Իշխող վերնախավը պետք է բացատրություն տա․ 21-րդ դարում սոված քաղաքացի ունենալը ամոթ է. Խաչատուր Քոքոբելյան

  • 07/02/2018

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

-Պարոն Քոքոբելյան, ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու՝ Արմեն Սարգսյանը, այս օրերին շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, նա մեկնեց Մոսկվա, նաև Միլան, փաստորեն այս շաբաթ ևս շարունակելու է հանդիպումները: Կա արդյո՞ք հստակություն, նա հանդիպելու՞  է Ազատ Դեմոկրատների հետ, թե ոչ, և եթե լինի առաջարկ, ինչպե՞ս կընդունեք:

-Նախևառաջ, չեմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու է: Իհարկե, նա ներկայացվում է որպես Հանրապետականի թեկնածու, ինչու ոչ նաև Դաշնակցության՝ ի նկատի ունեմ, որ նա ընկալվում է որպես կոալիցիայի կողմից առաջադրված թեկնածու, և չեմ էլ բացառում, որ խորհրդարանական մեկ այլ ուժ էլ կպաշտպանի Արմեն Սարգսյանի թեկնածությունը, բայց այս պարագայում էական չեմ էլ համարում ով կպաշտպանի, ով՝ ոչ, քանի-որ նրա ընտրվել-չընտրվելու խնդիր չի առաջանա՝ խորհրդարանում կոալիցիոն ձայները բավարար են, որպեսզի նա երկրորդ փուլով ընտրվի ՀՀ նախագահ:

Հստակ կարող եմ ասել. Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է, և ոչ թէ Հանրապետականի: Լավ կլիներ, որ ՀՀԿ-ն կոռեկտություն ցուցաբերեր և հայտարարեր, որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Իհարկե նա կարող է դառնալ ավելի լայն շրջանակների թեկնածու, ինչին հիմա ականատես ենք լինում:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, նախ որևէ առաջարկ և քննարկում այս պահի դրությամբ չի եղել: Եթե շատ պարզ արտահայտվեմ, չեմ կարծում, որ հանդիպումն ինչ-որ արտասովոր բան կտա թե՛ Ազատ Դեմոկրատներին, թե՛ Արմեն Սարգսյանին՝ որպես նախագահի թեկնածու, իսկ այս արարողակարգային հանդիպումները համարում եմ բնականոն գործընթաց նախագահի թեկնածուի համար:

Անկեղծորեն պետք է ասեմ, մի փոքր զարմացած եմ. առհասարակ մեծ հույսեր են կապում նախագահի թեկնածուի հետ, և ցավոք պետք է նշեմ, որ գործող Սահմանադրությամբ մեծ լիազորություններ կամ գործուն մեխանիզմներ չկան, որով ՀՀ նախագահը կկարողանա էական ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական կյանքում: Ամեն ինչ արված է, և Սահմանադրական փոփոխությունների «փիլիսոփայության» նպատակը հենց դա է եղել հեղինակների կողմից, որպեսզի նախագահը ո՛չ ավել, ո՛չ պակաս, բառացիորեն, լծակազուրկ լինի: Անգամ ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը ներկայացված չեն լինելու Անվտանգության խորհուրդում, ի դեպ, որտեղ Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևորագույն խնդիրներն են քննարկվելու: Այստեղից կարելի է եզրակացնել, որ փորձում են ամեն ինչ անել, և այդպես էլ անում են, որպեսզի ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը  զրկվեն բոլոր հնարավոր լծակներից: Ի դեպ, չմոռանանք, որ կառավարությունը հավանության է արժանացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով  նախատեսվում է կառավարության  նիստերը  դռնփակ անցկացնել: Փաստենք, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները  կարևորագույն խնդիրների մասին կտեղեկանան այնքան, որքան հարմար կգտնի կառավարությունը:  Տեղին եմ համարում հիշեցնել, որ կառավարության անդամները վարձատրվում են ՀՀ հարկատուների կողմից, ովքեր իրավունք ունեն օգտվելու հրապարակային լուսաբանման հնարավորությունից և տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են քննարկվում այդ նիստերի ժամանակ: Եթե այսպես շարունակվի, Հայաստանում փաստացի կլինի կառավարման միակենտրոն համակարգ: Սա ուղղակի անթույլատրելի քաղաքական կոշտ սխալ է խորհրդարանական պետությունում: Եվ ասել, որ այս քաղաքական համակարգը գնում է դեպի  ժողովրդավարացում՝ առնվազն անընդունելի է: Փաստ է, որ ՀՀ-ում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացների թուլացում:

– Արմեն Սարգսյանն իրեն բավականին շատ գործառույթներ է վերապահել, մասնավորապես անրադառնալով ՀՀ-ում աղքատության 30տոկոս մակարդակին, նա նշել է, որ պետք է ներդրումներով հաղթահարել այս խնդիրը, և ՀՀ ներդրումներ բերելու համար կանի հնարավորինս, ինչ կարող է: Արդյո՞ք սա նրա գործառույթն է:

-Բնականբար, գործող Սահմանադրությամբ, նախագահի թեկնածուն նման գործառույթ չունի: Բայց պետք է շիտակ ասեմ, որ ցանկացած ազդեցություն ունեցող անհատ, եթե չստեղծվի հատուկ խանգարող հանգամանքներ, միշտ էլ կարող է ներդրումներ բերել  Հայաստան: Բայց ներդրումներ բերելու համար, բազմիցս նշել եմ, որ պետք է կանոնակարգվի ՀՀ օրենսդրական դաշտը, և ոչ միայն օրենքների տեսքով, այլ նաև կիրառելիության առումով: Այս հիբրիդային ժամանակաշրջանում, տեղին եմ համարում նշել, որ նախկին ԽՍՀՄ պետություններից՝ Հայաստանը և Ռուսաստանը  միակն են, որ վերջին տաս տարիների ընթացքում ՀՆԱ-ն պարզապես պակասել է: Պատկերացրեք այսօր Հայաստանի ՀՆԱ-ի թիվը ավելի փոքր է, քան տաս տարի առաջ, նույն իրավիճակն է նաև Ռուսաստանում: Ինչու նշեցի Ռուսաստանը, որովհետև կարծես թե  հայ պաշտոնյաները ոգևորված են Ռուսաստանի բիզնես զարգացման ուղղություններով, բայց իրական ներդրում այդպես էլ չկա: Խոսում ենք անընդհատ ինտեգրացիոն գործընթացներից, ներդրումներից, բայց պարզվում է, որ այս տաս տարիների ընթացքում Հայաստանը 6միլիարդից ավել պետական պարտք է կուտակել, իսկ սա  արդեն նշանակում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն ոչ թե աճել է, այլ հակառակը՝ նվազել: Սրա մասին չխոսել՝ չի նշանակում, որ ներդրումներ կատարելու համար այս խնդիրը հաշվի չի առնվում: Պարզ է չէ՞, ինչպիսի տխուր իրավիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը: Ցանկացած պաշտոնյա, ՀՀ քաղաքացի, ով մտահոգ է Հայաստանի ապագայով՝ սկսած պետական չինովնիկներից վերջացրած նախագահից, նախ պետք է մտահոգվեն ՀՀ-ում բիզնես միջավայրի բացակայության մասին, հետո նոր խոսեն ներդրումներ բերելու մասին:

-Պարոն Քոքոբելյան, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, այդ ժամանակ խոսվում էր, որ նա Գազպրոմի ներկայացուցիչն է և լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչը ՀՀ-ում, իսկ Արմեն Սարգսյանի պարագայում, հաշվի առնելով, որ նա  երկար տարիներ եղել է Միացյալ Թագավորությունում  ՀՀ դեսպան, տեսակետներ են հնչում, որ նա փորձելու է հավասարակշռել քաղաքական դաշտը: Լինելով արևմտամետ ուղղվածությամբ քաղաքական կուսակցության նախագահ, արդյո՞ք համամիտ եք այս տեսակետի հետ:

-Անկեղծ ասած, թերահավատորեն եմ մոտենում այդ առաքելությանը, իհարկե շատ կցանկանայի, որ Արմեն Սարգսյանը ի վիճակի լիներ ապահովել քաղաքական դաշտի հավասարակշռությունը, բայց ՄԹ-ում ՀՀ դեսպան լինելը դեռ չի նշանակում խնդրի լուծման հնարավորություն ունենալ: Չեմ ցանկանում Արմեն Սարգսյանի  փոխարեն պատասխանել, բայց եթե հաշվի առնենք այն ոլորտները, որտեղ նա գործունեություն է իրականացրել, ի նկատի ունեմ ղազախական, ռուսական, ինչու ոչ լենինգրադյան (ինչպես ընդունված է ասել), հույս չունեմ: Ինձ համար անգամ տարակուսելի է այս հարցադրումը, ոչ միայն Ձեր կողմից, այլ նաև հանրային կյանքում և մամուլում է անընդհատ  շոշափվում այս հարցադրումը, հատկապես եթե հաշվի առնենք,  որ ՀՀ ապագա նախագահը գործող Սահմանադրությամբ նման հնարավորություններից ուղղակիորեն զրկված է: Բայց չեմ էլ կիսում այն կարծիքը, որի մասին շատ է խոսվում, որ ՀՀ 4-րդ նախագահը գործող Սահմանդրությամբ գրեթե հնարավորություն չի ունենալու ինչ-որ բան փոխելու: Կարծում եմ, ամեն ինչ կախված է, թէ ինչպիսի քաղաքական վարքագիծ կդրսևորի ՀՀ ապագա նախագահը, և հասարակության մոտ բացի սպասումը, ինչպիսի իրավիճակ կստեղծվի  քաղաքական գնահատականների հետ կապված: Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ- ում քաղաքական գնահատականները  բացի այն, որ ցածրորակ են, այլ նաև նպաստում են  քաղաքական հայտարարությունների բովանդազուրկ լինելուն և  որոշակի  ազդեցության էֆֆեկտ չեն առաջացնում, ինչպիսին պահանջվում է: Ընդհանրապես կարծում եմ, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը  անդին հնարավոր չէ ուղղակի: Եվ հենց դա է հույս ներշնչում, որ ՀՀ քաղաքացիները  ավելի իրատեսական կլինեն և՛ քաղաքական գնահատականների, և՛ ինչու չէ նաև  քաղաքական հայտարարությունների հետ կապված, և իրենց հետևությունները  կանեն:

-Տեսակետ կա, որ Հայաստանում փոփոխությունները չեն կարող գալ ներքևից, այլ  վերևում պետք է լինեն:

-Միանշանակ ոչ, զուտ քաղաքական  առումով փոփոխությունները անխուսափելի են. հայտնի բանաձևը հիշեցնեմ. «վերևները չեն կարողանում, ներքևներն էլ չեն ցանկանում»: Կարծես թե մենք մոտենում ենք այդ նշաձողին, ՀՀ-ում  այսօր այդ իրավիճակն է: Իհարկե այդ փոփոխությունների համար  խանգարում է նաև արտագաղթը, ավելին՝ որակական արտագաղթը: Այս համատեքստում մեկ կարևոր դիտարկում. այսօր ԶԼՄ-ների՝ հատկապես հեռուստատեսության, առնվազն 90տոկոսը վերահսկվում է իշխանության կողմից, և մենք լավ պատկերացնում ենք, թե ինչ ազդեցություն է ունենում այդ վերահսկողությունը: Պատկերացրեք ցանկացած խնդրի շուրջ տարածվում և հրամցվում է այն տեսակետն ու մեկնաբանությունը, որի անհրաժեշտությունը ունի ոչ թե  քաղաքացին, այլ իշխող վերնախավը: Բայց չմոռանանք, որ լրատվական դաշտի կառավարելի լինելը, որպես կանոն կարճաժամկետ ազդեցություն է ունենում: Վստահորեն կարող եմ ասել, որ հասարակության ճնշող մեծամասնությունը  հեռուստատեսությունից ստացած լրատվությանը արժանահավատորեն չի մոտենում: Եվ դա բերելու է մի իրավիճակի, երբ ՀՀ քաղաքացիների վրա ավելի մեծ ազդեցություն է ունենալու քաղաքական գործընթացները, քան ագիտացիան:

Եվ վերջապես չմոռանանք. ՀՀ-ում չկա այն քաղաքական կայունությունը, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, էական փոփոխությունները  իրենց անմիջական ազդեցությունը չունենան Հայաստանի վրա: Այսինքն, Հայաստանի քաղաքական կայունությունը միայն իշխող վերնախավով ապահովագրելը շատ քիչ է, կան նաև մեր շուրջը տեղի ունեցող գործընթացներ, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Օրինակ՝ Միջազգային արտաժույթի շուկայում տեղի է ունենում գործընթացներ, որոնք արդեն իսկ ազդեցություն ունեն  Հայաստանի վրա: Նույն ռուսական շուկայի հետ կապված, խոսքն ԱՄՆ-ի ՖՆ-ի կողմից հրապարակված «Կրեմլյան զեկույց»-ի մասին է: Եվ որքան էլ, փորձագետները և իշխանության ներկայացուցիչները  փորձում են տարբեր լպրծուն  ելույթներով  ներկայացնել՝ թե այն չի կարող ազդեցություն ունենալ  Հայաստանի համար, դա ուղղակի անհնարին է: Հուսով եմ այդ սանկցիաները չեն խորանա, ես դա որպես ՀՀ քաղաքացի եմ ասում, որովհետև կան դեպքեր, որոնք մեր շահերից չեն բխում, և դա պետք է գիտակցել: Եվ վերջապես  ՀՀ-ն իր ողջ վերնախավով չի կարող նստել մի «գնացք» և քաղաքացիներին ներկայացնել, որ մենք գտնվում ենք մի սրընթաց գնացքում, որը շարժվում է դեպի պայծառ ապագա, այնինչ իրականում նույնիսկ անիվներ չունի:

-Նախագահի ընտրություններից հետո, էլ ավելի կարևոր ընտրություն է սպասվում՝ վարչապետի ընտրությունը: Շատերի կարծիքով, ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Ի՞նչ եք կարծում  Սերժ Սարգսյանը լուրջ դիմադրության կհանդիպի:

-Այս դեպքում անգամ ԱԺ քվեարկությունը էական չեմ համարում, քանզի միանգամայն որոշված է, թե ինչ է տեղի ունենալու: Երբեք այն կարծիքին չեմ եղել, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում  վարչապետ լինել, այս մասին խոսել եմ դեռ Սահմանադրական փոփոխությունների  ժամանակ: Զուտ ժողովրդավար երևալու առումով, իշխող վերնախավը՝ պայծառափայլ ելույթներով, Սերժ Սարգսյանի թեկնածությունը կներկայացնի  ինչպես կցանկանա՝ ի դեմս իրենց լիդերի: Բայց ակնհայտ է, որ այդ որոշումը լինելու է  ոչ թե ՀՀԿ-ի, այլ Սերժ Սարգսյանի քաղաքական հաշվարկի և իր կոշտ որոշման արդյունք: Միմիայն ֆորս-մաժորային իրավիճակում է հնարավոր, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին չառաջադրի որպես վարչապետի թեկնածու:

Բայց չմոռանանք ապրիլից հետո մայիս է, մայիսից հետո հունիս, և այդպես շարունակ: Հայաստանի գանձապետարանը կարծես թե դատարկ է, ՌԴ պահուստային ֆոնդն է փակվում, այսինքն մարտահրավերները կրկնապատկվում են, և այս խնդիրներին լուծում պետք է տրվի: Լավ կլինի, որ այս կամ այն թեկնածու ներկայացնելուց բացի, իշխող քաղաքական համակարգը  բացատրի  թե ի՞նչ լուծումներ է առաջարկում այս խնդիրների հետ կապված: Համենայն դեպս, վերջին ժամանակահատվածում, առիթ չեմ ունեցել լսելու լուծման գեթ մեկ տարբերակ: Օրինակ՝ ԱԺ ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում և՛ մենք,  պնդում էինք, որ թոշակի ինդեքսավորում է լինելու, աշխատավարձերի բարձրացում: Իսկ ո՞վ է խանգարում այս հարցերը վեր հանել ԱԺ-ում և հենց այս քաղաքական ճանապարհով լուծում տալ խնդիրներին: Իհարկե ոչ ոք, բայց այդպիսի գործընթացի ականատես չենք լինում: Այդ իսկ պատճառով  մենք պնդում ենք, որ ՀՀ-ում քաղաքական համակարգը՝ իր ողջ բույրով, ի վիճակի  չէ լուծել այն մարտահրավերները՝  թե՛ ներքին , թե՛ արտաքին, որոնք ծառացած են ՀՀ քաղաքացիների առջև, անգամ ամենատարրական՝ կենսամակարդակի ապահովման խնդիրը:

Իշխող վերնախավը պետք է բացատրություն տա. վերջապես անհարմար է, որ 21-րդ դարում, կներեք, մենք սոված քաղաքացի ունենանք: Իրականում, բառացիորեն, ամոթ է… Եվ պնդում եմ միանշանակ. պատճառը այն է, որ մսխվում են նաև այն հնարավորությունները, որոնք պետք է ծառայեն ՀՀ քաղաքացիներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Պատրաստեց՝ Սիրանույշ Պապյանը:

Comments are closed.