ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զարմանում եմ Արցախյան հիմնախնդրին քամահրանքով նայող մեր քաղաքական այրերի վրա. Խաչատուր Քոքոբելյան

  • 03/07/2018

 

 ՀՀ պետական սահմանի նախիջևանյան հատվածում վերջին օրերին առկա լարվածության, արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումների առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ։

Պարոն Քոքոբելյան, այս օրերին սահմանային լարվածություն կա Նախիջևանի հատվածում, վիրավոր զինվոր ունենք։ Ինչպե՞ս կբացատրեք Ադրբեջանի ակտիվությունը սահմանի այդ հատվածում։

Նախ առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածում խիստ ակտիվ է, և եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի հարձակողական և ագրեսիվ ստրատեգիային, որն իրենք երբևիցե չեն թաքցրել, հատկապես վերջին շրջանում, ապա ակնհայտ է, որ այդ կերպ իրենք շոշափում են իրենց առավել հարմար դիրքերը։ Երբեք չպետք է մոռանանք, թե Հայաստանն Ադրբեջանի հետ ինչքան մեծ սահման ունի հյուսիս-արևելեքում, ավելի մեծ քան արցախյան սահմանագիծն է և Նախիջևանի կողմն այդ առումով ավելի խոցելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ ավելի մոտ է Երևանին, և թե՛ այնտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են գտնվում, պարսկական գոտին է, առավելևս հաշվի առնելով աշխարհագրական դիրքը։ Եթե ՀՀ-Ադրբեջան սահմանի մյուս հատվածներում աշխարհագրական առումով հայկական կողմն ունի ավելի նպաստավոր դիրքային պայմաններ, ապա այս հատվածն այդպիսին չէ։

Շատ կարևոր հարց եք բարձրացնում․ առհասարակ ես զարմանում եմ մեր քաղաքական այրերի վրա, որոնք քամահրանքով են նայում արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև ՀՀ անվտանգության շուրջ օրեցօր զարգացող սպառնալիքին։ Ինձ նույնիսկ զարմացնում է, որ որոշ հասուն մարդիկ, որոնք բացի այն որ քաղաքական գործիչ են, այլ նաև հասուն տղամարդիկ են, բայց իրենց թույլ են տալիս հայտարարել, որ ցանկացած օր սպասում են, որ ադրբեջանական կողմից լինի հարձակում և ջախջախեն վերջինիս, քանզի Հայաստանի վարկանիշն այժմ շատ բարձր է։ Նախ՝ պատերազմի մեջ վարկանիշն այնքան կապ չունի, որքան մարտունակությունն ու ռազմական հագեցվածությունը։ Վարկանիշն ակնհայտորեն անհրաժեշտ պայման է, այն առումով, որ միջազգայնի հարթակներում մենք կարողանանք զսպել պատերազմ սանձազերծող Ադրբեջանին, բայց դա դեռ բավարար պայման չէ։ Եվ բավական է արդեն, որ մեր քաղաքական և պետական այրերը, բառիս բուն իմաստով, անհասու քաղաքական հայտարարություններ անեն։ Դա նույնիսկ զայրացնում է ինձ, քանզի ինչպես կարող է մարդն իր երկրի և իր քաղաքացիների և ի վերջո նաև ինքն իր անվտանգությանն այդքան քամահրանքով վերաբերվել։ Ինձ խիստ անհանգստացնում է, որ հայրենասիրությունը որոշ քաղաքական գործչների կողմից ընկալվում է, որպես այս կամ այն սեմինարներում, եվրոպական այս կամ այն հասարակական կառույցներում, որոնք մերոնք երբեմն ավելի լուրջ են ընդունում, քան մեր իսկ պետական կառույցները, սրեր ճոճելն ու դա տարբեր սոցիալական ցանցերով տարածելը։ Դա ինձ մոտ ծիծաղ է առաջացնում, ավելին՝ ես ցավում եմ, որ մեր քաղաքական դաշտը հասուն չէ ռեալ գնահատելու և դիմակայելու անվտանգության այն մարտահրավերերին, որոնք այսօր ունի Հայաստանը։ Ցավով եմ նշում, բայց մեր քաղաքական այրերը ճիշտ չեն գնահատում իրավիճակն ու ճիշտ հետևություններ չեն անում։ Անվտանգության առումով այսքան փխրուն տարածաշրջանում գտնվող պետության պետական և քաղաքական այրերը պարտավոր են ոչ թե ժամ առ ժամ, այլ րոպե առ րոպե հետևել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը և նաև դեպքերի պատճառահետևանքային կապը հասկանալ։ Կոչ եմ անում դադարեցնել սեմինարներում և տարաբնույթ միջոցառումներում սրեր ճոճելու քաղաքականությունը և ռեալ գնահատել մեր անվտանգության բաղադրիչներն ու դրանից բխող հետևանքները։

Չեմ կարող այստեղ չանդրադառնալ նաև այս օրերին Արբեջանում եթե չասենք թափառող, բայց առնվազն տուրիզմով զբաղվող կամ այլ առաքելությամբ այնտեղ գտնվող ՌԴ պառլամենտի որոշ անդամների հայտարարություններին։ Հիշեցնեմ, որ նրանք ՀՀ ռազմավարական գործընկեր և Հայաստանի նկատմամբ ռազմական պարտավորութուններ ունեցող Ռուսաստանի պառլամենտի անդամներ են և պատկերացրեք, որ հայտարարում են, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Ղարաբաղը և հարակից տարածքները։ Ես ուզում եմ հիշեցնել բոլորին, ովքեր հիշողության կորուստ ունեն, թե քառօրյա պատերազմից առաջ ինչպիսի հայատարարություններ եղան ռուսասկան կողմից։ Թող բոլորը մեկ անգամ ևս ավելորդ չհամարեն և խորհեն ու հասկանան, թե ինչ բան է ժողովրդական դիվանագիտությունը և սովորաբար ինչպես են սկսվում նման գործընթացները։ Իսկ այս ամենից հետևություններ չանելն ուղղակի քաղաքական առումով  անմեղսունակություն է, այլ բառ ուղղակի չեմ կարող գտնել, քանզի դա վերաբերում է մեր երկրի և մեր քաղաքացիների անվտանգությանը։

Խոսեցիք ռուս գործիչների արձագանքից, այս օրերին շատ է քննարկվում նաև հարցը, թե Նախիջևանի սահմանի վրա հարձակման պարագայում Ռուսաստանն ինչպես պետք է արձագանքի։ Այսինքն ռուս պատգամավորների կողմից վերջին օրերին հնչած հայտարարություններից արդյո՞ք կարող ենք հասկանալ, թե վերոնշյալ պարագայում էլ ինչ սպասենք ՌԴ-ից։

Իրավացի եք և եթե հիշում եք նախկին իշխանությունների ժամանակ, իսկ այս փոփոխություններից հետո էլ այդ դաշտում, նկատի ունեմ ՀՀ-ՌԴ հարաբերությունները, ես էական փոփոխություններ չեմ տեսնում, շատ էին սիրում կրկնել, թե ՀՀ հարաբերություններն այլ երկրների հետ չպետք է լինի Ռուսաստանի հաշվին և երկրորդ՝ ասվում էր, թե Ռուսաստանին դիմելու կարիք չկա,, քանզի մենք մեր խնդիրները լուծում ենք, բայց եթե դիմենք՝ կօգնեն։ Առաջին դրույթին ուղղակի չեմ ուզում անդրադառնալ, քանզի դա լղոզելու ամենալավ ձևն է, որովհետև ակնհայտորեն Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր արհամարհում և հաշվի չի առնում Հայաստանի շահը։ Երկրորդի մասին՝ ուզում եմ հիշենք, թե անվտանգության ապահովման առնչությամբ ինչ բարձրագոչ ճառեր էին հնչում թե՛ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ, թե՛ դրանից հետո և թ՛ե ՀՀ-ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ստեղծման ժամանակ։

Ի վերջո ի՞նչ է Նախիջևանի սահմանը, դա Արցախի սահմանը չէ, դա ՀՀ պետական սահմանն է, այն սահմանն է, որի համար պատասխանատվություն ունի նաև Ռուսաստանը և դա է պատճառը, որ այսօր Ռուսաստանը կարծես թե լեզուն կուլ է տվել և չի ուզում տեսնել ու խոսել Նախիջևանի սահմանի շուրջ տեղի ունեցող պրոցեսների մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ քառօրյա պատերազմի ժամանակ ևս ռուսական լեզուն կուլ էր գնացել։ Եվ եթե մենք հույս դնենք նրա վրա, թե ռուսներն ինչ կասեն կամ չեն ասի, ապա կդառնանք տուժող կողմ։ Մենք, առավելևս ՀՀ իշխանությունները, որևիցե բարոյական իրավունք չունեն հույս դնելու ռուսական կողմի վրա՝ դա խիստ վտանգավոր եմ համարում։

Ես բազմիցս եմ ասել ու նորից կասեմ, որպեսզի Հայաստանը զարգանա, ունենա անվտանգության կուռ համակարագ՝ բնականաբար Արցախի հետ միասին, քանզի ՀՀ-ի և Արցախի անվտանգության համակարգերն իրարից տարանջատելն ես հանցագործություն եմ համարում, Հայաստանը պետք է իր պորտալարը կտրի Ռուսաստանից։ Այստեղ տեղին է նաև հարցնել՝ ինչու՞ մինչև հիմա Հայաստանն ու Արցախը չունեն ռազմական փոխօգնության պայմանագիր, այն դեպքում, որ այդ հարցը բարձրացվել է դեռևս քառօրյա պատերազմի օրերին։ Ակնկալում եմ, որ նոր կառավարությունը և Արցախի իշխանությունները կհասկանան ռազմական փոխօգնության պայմանագրի իրավական անհրաժեշտությունը և դրա իրավակիրառական հետևանքները։ Դա օրվա հրամայականն է և ժամ առաջ այդ պայմանագիրը պետք է արվի, քանզի դա պարտադրում է ՀՀ ռազմական և քաղաքական դաշնակիցներին, Հայաստանի նկատմամբ լոյալ դիրքորոշում ունեցող պետություններին առնվազն այլ մոտեցում ունենալ Արցախի նկատմամբ։ Հայաստանը ժամ առաջ շատ կոնկրետ քայլեր ունի դիվանագիտական ճակատում անելու, քանզի արտաքին քաղաքականության, մեծ քաղաքականության մեջ կեղծ օրակարգերն երկար չեն դիմանում՝ ինչքան էլ ոմանք փորձեն ուղտի տեղ դնել իրենց, միևնույն է փաստ է, որ Ռուսաստանը հավուր պատշաճի արձանագ չի տալիս Հայաստանի սահմանների խոցելիության խնդրին, որը նաև իր պարտավորությունն է, որպես 1997թ-ին կնքված հայ-ռուսական պայմանագրի հետևանք, ինչպես նաև որպես պուտինյան բարձրագոչ ճառերի հետևանք։ Այս օրերին կես կատակ կես լուրջ ռուսական լռությունը բացատրում են նաև նրանով, թե Պուտինն զբաղված է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ։

Նշեցիք, որ նախիջևանի հատվածում Ադրբեջանի իրականացրած քայլերը նոր չեն, բայց ամեն դեպքում շատերը դա կապում են այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանն այդ կերպ ուզում է ցույց տալ, որ իրենք թույլ չեն տա, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթաց։ Ի՞նչ եք կարծում, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կարո՞ղ էին ադրբեջանական ակտիվության պատճառ դառնալ։  

Իմ կարծիքով՝ ոչ։ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը շատ ընդգրկուն թեմա է, բայց մի բան հստակ է, թող ոչ ոք չփորձի այդտեղ տեղավորվել մատի և մատանու արանքում։ Շատ տրիվիալ է, որ Արցախը, այո՛, կոնֆլիկտի կողմ է, ակնհայտ է նաև, որ Հայաստանը բանակցային գործընթացի լիիրավ կողմ է։ Եվ ակնհայտ է, որ երբևիցե արցախյան հիմնախնդրում շոշափելի արդյունք ունենալու համար Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ որպես բանակցային կողմ։ Եվ տարրական ճշմարտություն է, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, իսկ հետևությունները թողնում եմ այսպես կոչված «չուզողներին»։ Իսկ տարաբնույթ փորձագետների կողմից Արցախի խնդիրը խճճելու, բարդացնելու փորձերը, հայտարարությունները, թե այնտեղ այս կամ այն նրբություններ կան, կներեք՝ ուղղակի ծիծաղելի է։ Կա հստակ խնդիր, որ Արցախում քաղաքացիների անվտանգությունը նաև միջազգային իրավունքի տեսանկյունից պաշտպանության խիստ կարիք ունեն և Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և բնականաբար թե՛ բանակցային գործընթացում, և թե՛ բանակցային գործընթացից դուրս՝ ռազմաքաղաքական գործընթացներում դա ուղղակի Հայաստանի պարտքն։ Այլ կերպ չի կարող լինել, այստեղ երկու տարբեր ժողովուրդներ չեն ապրում, որքան էլ որ երբեմն արհեստական խնդիրներ փորձեն ստեղծել։ Ակնհայտ է և ամբողջ աշխարհը դա ընդունում է որպես կայացած փաստ՝ Հայաստանը բանակցային կողմ է  և Հայաստանը կոնֆլիկտող կողմ հանդիսացող Արցախի անվտանգության երաշխավորն է։ Հավատացեք, երբեմն փորձել են, բարդացնել արցախյան հիմնահարցի հետ կապված ակնհայտ ճշմարտությունները, որպեսզի կարողանան թաքցնել այնտեղ առկա իրական կնճիռները։ Հիշեցնեմ, թե ինչքան ժամանակ պահանջվեց, որպեսզի մեր հասարակությունը տեղյակ լինի, թե ինչ է իրենից ներկայացնում մադրիդյան սկզբունքները։ Եվ վերջապես դա հիմա ժողովրդի սեփականությունն է։ Մենք այլևս այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ որևիցե փաստաթուղթ կամ որևիցե լուրջ պայմանավորվածություն արժեք չունի, եթե դա հասարակության  անտեղյակության պայմաններում է եղել և քաղաքացիներն իրենց մասնակցությունը չեն ունեցել նման կարևոր որոշումների կայացման հարցում։

Իսկ Նախիջևանի առումով պետք է ասեմ, թող զգույշ լինեն  մեր բոլոր պաշտոնյաները, քաղաքական և ռազմական գործիչները, քանզի չի կարելի ամպագոռգոռ հայտարարություններ անել, ավելին, պետք է զգույշ լինել ցանկացած հայտարարություն անելիս և պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի միջազգային հանրությանը հավուր պատշաճի ներկայացվի, թե ինչ ոտնձգություններ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի այդքան կարևոր հանգույցում։

 

Comments are closed.