Բագրատյանն ու ”Ազատ դեմոկրատնե՞րը”

  • 17/01/2013

”Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը դեռ որոշում չունի նախագահական ընտրություններում որևէ մեկին սատարել-չսատարելու կամ սեփական ընտրազանգվածին ուղղորդելու վերաբերյալ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը:

”Առաջիկայում, երբ ընդդիմադիր թեկնածուները և այն թեկնածուները, ովքեր ներկայացնում են ազատական դաշտը, ազատական գաղափարախոսությունը, որը բխում է մեր ծրագրային դրույթներից, կներկայացնեն իրենց ծրագրերը, մենք այդ կուսումնասիրենք և կտեսնենք ինչքանով են դրանք մոտ մեր ծրագրային դրույթներին, և ըստ այդմ` կընդունենք որոշումը”,-ասաց նա:

“Ազատ դեմոկրատներն” այն կարծիքին չեն, որ որևէ թեկնածուին սատարելը ինքնանպատակ է, իրենք նախ պետք է համոզված լինեն, որ այդ սատարումով կարող է ինչ-որ բան փոխվել առաջիկա գործընթացներում: Այս երկու հանգամանքները քննարկելուց հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ:

Հարցին, թե կա այնպիսի թեկնածու ում կարող է կուսակցությունը չսատարել, աենք` ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կամ ”Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին, խոսնակը պատասխանեց. ”Մենք մեր ծրագրային դրույթներին հակասող որևէ քայլ այսքան ժամանակ չենք արել և այս դեպքում էլ չենք անելու, և նորմալ է, որ չենք քննարկի այն թեկնածուներին, ովքեր հակասում են մեր ծրագրին”:

Ինչ վերաբերում է վերոնշյալ թեկնածուներին, ապա Անժելա Խաչատրյանն ընդգծեց. ”Պարոն Հովհաննիսյանի հռետորաբանությունից տեսնում ենք, որ նա ավելի շատ գործում է ազգայնական-պահանջատիրական ոլորտում, ինչն, իհարկե, ազատականությանը հակասող է:

Պարոն Բագրատյանը, ճիշտ է, ազատական դաշտից է, նա դիմել է մեր կուսակցությանը, ներկայացրել է իր ծրագիրը, մենք կքննարկենք առաջիկայում իր ծրագրերը”: Խոսնակը նշեց, որ մինչև քարոզարշավի սկիզբը դեռևս ժամանակ կա, և որոշ թեկնածուներ, հնարավոր է,  հրաժարվեն ընտրապայքարից: Այդ պատճառով չեն ցանկանում շտապել:

Թողարկված է՝ 2013-01-17 20:53:32-ին

Comments are closed.