Հասարակության արական հատվածը այսօրվանից պետք է ավելի զգոն լինի. Այսօրվանից սկսվում է կանանց միամսյակը: Աշխարհի բոլոր կանայք սքանչելի են: Նրանք ընտրյալներ են: Որովհետեւ Արարիչը հենց նրանց խորքում է դրել մարդկանց լույս աշխարհ բերելու առաքելությունը: Մենք խոնարհվում ենք հաճախ ոչնչից կյանք արարող հայուհիների առաջ: Սակայն, կներեք, ինձ համար նրանցից տասը ամենասիրելին են: Ներկայացնում եմ ինձ համար սիրելի հայ կանանց ոսկե տասնյակը: Իհարկե, սուբյեկտիվ մոտեցում է: Բայց արդյո՞ք սուբյեկտիվ մոտեցումներից մոտեցումներից չէ բաղկացած օբյեկտիվ իրականությունը: Եվ այսպես՝ ոսկե տասնյակում է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը.
–Ինչո՞վ է տարբերվում հայ կինն աշխարհի մնացած կանանցից:
-Ոչնչով չի տարբերվում՝ ո՛չ ֆիզիոդինամիկայով, ո՛չ ներքին բովանդակությամբ: Միայն տեղեր կան, որ նա ավելի շատ է գնահատված, տեղեր կան՝ ավելի քիչ: Եվ ինչպես աշխարհում ամեն բան հարաբերական է, ինքն էլ է հարաբերական:
–ժամանակը չէ՞, որ Հայաստանն ունենա կին նախագահ:
– Ամեն ինչ սկսում է խոսքի ձեւավորումից: Կարծում եմ՝ եթե խոսքը սկսեց ձեւավորվել, աստիճանաբար կձեւավորվի նաեւ գործողության նախապայմանը: Ժամանակն է, որ այդ հարցը դառնա քննարկման թեմա:
-Բնավորության երեք գծեր, որ օգնել են Ձեզ ձեր կարիերայում:
–Բացարձակ սկզբունքայնությունը, հանդուրժողականությունը մարդու հանդեպ եւ հումանիզմը:
-Սահմանեք, թե ովքեր են ի վերջո տղամարդիկ:
– Նախ եւ առաջ՝ մարդ է՝ իր գենդերային դրսեւորումներով: Առանց նրանց կյանքը տխուր կլիներ:
-Կամակոր տղամարդուն սանձահարելու Ձեր բանաձևը:
–Մենք 21-րդ դարում ենք, եւ երբ տղամարդը կամակոր է, նշանակում է նա չունի ինտելեկտի բավականաչափ մասնաբաժին: Իսկ երբ տղամարդը չունի ինտելեկտի բավականաչափ մասնաբաժին, ես նրա հետ ուղղակի չեմ շփվում, ուր մնաց՝ սանձահարելու մասին խոսք լինի:
-Ձեր կարծիքով, Հայաստանի կառավարման մեջ ինչո՞ւ են կանայք քիչ ներկայացված:
-Կարծում եմ՝ կանայք բավականաչափ են ներկայացված: Ուղղակի նրանց տրված չէ ավելի ակտիվ գործունեություն իրականացնելու հնարավորություն, ինչպես նաեւ շատ տղամարդկանց դա տրված չէ:
-Ո՞վ է Ձեր ճանաչած ամենավառ կինը:
–Ինդիրա Գանդին: Հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությունը հատուկ է տղամարդկանց: Երբ կինն է պատրաստ լինում դրան, նա ինձ համար իդեալ է: