Փաշինյանին ասել, թե ԱԺ ընտրություններ մի՛ անցկացրու, նույնն է, թե ասել՝ քո հաղթանակը նվիրի՛ր մեզ. Խաչատուր Քոքոբելյան

  • 04/10/2018

 Tert.am-ի զրուցակիցն է Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ 

– Պարո՛ն Քոքոբելյան, Հանրապետական կուսակցությունը թեկուզ տեխնիկական, բայց մեծամասնություն ունի Աժ-ում, և իրենք բոլորովին հակված չեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Նաև վերլուծություններ կան, որ իրենք շատ բան ունեն կորցնելու: Այսուհանդերձ, ի՞նչ պետք է անի, և ի՞նչ պետք է առաջարկի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի նրանք համաձայնեն:

-Շատ դիտարժան դիտարկում արեցիք` տեխնիկական մեծամասնություն, բայց ուզում եմ մի փոքր շտկում անել` ՀՀԿ-ն այսօր նույնիսկ տեխնիկական մեծամասնություն չունի, քանզի այս ընթացքում Հանրապետական կուսակցությունից կամ խմբակցությունից դուրս եկողներ եղան, օրինակ՝ բիզնես սեկտորը դուրս եկավ՝ ես ուզում եմ հենց իրենց լեզվով ասեմ դա, դուրս եկան նաև տարբեր մարդիկ, այսինքն ներկայացրին, որ իրենք այլևս Հանրապետական խմբակցությունը չեն ներկայացնում, և այսօր անգամ տեխնիկական  մեծամասնություն Ազգային ժողովում չկա ուղղակի:

  -Բայց այդ ձայները, այնուամենայնիվ, պետք են:

-Բնականաբար, ոչ թե միայն այդ ձայները, այլ Ազգային ժողովում ձայների մեծամասնություն է պետք, որպեսզի հասնեն դրան: Ես ինքս այլ կարծիքի եմ, որ Ազգային ժողովի լուծարման համար պետք է հասնել պայմանավորվածությունների այնպիսի մակարդակի, որ ո՛չ վարչապետը միտինգներ անելու՝ ինչպես որ խոսվում է, անհրաժեշտություն ունենա, ո՛չ անհրաժեշտություն լինի որևէ սահմանադրական նորմ խախտելու, ո՛չ էլ անհրաժեշտություն լինի հասնելու ծայրաստիճան մակարդակի: Կարծում եմ նաև, որ հանրաքվեի տարբերակն էլ ամենացանկալին չէ: Առնվազն երեք գործիք կա, որով կարելի է Ազգային ժողովը լուծարել: Ամենալավ գործիքը, որը և՛ նաև երկրին կնպաստի, և՛ չի խոչընդոտի քաղաքական պրոցեսները կլինի պայմանավորվածությունները քաղաքական ուժերի միջև: Եվ եթե քաղաքական ուժերը չեն կարողանում իրար մեջ այս պարագայում պայմանավորվածություն ձեռք բերել, ես դա կհամարեմ ոչ նորմալ գործընթաց: Ես տեսնում եմ նախադրյալներ, որ ճիշտ առաջարկների, ճիշտ մոտեցումների, և հակառակ կողմի ըմբռնման դեպքում կարելի է հասնել մեր պետության ու քաղաքացիներին անհրաժեշտ այդ կարևորագույն կոնսոլիդացիային՝ նկատի ունեմ Ազգային ժողովի լուծարման հարցի շուրջ:

-Բայց արդյո՞ք պայմանավորվածությունը քաղաքական կատեգորիա է, որովհետև մենք տեսել ենք, որ մեր երկրում կարող է նաև Սահմանադրություն խախտվել, և հուշագիրն ընդամենը ստորագրություն է, որը հենց նույն վայրկյանին կարող է վերանալ:

-Գիտեք, և հենց դա է պատճառը, որ Հայաստանում այս վիճակն է տիրում: Քաղաքական պայմանավորվածությունը, այո՛, քաղաքական կատեգորիա է, եթե այդ պայմանավորվածության տակ ստորագրություն դնողները քաղաքական պարկեշտություն ունեցող և հասուն քաղաքական գործիչներ են: Եվ Հայաստանում, քանի որ մինչև այս պահը որոշակի շրջանակներում գերիշխող են եղել իմիտացիոն գործընթացները, և Ձեր իսկ թվարկած այդ քաղաքական կոալիցիաները և հուշագրերը նաև իմիտացիոն և տեխնիկական բնույթի են եղել, այդ իսկ պատճառով պայմանավորվածություններն էլ չեն պաշտպանվել: Ընդհանրապես այսօր` 21-րդ դարում, ավելի մեծ դերակատարություն ունեն պայմանավորվածությունները, քան բուն գրավոր տեքստերը, այդ թվում նաև բիզնես աշխարհում: Հասուն մարդկանց մոտ պայմանավորվածությունն ավելին է, քան թղթին հանձնած պայմանավորվածության մասին տեղեկատվությունը: Եվ մենք պետք է վեր կանգնենք այդ ամեն ինչից, և մեր հասարակությունն էլ արդեն շատ լավ ճանաչում է, թե ովքեր են, որ պայմանավորվածություններ չեն պահում, և ովքեր են, որ կարողանում են և փորձում են խուսանավել կարևորագույն պայմանների առկայության դեպքում: Բավ է ուղղակի: Մեր քաղաքացիներն ուղղակի վաստակել են խաբված չլինելու իրավունքը, որպեսզի քաղաքական գործիչները բառիս բուն իմաստով դերասանությամբ չզբաղվեն, և չգործեն քաղաքացիների թիկունքում՝ իրենց իսկ արված հայտարարություններին հակառակ մոտեցումներով, ինչի ականատեսն ենք դառնում մինչև այս պահը: Մարդ կա իրեն սրբի տեղ դրած այնպես է խոսում, որ կարծես թե երկնքից է իջել: Հայաստանը, ցավոք, փոքր պետություն է և բոլորը գիտեն ով ինչպես է ապրում, ինչ է շնչում, և ինչպես է կարողացել ինչ-որ խնդիրների լուծումների հասնել: Մինչև հիմա Հայաստանում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ տնտեսական դաշտում, ցավոք սրտի, եղել է քվոտավորման գործընթաց: Չեմ ասում ամբողջովին, բայց մեծամասամբ այդպես է եղել: Եվ դա էր պատճառը նաև, որ նախկին իշխանությունների կողմից ստեծվել էր բառացիորեն արհեստական քաղաքական համակարգ, որը միանգամից փուչիկի պես պայթեց:

– Պարոն Քոքոբելյան, մյուս կողմից հնչում են մեղադրանքներ, թե Նիկոլ Փաշինյանը որպես երկրի վարչապետ, ոչ թե որպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար, պետք է նաև մտածի մյուս կուսակցությունների մասին, այսինքն` հասկանա, որ այս հետհեղափոխական Հայաստանում հեղափոխական ալիքի վրա, եթե ինքը անցկացնի ընտրություններ, ապա նորից կստանա 80-81%, և դա այդքան էլ լավ չէ ժողովրդավարության առումով: Եվ մյուս կողմից, քաղաքական ուժերը, որոնք իրենք անընդհատ պնդում են, որ պետք է անցկացվեն որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իրենք արդյո՞ք պատրաստ են տրասֆորմացվելու նոր այս պայմաններին, դիմանալ մրցակցությանը: Ես նկատի ունեմ ավագանու վերջին ընտրությունների ցուցանշները, երբ այսպես ասած նախագահ ընտրված կուսակցության ղեկավարները զրո և մեկ գործակից ստացան:

-Շատ կարևոր է Ձեր ասածը: Նախ ես չեմ կիսում այն կարծիքը, որ պետք է վախենալ էյֆորիայից: Քաղաքական էյֆորիան և հատկապես հեղափոխական էյֆորիան, քաղաքական գործընթաց է, և քաղաքական ուժերը պետք է նաև ձգտեն առաջացնելու այդ էֆֆեկտները կամ չեզոքացնելու: Եվ քաղաքական ուժը, կուսակցություններն էլ, ոչ ավել ոչ պակաս, այն լավագույն գործիքներն են, որտեղ հավաքված են մեր քաղաքացիները, համախոհները, որոնցով մասնակցություն և ազդեցություն են ունենում այդ պրոցեսների վրա։ Եվ երբ քաղաքական ուժերը մեղադրում են դիմացինին, թե այս փուլում բարձր ռեյտինգ ունես, սա ևս  ճիշտ չէ, քանի որ  նույնն է, որ ասես՝ քո հաղթանակը նվիրիր ինձ: Այդ մոտեցումը բացարձակապես չեմ կիսում, և նույնիսկ զարմանում եմ, որ մեր քաղաքական կուսակցությունների ղեկավարները կամ այլ լիդերները այդ մասին շատ են խոսում: Էյֆորիան շատ մարդկային երևույթ է, բնականաբար, էյֆորիան կարող է նաև այլ դրսևորումների բերել, բայց քաղաքական հասունությունը և քաղաքական հստակ մոտեցումները հենց նրա համար են, որ կարողանան տարբերակել իրարից, թե որն է ավելի ռացիոնալ, և որ լուծումները կբերեն Հայաստանի Հանրապետությանը թե՛ անվտանգության առումով ապահովագրման, և թե՛ տնտեսական զարգացման առումով: Որովհետև հիմա ամեն ինչից խոսվում է, բացի տնտեսության զարացումից և տնտեսական կարևոր ուղղություններից: Կարծես թե փորձ է արվում ամեն ինչ իջեցնել ամենօրյա խոսակցությունների մակարդակի, բայց Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ քաղաքացիները ունեն լրջագույն մարտահրավերներ՝ սկսած Արցախի հիմնախնդրից, վերջացրած կենցաղային հիմնախնդիրներ` գազի, էլեկտրաէներգիայի սակագին, տրանսպորտ, և այլն: Այսինքն այն ամենօրյա խնդիրները, որոնց մենք ամեն օր առնչվում ենք: Եվ թող որևիցե քաղաքական ուժ չփորձի իր մեղքի բաժինը գցել այլ քաղաքական ուժի վրա: Բնականաբար, հենց դրա համար էլ կան տարբեր քաղաքական ուժեր: Իսկ ինչ վերաբերում է մրցակցությանը դիմանալ-չդիմանալուն, ես անձամբ գնահատում եմ, որ ավագանու վերջին ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից շատ-շատերի, եթե ոչ 90%-ի համար, մի իրավիճակ էր ստեղծել, որ իրենք այդ պայմաններում չէին աշխատել։

-Նախկինում ասում էին կեղծել են:

– Նախկինում մոտիվացիոն տարբեր գործիքներ կային, որոնք որոշ քաղաքական ուժերի հենասյուներն էին՝ սկսած ընտրակաշառքից, իշխանական ռեսուրսի օգտագործումից և այլն: ՀՀ-ում 1991 թվականից այս կողմ առաջին անգամ ընտրությունների անցկացման համար ստեղծվել է  այլ իրավիճակ, իհարկե ես որոշ առումով 1995 թիվն էլ կառանձնացնեի, որովհետև նույն 1995 թ․-ին էլ ընթանում էր գաղափարական պայքար, մրցակցությունը գաղափարների, վիճահարույց կետերի շուրջ էր: Դրանից հետո, ընտրարշավների ժամանակ այլ գործոններ էին աշխատում, այլ ոչ թե քաղաքական մոտեցումների կամ գաղափարների մրցակցություն: Նույն հեռուստատեսություններում կար ուզուրպացիա, և շարունակում է մնալ՝ ի դեպ ասեմ: Ես կարծում եմ Հայաստանում ոչ թե ազատ դաշտ չկա, այլ ամեն ինչ շատ բևեռացված է: Քաղաքական ուժեր կան, որոնք ունեն հեռուստաընկերություններ և դա միշտ օգտագործել են: Այժմ նոր մրցակցային պայմաններ են ստեղծվել և եթե առաջ իրենք բառացիորեն ստիպված չէին այլ քաղաքական ուժերին էլ հնարավորություն տալ արտահայտվելու ընտրարշավների ժամանակ, իհարկե խոսքը չի վերաբերում այն սակավ վճարովի ժամանակահատվածին և մեկ-երկու հաղորդումներին, ապա այժմ իրենք մրցակցությունից ելնելով ստիպված կլինեն ընկրկել անգամ իրենց իսկ կիրառած հին մոտեցումների առջև: Եվ կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գնում է առողջացման պրոցես: Եվ որևիցե մեկը դրանից չպետք է վախենա, ընդհակառակը՝ պետք է շահագրգիռ լինենք, որ այդ առողջացման պրոցեսը հնարավորինս արագ տեղի ունենա, որովհետև, գիտեք, կուսակցություն կա նոր է և հնարավոր է, որ լայն ճանաչում չունի, բայց եթե երկաար տարիներ գործունեություն ծավալած կուսակցություններն իրենց գաղափարների մասին այսօր նոր են բարձրաձայնում, կամ նույնիսկ չեն կարողանում դրանք հասցնել քաղաքացիներին, ապա դա նրանց մեղքն է։

-Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ 2019 թվականի բյուջեն լինելու է իներցիոն բյուջե, այսինքն դա նույնիսկ իրենց կառավարության, այսպես ասած ուրվագծած, կառուցած, հավաքած բյուջեն չի լինելու, մյուս կողմից էլ արդյո՞ք ազնիվ է, որ սոցիալական ինչ-ինչ խնդիրներ չլուծած փորձում են նորից այս հեղափոխական ալիքի վրա՝ քաջ գիտենալով, որ ունեն բարձր վարկանիշ, արտահերթ ընտրություններ անցկացնել և ստանալ մեծամանության քվեները:

-Գիտեք, ես նույնիսկ ճիշտ չեմ համարում դա որակել ազնիվ կամ ոչ ազնիվ, որովհետև քաղաքական ուժի նաև գործառույթների մեջ է մտնում ճիշտ պահը օգտագործել, եթե ինքը կարողանում է շատ քվեներ շահել: Դրա հետևանքները մենք դեռ չենք տեսել: Մենք տեսել ենք ընտրությունների խեղման և ընտրությունների կեղծման հետևանքները: Մենք տեսել ենք կեղեքված Հայաստան, մենք տեսել ենք թալանված պետական կառույցներ, պետության հնարավորությունների մսխում ենք տեսել, բառիս բուն իմաստով, և նաև տեսել ենք ՀՀ ողջ էներգետիկ ենթակառուցվածքները օտարին հանձնելու գործընթաց: Իսկ սրա հակառակը դեռ չենք տեսել: Դա էլ է խնդիր: Այսինքն նկատի ունեմ, որ Հայաստանն իր համար կարևորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական կառույցների նկատմամբ պետք է փորձի իր վերահսկողությունը վերականգնի: Բայց կա մի շատ պարզ բան՝ զուտ տնտեսության զարգացման առումով, ցավոք սրտի, մինչև այս պահը կարևորագույն շատ խնդիրներ դուրս են մնացել ուշադրությունից: Օրինակ մինչև հիմա փարձում են մոլորեցնել մեր քղաքացիներին թե ինչու է Հայաստանում գազի գինն այդքան բարձր, և դա անում են որոշակի կենտրոններ: Բայց այդդետղ մի շատ պարզագույն խնդիր կա և դրա պատասխանը բոլորը գիտեն, և դա պարզելու համար կարիք չկա Ազգային ժողովում նորից հանձնաժողով ստեղծել։ Մամուլից տեղեկացա, որ գազի սակագնի քննարկման համար ԱԺ-ում նորից հանձնաժողով են ուզում ստեղծեն: Եթե որևիցե մեկը այդ «ավստրիական թվաբանությունը» չգիտի (այդպիսի տերմին կա, եթե կուզեն, թող ասեն՝ կբացատրենք- Խ․ Ք․), եթե այդ էլեմենտար թվաբանությունը չգիտեն, թե ինչպես է այդ գնագոյացումը լինում, ապա նույն խորհրդարանի իմ հարգարժան ընկերները հնարավորություն ունեն մեկ զանգ անել հանրային ծառայությունների հանձնաժողով, կամ առանց զանգելու՝ հենց կայքից տեղեկանան, թե ինչպես է տեղի ունենում գնագոյացումը:

Այսինքն մենք ի՞նչ ունենք այսօր․ ունենք թալանված համակարգ, ունենք կոմունիկացիաներից զրկված երկիր՝ այսօր ՀՀ-ն նույնիսկ իր սեփական ավիացիան չունի: Այն պետությունը, որը դրա իրավունքը չունի, որովհետև ինքը պատերազմում գտնվող պետություն է, մեզ մոտ պատերազմը չի ավարտվել, մեզ մոտ այս պահին ուղղակի ռազմական գործողությունների դադար կա, որը, ցավոք սրտի, ցանկացած ժամի, ցանկացած պահի կարող է սկսել:

Նայեք, օրինակ, Հայաստան մտնող ինտերնետի օպտիկական մալուխները ինչ ճանապարհով են գալիս, նկատի ունեմ, որ անվտանգության խնդիր կա նաև այդտեղ։ Հայաստանում էներգետիկ կայուն համակարգ ունենալու խնդիր ունենք՝ էներգետիկ անվտանգության մասին եմ խոսում, և վերջապես շատ է խոսվում բանկային համակարգից, որը կայացածներից մեկն է համարվում, բայց այստեղ էլ մենք լրջագույն անելիքներ ունենք: Եվ թող մատնանշեն մինչ օրս այդ համակարգը կայացնողները, թե տնտեսության որ ճյուղի զարգացմանն են հատկապես նպաստել բանկերը: Այսինքն ենթե մինչ այս ինչ-որ ոլորտներում զարգացում եղել է, ապա զուտ տնտեսվարողների բառացիորեն համառության և կայուն աշխատանքի շնորհիվ: Այսօր մենք ունենք մի պետություն, որի գրեթե բոլոր կառույցներում կան առնվազն լրջագույն խնդիրներ, չեմ ասում չկան կառույցներ, որոնք աշխատում են, բնականաբար կան և աշխատում են, բայց խոսքս այն մասին է, որ այն, ինչ մինչ այս պահն ունենք բավարար չէ՝ ոչ թե բավարար վիճակ է ու հիմա զարգացման կարիք կա։ Եվ մենք ժամ առաջ պետք է սկսենք մեր պետական կառույցների, մեր տնտեսության զարգացման գործընթացը: Եվ այդ առումով, այո՛, անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ինձ քիչ է հետաքրքրում, թե քաղաքական ուժերի վերադասավորությունն ինչպես կլինի, թե ով քանի մանդատ կարող է ստանալ: Ինձ որպես ՀՀ քաղաքացի հետաքրքրում է, որ իմ երկրում իմ երկրի երիտասարդները, սկսած իմ երեխաներից, վերջացրած ինձնով, տեսնեն ՀՀ ապագան։ Ես հավատում եմ ՀՀ ապագային: Ես լավ տեսնում եմ ինչպես կարելի է լուծել նշածս բոլորն խնդիրնրը, և, հավատացեք,  այդպիսիք շատ կան: Պետք է վերացնել այն արհեստական խոչընդոտները, այն պորտաբույծներին, որոնք տարբեր համակարգերի վրա նստած ուղղակի հարստահարել են ժողովրդին` սպառելով մեր հասարակության ռեսուրսները, մսխելով ՀՀ անկախության ու ինքնության ռեսուրսները: Ավելորդ եմ համարում հիշեցնել ՀՀ շահից չբխող տարբեր պայմանագրերը այլ երկրների հետ կնքված՝ որքան էլ անունը դնեն ռազմավարական, դաշնակից կամ ոչ ռազմավարական, փաստ է, որ մենք այսօր հայտվել ենք մի վիճակում, որ զրկված ենք մեր իսկ անվտանգության հետ կապված կարևորագույն օբյեկտներից, բացառությամբ ՀՀ բանակի, որն իր մարտունակությամբ հանդիսանում է մեր անվտանգության միակ երաշխավորը: Բայց եթե չենք  ստեղծելու տնտեսություն, որը զարգացում է ապահովում և կարողանալու է  կերակրել այդ բանակին, ապա չեմ ուզում անդրադառնալ այն հայտնի ասացվածքին, թե ինչ վատ հետևանքների դա կարող է բերել։ Նայեք մեր զինվորականների սոցիալական վիճակին՝ անթույլատրելի է ուղղակի։  Կամ նույն իրավապահ համակարգը՝ այն  այսօր ավելի խոցելի վիճակում է, քան քաղաքացիները, որովհետև իրավապահ համակարգի ուղղակի անխափան աշխատանք ապահովելու համար նաև այդ ոլորտի աշխատակիցների կենսամակարդակի բարձրացում է անհրաժեշտ՝ նկատի ունեմ աշխատավարձերի: Օրինակ շատ ծիծաղելի և վիրավորական է, որ 100․000 դրամ աշխատավարձ ստացողի մասին խոսում են, թե 20% բարձրացում է լինելու: Դա նույնիսկ բավարար չէ նորմալ աշխատանքային ռիթմ ապահովելու համար, ուր մնաց թե ավելին անելու մոտիվացիա ապահովելու:

Մենք պետք է դուրս գանք այդ բոլոր կեղծ օրակարգերից: Իսկ կեղծ օրակարգերից դուրս գալու համար պետք է այդ բուրգը փլվի, այնպես ինչպես փլվեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Այսինքն այդ կեղծ, թղթյա, գոյություն չունեցող համակարգը մի թեթև շարժումից ուղղակի հավասարվեց գետնին: Չի կարելի սին և կեղծ պատրանքներ ունենալ, որ Հայաստանում եղել են քաղաքական մեծ հոսանքներ, և այլն: Նույնիսկ իրենք չեն հավատացել իրենց մոտեցումներին: Եվ այսօր կա այն, ինչը ունենք: Եվ շատ լավ է, որ այսօր ունենք այս վիճակը՝ դա մեզ նվեր է: Նվեր է այն առումով, որ նոր հարթություն է ստեղծվում, նոր մոտեցումներ, և մենք ժամանակ չունենք հապաղելու, որովհետև աշխարհում չեն սպասում մեր հապաղմանը: Մեր հակառակորդը, որը շատ լավ գիտեք, որ ցանկացած ոտնձգության պատրաստ է, նա հարմար պահի է սպասում: Դա չգիտակցելը համարում եմ պետական դավաճանություն ով էլ դա լինի, հատկապես քաղաքական շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում։

                                                                                                                                                                               Անուշ Դաշտենց

Comments are closed.