Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը

  • 03/10/2018

Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կտարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այդ նախաձեռնությամբ նոր անջրպետ առաջացավ ՀՀ-ում սկսված փոփոխությունների կողմնակիցների և գործող Ազգային ժողովի միջև։ Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում վիժեցնել այն բոլոր անհրաժեշտ օրեքների ընդունումը և պրոցեսների նախապատրաստումը, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, այդ թվում՝ այդքան կարևոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որն ամբողջովին հարմարեցված էր հին համակարգին։

Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, օրվա հրամայական է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչն այս իրավիճակում կհանդիսանա ՀՀ-ում քաղաքական և հասարակական համերաշխության ապահովման ամենաանհրաժեշտ և արդյունավետ լուծումը։ Իսկ նրանք, ովքեր կխոչընդոտեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, ակնհայտորեն կնպաստեն հասարակության երկփեղմանը և ՀՀ թուլացմանը՝ այն էլ Հայաստանի և Արցախի համար այսքան պատասխանատու և կարևորագույն  պատմական ժամանակաշրջանում։

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն ևս մեկ անգամ վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ՀՀ քաղաքացիների և վարչապետի դիրքորոշմանը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը, և ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրություններն են, որ կարող են դառնալ Հայաստանում փոփոխությունների և զարգացման անշրջելիության երաշխիքը։

 

Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

03102018թ

Comments are closed.