Մարտի 1-ի գործը չբացահայտելու տարբերակ չկա. պետք է հարցաքննել ճիշտ մարդկանց ճիշտ ժամանակին. Մասիս Այվազյան

  • 14/08/2018

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն ակտիվորեն քննում է Մարտի 1-ի քրեական գործը։ Օրեր առաջ էլ ՀՔԾ-ն որպես վկա հարցաքննության էր հրավիրել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը  զրույցել է Մասիս Այվազյանի հետ:

Մասիս Այվազյանը հարցաքննությունից մանրամասներ չի հայտնել՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքի հանգամանքով, սակայն նշել է. «Քննիչներին ավելի շատ հետաքրքրում էր մարտի 1-ին բանակի մասնակցության խնդիրը»։

Մասիս Այվազյանին ձերբակալել էին առավոտյան, ժամը 5:45-ին, հենց Ազատության հրապարակից, երբ ոստիկանությունը ներխուժել և բռնություններ էր գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ձերբակալությունից հետո Այվազյանին տեղափոխել էին ոստիկանություն, որտեղ արձանագրել էին բերման ենթարկվելու ժամը, իսկ հետագայում մեղադրանք առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (Քր.օր.-ի 316-րդ հոդված) և զանգվածային անկարգություններ հրահրելու (225-րդ հոդված) շաբլոն մեղադրանքներով։

«Շատերի մեղադրանքը նույնն էր, ես Հյուսիսային պողոտայում ընդհանրապես չեմ եղել, քրգործում գրել էին, թե ինձ ձերբակալել են Հյուսիսային պողոտա-Պուշկին խաչմերուկում, մինչդեռ ես այնտեղ չեմ էլ հասցրել լինել։ Հետո էլ վկաներ էին բերում՝ իբր ինձ տեսել են այդ հատվածում, սակայն ոստիկանական բաժնում ճիշտ էին ձևակերպել, և չկարողացան շինծու մեղադրանքը սարքել»,-ընդգծել է Մասիս Այվազյանը։

Այվազյանի իրավունքները խախտվել են նաև կալանավորված ժամանակ, դատարանի վճռով երկամսյա կալանքից հետո նրան ապօրինի կերպով ևս 15 օր՝ մայիսի 2-ից 17-ը, պահել են «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ առանց կալանքի ժամկետը երկարաձգելու կամ գործը դատարան ուղարկելու։ Ապօրինի կալանքի գործով նրա բողոքն այժմ գտնվում է Եվրոպական դատարանում։

Մասիս Այվազյանը վստահ է, որ Մարտի 1-ի գործը կբացահայտվի, և վերջապես օբյեկտիվ քննություն կընթանա։ «Տասը տարի մտածում ենք, ուզում ենք, որ գործը բացահայտվի։ Չբացահայտվելու տարբերակ չկա, հազարավոր մարդիկ են եղել այնտեղ, ճիշտ մարդկանց ճիշտ ժամանակին հարցաքննել է հարկավոր»,- նշել է նա։

 

Հեղինակ՝ Արտակ Եղիազարյան

Comments are closed.