Պետք է ժամ առաջ հայտարարություններից անցնել համակարգային և անշրջելի բարեփոխումների իրականացման՝ Հայաստանն այլևս սպասելու ժամանակ չունի

  • 20/05/2019

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ պետության զարգացման և ժողովրդավարացման կարևոր ցուցիչներից մեկը դատական իշխանության անկախությունն ու դրա նկատմամբ հասարակական վստահության բարձր մակարդակն է:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Տրամաբանական էր, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին պետք է հաջորդեին մի շարք գործընթացներ, որոնք պետք է միտված լինեին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր և թե՛ դատական իշխանության ճյուղերում առկա իրավիճակին պատշաճ գնահատական տալուն և այդ ոլորտներում արմատական և համակարգային հստակ և այդքան անհրաժեշտ փոփոխություներ իրականացնելուն:

Հստակ է, որ օրենսդիր և գործադիր մարմնում բացարձակ մեծամասնություն ունեցող օրվա իշխանությունները 2018թ. դեկտեմբերի 9-ից հետո ավելի քան բավարար ժամանակ ունեին վերը նշված ոլորտներում առկա խնդիրների քաղաքական գնահատականը տալու և համակարգային փոփոխությունների ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար: Ցավոք, վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, դրանց շուրջն ընթացող հասարակական բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի կողմից երբեմն գիտակցաբար, երբեն նաև ոչ դիտավորությամբ տեղի է ունենում հասարակության տարբեր շերտերի բևեռացում, քաղաքական և պետական ինստիտուտների թուլացում, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

Տեղին է նաև շեշտել,  որ Հայաստանի հասարակության բևեռացումը և շերտավորումը՝ թե՛ սոցիալական և թե՛ քաղաքական, ավելի քան տասնամյակների արմատներ ունի, ինչն էլ հանգեցնում է ինքիշխանության և պետական ինստիտուտների թուլացման, որի հետևաքով Հայաստանը կորցնում է իր դիմադրողականությունը:

Այն, որ Հայաստանում դատական իշխանության և իրավական համակարգի նկատմամբ առկա անվստահությունը մեծ է, որևէ մեկի համար նորություն չէ: Արդարադատության համակարգի բացերի, ավելին՝ դրա բացակայության մասին խոսվել է բազմիցս, սակայն այդ խնդրի լուծման ուղղությամբ էական քայլեր չեն արվել:

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին թե՛ դատական համակարգում և թե՛ իշխանության մնացած ճյուղերում փոփոխությունների մասին հայտարարություններից ժամ առաջ անցնել իրական, համակարգային և անշրջելի փոփոխությունների իրականացման գործուն քայլերի, քանզի Հայաստանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերները մեզ այլևս սպասելու ժամանակ չեն տալիս:

Մեր գնահատմամբ՝ դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը չի կարող լինել նշյալ խնդրի լուծումը, ավելին՝ դա համարում ենք անթույլատրելի: Վստահ ենք, որ դատական համակարգի այս իրավիճակի պատճառը ոչ թե պրոֆեսիոնալների բացակայությունն է այդ համակարգում, այլև տարիներ շարունակ քաղաքական մեծամասնության կողմից այդ համակարգի, որպես իշխանության անկախ ճյուղի կայացման հետևողական խոչընդոտումը և ընտրովի արդարադատության իրականացումն է եղել:

Համոզված ենք, որ դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով և ունենալով բացարձակ մեծամասնություն ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ սկսի հասարակական-քաղաքական երկխոսություն: Օրենսդրական ճանապարհից զատ, մնացած բոլոր ճանապարհները ոչ միայն անընդունելի են, այլև հղի մի շարք վտանգներով, որոնք կարող են բացասաբար ազդել թե՛ մեր պետության միջազգային վարկանիշի և թե՛ իրապես անկախ և ինքնաբավ դատական համակարգ կայացնելու գործընթացի վրա:

 

 

Comments are closed.