Սերժ Սարգսյանը բացթողում է արել՝ նախագահի թեկնածուն ապաքաղաքական լինելուց բացի սեփական կարծիք էլ չպետք է ունենա. Խաչատուր Քոքոբելյան

  • 18/01/2018

«Պետք է պայքարել ոչ թե գնաճի, այլ դրա առաջացման պատճառների դեմ »,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ազատ Դեմոկրատներ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մասնավորապես նշելով.

«Ընդհանրապես՝ թանկացումների, գնագոյացման ու գնաճի մասին խոսելիս պետք է նաև մասնագիտական պատճառները հաշվի առնել։ Օրինակ, ես կարծում եմ, որ այսօրվա թանկացման հետ կապված գնագոյացումն իրական չէ, ավելին է, քան պետք է լիներ զուտ եկամտային հարկի և Մաքսային օրենսգրքի 2018-ին ուժի մեջ մտնելու հանգամանքների հետ կապված։ Այսինքն՝ այն, ինչ հիմա կա, մենք, և ոչ միայն մենք, շատ վաղուց ենք խոսել և ասել, որ այդ թանկացումները լինելու են։ Պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել, այն ինչ այսօր անում են իշխանությունները և իշխանամերձ ուժերը։ Օրինակ, կարագի թանկացումը Հայաստանում ավելին է, քան կարող էր լինել կապված օրենքների փոփոխության հետ։ Սեղմված գազի դեպքում ևս ավելի շատ է թանկանում, քան պետք է։ Բայց կա մի շատ կարևոր տնտեսական հիմնախնդիր. Երբ որ գնագոյացման հետ կապված գների աճ է տեղի ունենում, նախ պետք է դրա պատճառները հասկանալ։ Մինչ այս պահը գոնե ոլորտի պատասխանատու պատկան մարմիները առնվազն պետք է ներկայացրած լինեին  համապարփակ վերլուծություն, թէ ինչու է այսպիսի գնագոյացումներ, և որոնք են պատճառները: Ընդհանրապես գտնում եմ, որ իշխանությունը օտարված է հասարակությունից: ՀՀ քաղաքացիներից բաց աճուրդով իշխանություն գնած քաղաքական համակարգը մինչև ապրիլի երկուսը կանի առավելագույնը, որպեսզի իշխանական համակարգի տրանսֆորմացիան լինի թույլատրելի չափի: Այս քաղաքական համակարգը հաշվետու է միայն ինքն իրեն, այլ ոչ թէ ՀՀ քաղաքացիներին, ավելին՝ անգամ  պատրաստակամություն չի էլ ցուցաբերում լուծել այն կարևորագույն ներքին մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են ՀՀ քաղաքացիների առջև»,- ընդգծել է ԱԴԿ նախագահը:

Հարցին, թէ արդյո՞ք արդյունավետ է համարում «Ելք» դաշինքի  հունվարի 19-ին նախանշված երթը՝ ընդդեմ թանկացումների, և ի՞նչ դիրքորոշում ունեն Ազատ Դեմոկրատները մասնակցության  առումով, Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է. «Կուսակցության անդամները ազատ են իրենց ընտրության մեջ, ազատ են  բոլոր տեսակի ակցիաներին  և՛ միանալու, և՛ նախաձեռնելու, և՛ դիրքորոշում հայտնելու: Ինչ վերաբերում է երթ կազմակերպելու արդյունավետությանը, պետք է նշեմ, որ ցանկացած քաղաքական գործիք կիրառելու խտրականություն չեմ տեսնում, կլինի երթ, հավաք, թե պիկետ: Յուրաքանչյուր գործիք, որ գոյություն ունի  քաղաքական զինանոցում, պետք է օգտագործել նպատակին հասնելու համար, բայց կա կարևոր մեկ խնդիր՝  պետք է ուշադիր լինել,  որ դա ոչ թէ նպաստի գնաճի սպասման առաջացմանը, այլ  հակառակը՝ նպաստի խնդրի կարգավորմանը: Եվ, այո՛,  Հայաստանում կան  բոլոր այն նպաստավոր պայմանները, որպեսզի  քաղաքական գործընթացները  զարգանան այնպիսի ուղղությամբ, որ այսօրվա համակարգը կանգնի անխուսափելի քաղաքական կրախի առջև: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ.  ՀՀ-ում այս իրավիճակը չի փոխվի մինչև  քաղաքական այս համակարգը  հիմնովին չկազմաքանդվի: Այն քաղաքական համակարգը (այդ թվում նաև իշխանությանը սպասարկող քաղաքական ուժերն են), որը ապահովում է այսօրվա իշխանության բազմաչարչար երկարատևությունը»:

Խոսելով ՀՀ չորրորդ նախագահի թեկնածության, Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության վերաբերյալ, որ ՀՀ4-րդ նախագահը պետք է լինի չքաղաքականացված անձնավորություն, ԱԴԿ նախագահը ասել է. «Ոչ միայն նոնսենս է, այլ դե ֆակտո ցանկություն կա, որ Հայաստանում կարևորագույն պաշտոնը լինի ապաքաղաքական: Կարծում եմ, Սերժ Սարգսյանն բացթողում է արել՝ նախագահի թեկնածուն ապաքաղաքական լինելուց բացի սեփական կարծիք էլ չպետք է ունենա, այդ դեպքում ամբողջական բուկետ կլիներ, վստահ եմ հանրապետականներն էլ  դժգոհ չէին լինի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Պատրաստեց՝ Սիրանույշ Պապյանը:

Comments are closed.