«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Երեւան ավագանու ընտրություններին որեւէ ուժի սատարելու որոշում չունի եւ չի էլ ունենա: Կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջիկա օրերին կլինի «Ազատ դեմոկրատների» վարչության նիստը, որի ժամանակի ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաեւ այդ հարցը: Մամուլի խոսնակը նշեց, որ իրենք կոչ կանեն իրենց ընտրազանգվածին քվեարկել ընդդիմադիր ուժերի օգտին, իսկ թե ով է ընդդիմադիր, ով` ոչ, թող որոշի ժողովուրդը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ներկայացրած համամասնական ցուցակները:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Նախընտրական քարոզչությունը սկսվել է ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով մայիսի 5-ին: