռնող մարդկանց, ովքեր փորձում են բիզնես ձեւավորել, դրանով իշխանություններն արտամղում են ոչ միայն Հայաստանի բիզնես ապագան, ոչ միայն խաթարում են մանր ու միջին բիզնեսի զարգացումը /իսկ Հայաստանում շատ լավ կարող են աճել հատկապես մանր ու միջին բիզնեսը/, այլեւ զրկում են Հայաստանի հասարակությանը մասնագիտական և քաղաքացիական զարգացում ունենալու հնարավորությունից։
-Ձեր ներկայացրածի ֆոնին որքանո՞վ է իրատեսական ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բուրժուա-դեմկրատական հեղափոխությունը։
-Սրա մասին բազմաթիվ հոդվածներ գրվեցին։ Ես կարող եմ ավելացնել, որ, այո, եթե խորը մտածենք, ապա Հայաստանում իրապես պետք է իրականանա բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն։ Բայց սա կարող է տեղի ունենալ, եթե այդ ալյանսը կայանա իրական բուրժուազիայի եւ իրական դեմոկրատիայի միջեւ։ Բայց երբ օլիգարխիան խաղում է բուրժուազիայի դերը, մենք չենք ունենանք բուրժուադեմոկրատական հեղափոխություն։ Մենք կունենանք օլիգարխիկ հակահեղափոխություն, ինչը արդեն եղել է Հայաստանում։
-Համացանցում շրջանառվում են սկանդալային տեսանյութեր՝ կապված ընտրախախտումների, ընտրակաշառքի, այսօր էլ՝ Արմեն Մարտիրոսյանի հետ կապված տեսագրությունն է տարածվել։ Ի՞նչ նպատակով են այս տեսանյութը տարածել։
– Թափանցիկությունն, ամեն դեպքում, ողջունելի է. Դա, իհարկե, կարող է լինել սկանդալային թափանցիկություն, ռեժիսուրայի ենթարկված կամ՝ ֆորմալ թափանցիկություն։ Ինձ չի հետաքրքրում, թե այս դեպքում նշվածներից որ մեկն է գործել։ Դրանք յուրօրինակ հաշվետվության մոդելներ են։ Խնդիրն այն է, որ քաոսային հաշվեկշիռը կարող է շատ եւ շատ մարդկանց հեղինակություններ կործանել։ Բայց սրա մասին թող մտածեն այն մարդիկ, ովքեր ժամանակին չեն մտածել պետական մեքենայի հածվետվության թափանցիկ մեխանիզմ կառուցելու մասին։
– Իսկ գուցե այս տեսագրությունը «Ժառանգության» մահացող ռեյտինգը բարձրացնելու միջո՞ց էր։
– Վերջերս շատ եմ լսել ընդդիմության մահախոսականներ։ Ես կուզեի վերաձեւակերպել խնդիրը՝ ոչ թե մեռնում է Հայաստանի ընդդիմությունը, այլ՝ մեռնում է ՀՀՇ-ի կողմից Հայաստանին պարտադրված ընդդիմության մոդելը։ Եվ սա բնական է։ Որովհետեւ 20 տարվա ընթացքում աշխարհն առաջ է գնացել. Փոխվում են իշխանության, ընդդիմության եւ կառավարության որակները։ Մենք արդեն հասկանում ենք, որ միտինգային, հացադուլավոր, լոզունգային ընդդիմությունը պիտի հեռանա։ Եվ սա շատ նորմալ է։ Որովհետեւ մենք ապրում ենք կիրառական ժամանակաշրջանում։ Մանավանդ այս ծանր վիճակում, որում հայտնվել է Հայաստանը, մեզ պետք են արդյունավետ մենեջերներ, ովքեր ժամանակ չունեն զբաղվել միտինգներով։ Նրանք ապահովում են ավելի կոնկրետ գործողությունների հաջորդականությունը։ Ես շատ մեծ հույսեր եմ կապում այն երիտասարդ ալիքի հետ, որը պահանջատեր է թե՜ իշխանությունից, թե՜ ընդդիմությունից։ Ընդդիմությունը, իհարկե, սովոր չէ դրան։ Նրանք սովոր են, որ միայն իշխանությունից պետք է հաշվետվություն պահանջեն։ Ինքը պարտավոր չէ հաշվետու լինել։ Բայց արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ընդդիմությունը նույնպես հաշվետու լինի հասարակության առաջ։
– Չե՞ք կարծում, որ Ձեր նշած պահանջատեր երիտասարդները, ցավոք, կուսակցականացված են։
-Կուսակցականացման երկու որակներ կան՝ իշխպանական մոդելը, որը ենթադրում է ֆինանսական, պաշտոնային բոնուսներ եւ ընդդիմադիր երիտասարդական շարժումները։ Ես շատ եմ շփվում թե՜ մեր, թե՜ այլ կուսակցությունների ընդդիմադիր երիտասարդների հետ։ Նրանք բավականին քննադատական մոտեցում ունեն, եւ ի տարբերություն մի որոշակի երիտասարդական խմբի, ովքեր կույր հավատ են տածում իրենց առաջնորդի նկատմամբ, մնացած երիտասարդական ալիքները շատ ուժեղ քննում են իրենց վերադասների գործողությունները։ Եվ հենց այդ քննադատական մոտեցումը կդառնա երիտասարդական նոր շարժման հիմք։ Այդ երիտասարդները չեն ասում, թե սիրելի լիդերի ամեն որոշումն ու խոսքը ճշմարիտ է։ Նրանք հարցեր են առաջ քաշում՝ արդյո՞ք այն, ինչ անում եք, ճիշտ է։ Միայն այսպիսի ընդդիմադիր շարժումը կարող է Հայաստանում տեղաշարժերի առիթ դառնալ։
-Կարծում եք՝ այդ շարժման սաղմե՞րն են ձեւավորվում թե՞ արդեն կայացման փուլում է։
– Նաեւ դասախոսական աշխատանքի բերումով ես շատ եմ շփվում երիտասարդների հետ։ Եվ սա ինձ թույլ է տալիս լավատեսորեն արտահայտվել մեր երիտասարդության մտավոր եւ կազմակերպչական հնարավորությունների մասին։ Սակայն նրանք պարտավոր չեն այլոց փոխարեն սխալների ուղղում անել։ «Անսխալական» քաղաքական գործիչները պետք է իրենք սկսեն հաշվետվության գործընթացը։
Մարինա Բաղդագյուլյան