Устав

This post is also available in: 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1. …

This post is also available in: Армянский Английский

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» կուսակցությունը (այսուհետ` Կուսակցություն) անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:
1.2. Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանն ու իր գաղափարական ծրագրերին համապատասխան:
1.3. Կուսակցության անվանումն է`
ա) հայերեն` «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն (հապավումը`ԱԴԿ),
բ) ռուսերեն`Партия «Свободные Демократы» (հապավումը` ПСД),
գ) անգլերեն` Party of «Free Democrats» (հապավումը`PFD):
1.4. Օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից Կուսակցությունը հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է իրավաբանական անձի կարգավիճակից բխող, ինչպես նաև օրենքով սահմանված իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:
1.5. Կուսակցությունն ունի իր անվանումով հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:
1.6. Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն է` Մխիթար Հերացու 18, բն. 27:

2.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Կուսակցության գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:
2.2. Կուսակցությունն ունի իր նպատակին հասնելու քաղաքական ծրագիր, որից ելնելով մշակում և իրականացնում է իր գործելակերպը:
2.3. Իր նպատակին հասնելու ճանապարհին Կուսակցությունն առաջնային է համարում հետևյալ խնդիրների լուծումը.
ա) ժողովրդավարական ընտրությունների միջոցով ՀՀ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմիններում իր ներկայացուցչության ապահովումը և այդ ճանապարհով պետական իշխանության մարմինների ձևավորմանը, պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մասնակցելը,
բ) իրավական պետության կայացմանը նպաստելը,
գ) սոցիալական արդարության համակարգի ձևավորմանն աջակցելը,
դ) ներքաղաքական կյանքի կայունացմանը նպաստելը,
ե) երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրական բաժանման և դրանց միջև իրական հավասարակշռման գործընթացին օժանդակելը:

3.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

3.1. Իր գործունեության ընթացքում Կուսակցությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով`
ա) օրինականության և արդարության,
բ) անդամության կամավորության և իրավահավասարության,
գ) ինքնակառավարման և գործունեության հրապարակայնության,
դ) այլ կուսակցությունների և հասարակական միավորումների հետ կառուցողական համագործակցության:
3.2. Իր ծրագրային խնդիրների իրականացման համար Կուսակցությունը ընդունելի է համարում հետևյալ մեթոդների կիրառումը.
ա) Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների, ներկայացուցչությունների ստեղծում,
բ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների հիմնադրում,
գ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային լրատվության և օրենքով չարգելված այլ միջոցներով իր գաղափարախոսության և տեսակետների տարածում,
դ) խաղաղ, առանց զենքի հավաքների, այլ հասարակական-քաղաքական միջոցառումների կազմակերպում, անցկացում և (կամ) դրանց մասնակցություն,
ե) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ դաշինքների և միավորումների (այդ թվում` ընտրական) ստեղծում և դրանց մասնակցություն,
զ) արտասահմանյան կուսակցությունների և միավորումների հետ միջազգային կապերի ու շփումների հաստատում և պահպանում, միջազգային միություններին ու ասոցիացիաներին անդամակցություն:
3.3. Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

4.1. Կուսակցության ղեկավար մարմինները, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են Կուսակցության համագումարի և (կամ) մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և իրականացնում են սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:
4.2. Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են և նրանց գործունեությունը կազմակերպվում է միայն տարածքային հատկանիշով:
4.3. Կուսակցության ղեկավար մարմիններն են`
ա) Կուսակցության համագումարը,
բ) Կուսակցության ներկայացուցիչների խորհուրդը,
գ) Կուսակցության վարչությունը:
4.4. Կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են`
ա) Կուսակցության տարածքային կազմակերպությունները,
բ) Կուսակցության մարզային խորհուրդները:
4.5. Կուսակցության մարմինները մշակում և հաստատում են իրենց գործունեության կանոնակարգերը:
4.6. Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներն են`
ա) Կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմինները (վերստուգիչ խմբեր, վերահսկողական հանձնախմբեր, վերահսկիչ հանձնաժողով և այլն),
բ) Կուսակցության գործառութային ստորաբաժանումները (հաշվապահություն, հասարակայնության հետ կապերի բաժին, իրավաբանական ծառայություն, վերլուծական կենտրոն և այլն),
գ) Կուսակցության տարածքային ստորաբաժանումների և հասարակական կյանքի առանձին ոլորտներում դրանց գործունեությունը համակարգող մարմինները (Կուսակցության կանանց խորհուրդ, երիտասարդական խորհուրդ և այլն):
4.7. Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ստեղծվել (կազմալուծվել) Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և իրականացնել սույն կանոնադրությամբ և Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից իրենց վերապահված լիազորություններ:
4.8. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե նրան մասնակցում են պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Կուսակցության մնացած մարմինների նիստերը (ժողովները) իրավազոր են, եթե նրանց մասնակցում են այդ մարմինների անդամների կեսից ավելին:
4.9. Կուսակցության ղեկավար մարմինների, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ որոշումներն ընդունվում են նիստի (ժողովի) մասնկիցների ձայների մեծամասնությամբ` բաց կամ գաղտնի քվեարկությամբ, եթե սույն կանոնադրությամբ կամ Կուսակցության համագումարի որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Որոշումների ընդունման ժամանակ ձայները հավասար բաշխվելու դեպքում Կուսակցության ղեկավար մարմինների, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների (նիստերը նախագահողների) ձայնը վճռորոշ է:

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

5.1. Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք և որի որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների և անդամների համար:
5.2. Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են առնվազն երկու տարին մեկ անգամ` Կուսակցության վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կուսակցության մարմիններին և անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ:
5.3. Արտահերթ համագումար հրավիրում է Կուսակցության վարչությունը` իր կամ ներկայացուցիչների խորհրդի նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է Կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:
5.4. Արտահերթ համագումարի պատվիրակներ են հանդիսանում նախորդ` հերթական համագումարի պատվիրակները:
5.5. Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թիվը, պատվիրակներ ընտրելու կարգը, տարածքային կազմակերպություններին տրվող քվոտաները սահմանում է Կուսակցության վարչությունը:
5.6. Կուսակցության համագումարը`
ա) քննարկում և ընդունում է կուսակցության ծրագիրը և հաստատում Կուսակցության կանոնադրությունը, դրանցում լրացումները և փոփոխություններ կատարելու նախագծերը,
բ) լսում և հաստատում է համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Կուսակցության գործունեության վերաբերյալ Կուսակցության վարչության հաշվետվությունը,
գ) փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է Կուսակցության վարչության անդամներ,
դ) ընտրում է Կուսակցության վերահսկիչ հանձնաժողով,
ե) լսում և հաստատում է Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը,
զ) որոշում է Կուսակցության ռազմավարական, գաղափարական-քաղաքական ուղին, Կուսակցությունների խնդիրների իրականացման գործելակերպը,
է) որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման կամ Կուսակցության լուծարման մասին,
ը) քննարկում և վերջնական որոշում է կայացնում Կուսակցության գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ:
5.7. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:
5.8. Համագումարի որոշումները, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ, համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:
5.9. Կուսակցության ծրագրի և կանոնադրության ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
5.10. Կուսակցության համագումարը, Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման նպատակով ընտրում է վերահսկիչ հանձնաժողով, որի անդամների թիվը հաստատում է համագումարը: Վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել Կուսակցության ղեկավար մարմինների անդամ:
5.11. Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովը գործում է Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապաhված լիազորությունների շրջանակում և հաշվետու է միայն համագումարին:
5.12. Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները:
5.13. Վերահսկիչ հանձնաժողովի նիստը հրավիրվում է 6 ամիսը մեկ անգամ` այդ հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է այդ հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:
5.14. Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է այդ հանձնաժողովի նախագահը իր նախաձեռնությամբ` վերահսկիչ հանձնաժողովի անդամների 1/3-ի կամ Կուսակցության վարչության և ներկայացուցիչների խորհրդի որևէ անդամի պահանջով: Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:
5.15. Վերահսկիչ հանձնաժողովը կարող է պահանջել Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

6.1. Կուսակցության ներկայացուցիչների խորհուրդը կազմված է կուսակցության վարչության նախագահից, տեղակալից (տեղակալներից), գործադիր քարտուղարից (աշխատակազմի ղեկավարից) և տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահներից:
6.2. Ներկայացուցիչների խորհուրդը`
ա/ սահմանում է Կուսակցությանն անդամագրվելու և կուսակցության անդամների ու համակիրների հաշվառման կարգը,
բ/ սահմանում է մուտքի վճարի և անդամավճարի չափը, դրանց մուծման և կուսակցության մարմինների միջև բաշխման կարգը,
գ/ քննարկում և հաստատատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը Կուսակցության միջոցների օգտագործման մասին,
դ/ կազմում և Կուսակցության վարչության հաստատմանն է ներկայացնում կուսակցության կողմից առաջադրվող Ազգային Ժողովի պատգամավորների թեկնածուների ընտրական ցուցակը և այդ ընտրություններում կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորության թեկնածուների ցանկը,
ե/ համագումարի պատվիրակների մանդատ է տալիս Կուսակցության վարչության անդամներին, վերահսկիչ հանձնաժողովի անդամներին, կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուներին, կուսակցության անդամ Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարության անդամներին,
զ/ Կուսակցության վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը: Նոր խորհրդի ընտրությունը կազմակերպվում է մեկ ամսվա ընթացքում,
է/ Կուսակցության վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային կազմակերպությունների գործունեությունը: Այդ կազմակերպությունների ընդհանուր ժողովը հրավիրվում է վարչության կողմից եռամսյա ժամկետում:
6.3. Ներկայացուցիչների խորհրդի նիստը վարում է Կուսակցության վարչության նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ` վարչության նախագահի տեղակալը (տեղակալները) կամ վարչության գործադիր քարտուղարը:
6.4. Ներկայացուցիչների խորհրդի նիստ հրավիրվում է առնվազն երկու ամիսը մեկ անգամ` Կուսակցության վարչության նախագահի կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան երեք օր առաջ:
6.5. Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է Կուսակցության վարչության նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով, կամ վարչության անդամների 1/3-ի պահանջով: Արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:
6.6. Կուսակցության մարմինների, սույն կանոնադրությամբ չկանոնակարգված միևնույն հարցի վերաբերյալ հակասական որոշումների դեպքում հանրապետական խորհրդի որոշումը վերջնական է:

7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

7.1. Կուսակցության վարչությունը Կուսկացության մշտական գործող ղեկավար մարմինն է, որը ձևավորվում (կազմալուծվում) է Կուսակցության համագումարի կողմից և համակարգում է Կուսակցության տարածքային ստորաբաժանումների, այլ պետություններում ստեղծված ներկայացուցչությունների և Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը:
7.2. Կուսակցության վարչության անդամներն ընտրվում են Կուսակցության համագումարի կողմից` երկու տարի ժամկետով, համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
7.3. Կուսակցության վարչության անդամի լիազորությունները դադարում են`
ա) սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ,
բ) Կուսակցության համագումարի որոշմամբ,
գ) նրա հեռացվելու դեպում,
դ) իր դիմումի համաձայն,
ե) մահվան կապակցությամբ, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքերում,
է) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:
7.3. Կուսակցության վարչությունն իր գործունեությունն իրականացնում է վարչության նիստրերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Կուսակցության համագումարի որոշումների կատարման միջոցով:
7.4. Վարչության նիստ հրավիրվում է առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` վարչության նախագահի կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վարչության անդամներին ոչ ուշ, քան երեք օր առաջ:
7.5. Վարչության արտահերթ նիստ հրավիրվում է վարչության նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ, կամ վարչության անդամների 1/3-ի, կամ Կուսակցության ներկայացուցիչների խորհրդի անդամների 1/5-ի, կամ որևէ տարածքային կազմակերպության խորհրդի պահանջով: Վարչության արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:
7.6. Կուսակցության վարչությունն իր կազմից երկու տարի ժամկետով ընտրում է վարչության նախագահ, որն ի պաշտոնե հանդիսանում է Կուսակցության նախագահը և պատասխանատու է Կուսակցության ընդհանուր գործունեության, Կուսակցության գաղափարական, քաղաքական և ծրագրային դրույթների իրագործման համար:
7.7. Կուսակցության վարչության նախագահը`
ա/ կազմակերպում է ներկայացուցիչների խորհրդի և վարչության աշխատանքները, հրավիրում և վարում է ներկայացուցիչների խորհրդի և վարչության նիստերը, ստորագրում դրանց որոշումները և արձանագրությունները,
բ/ հանդես է գալիս վարչության անունից,
գ/ ներկայացնում է վարչությունը պետական և այլ կազմակերպությունների հետ
հարաբերություններում,
դ/ նշանակում (ազատում) է Կուսակցության մարզային խորհուրդների ղեկավարներին և ներկայացնում Կուսակցության վարչության հաստատմանը,
ե/ նշանակում (ազատում) է Կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարներին և ներկայացնում Կուսակցության վարչության հաստատմանը,
զ/ առաջարկում է Կուսակցության վարչության նախագահի տեղակալի թեկնածությունը,
է) իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
7.8. Կուսակցության վարչությունն իր կազմից երկու տարի ժամկետով ընտրում է Կուսակցության վարչության նախագահի տեղակալ (տեղակալներ): Վարչության նախագահի տեղակալն անհրաժեշտության դեպքում փոխարինում է Կուսակցության վարչության նախագահին, կատարում է նրա հանձնարարականները և իրականացնում վարչության կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
7.9. Վարչության նախագահի տեղակալը`
ա/ կատարում է վարչության նախագահի հանձնարարությունները և փոխարինում նրան`վերջինիս բացակայության ժամանակ,
բ/ վարչության նախագահի հանձնարարությամբ կամ նրա բացակայության ժամանակ վարում է վարչության կամ ներկայացուիցիչների խորհրդի նիստերը,
գ/ կատարում է վարչության կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:
7.10. Կուսակցության վարչությունն իր կազմից երկու տարի ժամկետով ընտրում է վարչության գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար):
7.11. Վարչության գործադիր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը)`
ա/ ղեկավարում է վարչության աշխատակազմը,
բ/ մշակում և վարչության հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը,
գ/ վարում է կուսակցության անդամների և համակիրների հաշվառումը,
դ/ ներկայացուցիչների խորհրդի որոշումների հիման վրա տնօրինում է կուսակցության գույքը, կնքում տնտեսական պայմանագրեր,
ե/ ապահովում է կուսակցական մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ,
զ/ հաստատում և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում պետական լիազոր մարմին է ներկայացնում Կուսակցության ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունները,
է) օրենքով սահմանված ժամկետում զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է Կուսակցության ֆինանսական և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները,
7.12. Անհրաժեշտության դեպքում Կուսակցության վարչության որոշմամբ կարող են ստեղծվել նաև վարչության ընտրովի կամ նշանակովի այլ պաշտոններ (Կուսակցության վարչության պատվավոր անդամներ, առանձին ոլորտների կամ հարցերի վարչության պատասխանատուներ, խորհրդականներ և այլն), որոնք իրականացնում են վարչության կողմից իրենց վերապահված լիազորություններ:
7.13. Կուսակցության վարչությունը հաշվետու է Կուսակցության համագումարին:
7.14. Կուսակցության վարչությունը`
ա) Կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները,
բ) համակարգում և վերահսկում է Կուսակցության տարածքային ստորաբաժանումների գործունեությունը,
գ) հաստատում է Կուսակցության տարածքային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունները և աշխատանքային ծրագրերը,
դ) իրականացնում է իր աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումներն ու աշխատանքները,
ե) պատրաստում և Կուսակցության համագումարի հաստատմանն է ներկայացնում համագումարների միջև ընկած ժամանակահատվածում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունը,
զ) իր կամ ներկայացուցիչների խորհրդի նախաձեռնությամբ որոշում է ընդունում հերթական կամ արտահերթ համագումար հրավիրելու մասին, սահմանում է հերթական համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը, տարածքային կազմակերպություններին տրվող քվոտաները,
է) վերահսկում է Կուսակցության համագումարի և իր որոշումների կատարումը,
ը) մշակում է Կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները, ծրագրային և կանոնադրական փաստաթղթերը, Կուսակցության մարտավարական սկզբունքները, Կուսակցության անունից կատարում է հայտարարություններ և առաջարկություններ,
թ) համակարգում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ամրմիններում ընտրված Կուսակցության անդամների գործունեությունը,
ժ) կազմում է հանձնաժողովներ, հանձնախմբեր, Կուսակցության վարչության նախագահի ներկայացմամբ հաստատում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունները,
ժա) համակարգում է Կուսակցության լրատվամիջոցների և հրատարակչական ծառայությունների (եթե այդպիսիք կան) գործունեությունը,
ժբ) կիրառում է կարգապահական տույժի և խրախուսման միջոցներ,
ժգ) հաստատում է կուսակցության ղեկավար մարմինների, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների և աշխատանքային ծրագրերի օրինակելի ձևերը:
ժդ) իր նիստում ներկայացուցիչների խորհրդի ներկայացմամբ որոշում է կուսակցության կողմից առաջադրվող Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուների ընտրական ցուցակը և այդ ընտրություններում կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորության թեկնածուների ցանկը, այդ նիստին մասնակցում են կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները,
ժե) որոշում է ընդունում ՀՀ Նախագահի թեկնածուի առաջադրման կամ առաջադրված որևէ թեկնածություն պաշտպանելու մասին,
ժզ) որոշում է ընդունում առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ դաշինքների կամ միավորումների (այդ թվում` ընտրական) ստեղծման կամ դրանց մասնակցության մասին,
ժէ) հաստատում է Կուսակցության նախընտրական ծրագրերը, կարգախոսները և քարոզչական բնույթի մյուս փաստաթղթերն ու նյութերը,
ժը) մինչև ներկայացուցիչների խորհրդին ներկայացնելը քննարկում և հաստատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը կուսակցության միջոցների օգտագործման մասին,
ժթ) իրականացնում է սույն կանոնադրությամբ և Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապաված այլ լիազորություններ:

8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԽԱՐՀՈՒՐԴԸ
8.1. Մարզային խորհուրդը կազմված է մարզային խորհրդի ղեկավարից, տվյալ մարզում գործող կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարներից և տարածքային կազմակերպությունների խորհուրդների կողմից ընտրված մեկական ներկայացուցչից:
8.2. Մարզային խորհուրդը համակարգում է տվյալ մարզում գործող տարածքային կազմակերպությունների աշխատանքները:
8.3. Մարզային խորհուրդը տարածքային կազմակերպության խորհրդի առաջարկով վարչության հաստատմանն է ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը:
8.4. Մարզային խորհրդի ղեկավարին երկու տարի ժամկետով նշանակում (ազատում) է Կուսակցության վարչության նախագահը և ներկայացնում վարչության հաստատմանը:
8.5. Մարզային խորհրդի ղեկավարը`
ա/ ղեկավարում է մարզային խորհրդի գործունեությունը,
բ/ հրավիրում և վարում է մարզային խորհրդի նիստերը, ստորագրում դրանց արձանագրությունները,
գ/ կազմակերպում է մարզային խորհրդի աշխատանքները,
դ/ երկու ամիսը մեկ գրավոր հաղորդում է տեղեկություններ կուսակցության վարչության գործադիր քարտուղարին` մարզում գործող տարածքային կազմակերպություններում հաշվառված անդամների, կատարված աշխատանքների վերաբերյալ,
ե/ ներկայացնում է կուսակցությունը տվյալ մարզում, հանդես է գալիս մարզային խորհրդի անունից:
զ/ իրականացնում է սույն կանոնադրությամբ և Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապաված այլ լիազորություններ:
8.6. Մարզային խորհուրդը իր կազմից երկու տարի ժամկետով ընտրում է վերստուգիչ, որը կարող է պահանջել մարզային խորհրդի գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Կուսակցության Վարչությունը ՀՀ համայնքներում ձևավորում է կուսակցության տարածքային կազմակերպություններ և ներկայացնում համագումարի հաստատմանը:
9.2. Կուսակցության տարածքային կազմակերպությունը կուսակցության առանձնացված տարածքային ստորաբաժանում է, որը վարչության որոշմամբ իրեն կցված համայնքների տարածքում իրականացնում է ներկայացուցիչների խորհրդի և վարչության կողմից հաստատված, կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
9.3. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է:
9.4. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովը`
ա/ երկու տարի ժամկետով գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության խորհուրդ,
բ/ ընտրում է կուսակցության համագումարի պատվիրակներ,
գ/ հաստատում է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տարեկան հաշվետվությունը տարածքային կազմակերպության խորհրդի գործունեության և միջոցների օգտագործման մասին,
դ/ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության վերստուգիչ մեկ տարի ժամկետով, որը կարող է պահանջել տարածքային կազմակերպության գործունեությանը առնչվող ցանկացած տեղեկատվություն:
9.5. Տարածքային կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` տարածքային կազմակերպության խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է տարածքային կազմակերպությունում հաշվառված կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 20 օր առաջ:
9.6. Տարածքային կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրում է տարածքային կազմակերպության խորհուրդը` իր, վարչության կամ հանրապետական խորհրդի նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպության խորհրդի առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կազմակերպության անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:
9.7. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում տարածքային կազմակերպության ղեկավարումն իրականացնում է կազմակերպության խորհուրդը:
9.8. Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահին խորհրդի ընտրված անդամներից նշանակում (ազատում) է Կուսակցության վարչության նախագահը` երկու տարի ժամկետով և ներկայացմում Վարչության հաստատմանը:
9.9. Տարածքային կազմակերպության խորհուրդը`
ա/ քաղաքացիների դիմումների հիման վրա նրանց անդամագրում է կուսակցությանը,
բ/ իր անունից անում է հայտարարություններ, քննարկում և ընդունում է որոշումներ կուսակցության տարածքային կազմակերպությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը,
գ/ ներկայացնում է առաջարկություններ Ազգային Ժողովի ընտրական ցուցակների կազմի մասին,
դ/ մարզային խորհրդին է առաջարկում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը,
ե/ իրականացնում է սույն կանոնադրությամբ և Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապաված այլ լիազորություններ:
9.10. Տարածքային կազմակերպության խորհրդի նիստեր է հրավիրվում առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` խորհրդի ղեկավարի կողմից: Տարածքային կազմակերպության խորհրդի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան 3 օր առաջ:
9.11. Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է խորհրդի ղեկավարի կողմից` իր նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:
9.12. Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` մեկօրյա ժամկետում:
9.13. Կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը`
ա/ ղեկավարում է տարածքային կազմակերպության գործունեությունը,
բ/ հրավիրում և վարում է տարածքային կազմակերպության խորհրդի նիստերը, ստորագրում դրանց արձանագրությունները,
գ/ ներկայացնում է կուսակցության տարածքային կազմակերպությունները,
դ/ կազմակերպում է կուսակցական ժողովներ, տարածքային կազմակերպությանը կցված համայնքում (համայնքներում),
ե/ վարում է տարածքային կազմակերպությանը կցված տարածքում բնակվող կուսակցության անդամների և կուսակցության համակիրների հաշվառում,
զ/ կազմակերպում է անդամավճարների գանձումը և դրա որոշված մասի փոխանցումը կուսակցության հաշվեհամարին` Կուսակցության ներկայացուցիչների խորհրդի կողմից սահմանված կարգով,
է/ երկու ամիսը մեկ գրավոր տեղեկություններ է հաղորդում կուսակցության մարզային խորհրդի նախագահին` տարածաքային կազմակերպությունում հաշվառված կուսակցութան անդամների, կատարված աշխատանքների վերաբերյալ:

10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

10.1. Կուսակցության անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ցանկանում է մասնակցել վերջինիս գործունեությանը և չի հանդիսանում այլ կուսակցության անդամ:
10.2. Կուսակցությանն անդամագրվել կամ կուսակցությունից դուրս գալ ցանկացող անձինք սահմանված կարգով գրավոր դիմում են ներկայացնում կուսակցության համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի անունով:
10.3. Կուսակցության անդամը մուծում է մուտքի վճար, ստանում է անդամատոմս և ունենում է հաշվառման թերթիկ:
10.4. Կուսակցության անդամն իրավունք ունի.
ա) մասնակցել կուսակցության գործունեությանը,
բ) ընտրել և ընտրվել կուսակցության մարմիններում,
գ) ստանալ սպառիչ տեղեկատվություն կուսակցության գործունեության մասին, այն բարելավելու նպատակով նրա մարմիններին ներկայացնել դիմումներ և առաջարկություններ,
դ/ ազատ դուրս գալ կուսակցությունից` մնալով կամ չմնալով նրա համակիրների ցուցակում,
10.5. Կուսակցության անդամը պարտավոր է.
ա) մուծել անդամավճար,
բ) մասնակցել կուսակցության գործունեությանը,
գ) պաշտպանել կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին բոլոր մակարդակիընտրություններում,
դ) չվարկաբեկել իր վարքով և գործունեությամբ կուսակցությանը, չծավալել քարոզչություն կամ այլ գործունեություն կուսակցության ծրագրին հակառակ,
ե) կատարել սույն կանոնադրության պահանջները:
10.6. Մեկ տարվա ընթացքում անդամավճար չմուծած անձինք կարող են հանվել հաշվառումից որպես կուսակցության անդամներ:
10.7. Եթե կուսակցության անդամը խախտում է սույն կանոնադրության պահանջները, ապա տարածքային կազմակերպության խորհուրդը կարող է նրան նախազգուշացնել կամ հեռացնել կուսակցության անդամությունից:
10.8. Կուսակցության անդամի հարցը չի կարող քննարկվել նրա բացակայությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցականը գրավոր կամ հրապարակավ հրաժարվում է քննարկմանը ներկա գտնվելուց կամ հրավերից հետո անհարգելի պատճառով չի ներկայանում համապատասխան նիստին:
10.9. Կուսակցությունից հեռացված անդամը կարող է վերականգնել իր անդամությունը ոչ շուտ, քան երեք ամիս անց, ընդհանուր հիմունքներով:
10.10. Կուսակցության համակիրները հաշվառվում են տարածքային կազմակերպության խորհրդի կողմից:

11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

11.1. Կուսակցությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
11.2. Կուսակցությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
11.3. Կուսակցությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների, իսկ նրա անդամները` Կուսակցության պարտավորությունների համար, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
11.4. Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով.
ա/ տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին,
բ/ հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ,
գ/ կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,
դ/ ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել դրանց հետ կապված պարտականություններ,
ե/ կնքել պայմանագրեր և գործարքներ,
զ/ իրականացնել միջազգային գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր այլ երկրների ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների,կուսակցությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական-քաղաքական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել այլ երկրներ, հրավիրել քաղաքացիներ այլ երկրներից,
է/ ներկայացնել, պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,
ը/ իրականացնել օրենսդրությամբ չարգելված, իր նպատակներին համապատասխան այլ գործունեություն:
11.5. Կուսակցությունը պարտավոր է`
ա/ հրապարակել իր միջոցների օգտագործման տարեկան հաշվետվությունը,
բ/ վարել իր անդամների հաշվառումը:

12. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

12.1. Կուսակցությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
12.2. Կուսակցությունը, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ և շարժական գույք (ներառյալ` դրամական միջոցներ, արժեթղթեր և գույքային իրավունքներ), ինչպես նաև մտավոր սեփականություն:
12.3. Կուսակցության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:
12.4. Կուսակցության սեփականությունը գոյանում է`
ա/ անդամավճարներից,
բ/ օրենքով սահմանված կարգով իրականացված հրատարակչական գործունեությունից, ոչ պետական աղբյուրներից ստացվող նվիրատվություններից, ժառանգություն ստացվող գույքից, մշակութային միջոցառումներից,
գ/ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
12.5. Կուսակցության միջոցներն օգտագործվում են միայն նրա գործունեության, նպատակների իրականացման համար` հանրապետական խորհրդի որոշումների հիման վրա:
12.6. Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կուսակցության գույքը կառավարում են վարչության կողմից սահմանված կարգով:

13.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

13.1. Կուսակցությունը կարող է լուծարվել և վերակազմակերպվել (միաձուլվել, միացվել, բաժանվել, առանձնացվել,) համագումարի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
13.2. Կուսակցությունը կարող է լուծարվել (գործունեությունը դադարեցնել առանց նրա իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու) օրենքով սահմանված կարգով և օրենքով սահմանված դեպքերում:
13.3. Լուծարման դեպքում կուսակցության գույքն ուղղվում է կուսակցության նպատակների և խնդիրների իրականացմանը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե: