Թանկացումների խնդրի լուծման համար անհրաժեշտ է սկզբունքային մոտեցում. Նարեկ Այվազյան

  • 10/01/2018

Ազատ Դեմոկրատներ Կուսկացության վարչության անդամ Նարեկ Այվազյանը Hraparak.am-ի հետ զրույցում  անրադարձել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական և սոցիալական իրավիճակին, կուսակցության հետագա անելիքներին և մարտավարությանը:

«Մոտ ամսվա մեջ որոշակի միջոցառումներ կիրականացնենք, դրա մասին կիմանաք, բնականաբար, այս պահին չբացեմ փակագծերը։ Քաղաքական ակտիվություն հիմա էլ գոյություն ունի, բայց այն վիճակը չէ, որ տեսանելի է մյուսների համար։ Հենց հրապարակային գործունեության ենք անցնում, այդ ժամանակ է լինում տեսանելի։ Իհարկե, Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, ու մենք չենք կարող այդ խնդիրների լուծմանը կամ դրանց լուծմանը նպաստելուն անմասն մնանք։ Բնականաբար, մեր կարծիքն ու դիրքորոշումը՝ բոլոր հարցերի հետ կապված, ունենում ենք»,- ասել է Նարեկ Այվազյանը։

Իսկ ինչի՞ հետ է կապված մոտ ապագայում ակտիվանալու մտադրությունը, արդյոք ապրիլից հետո սպասվող փոփոխությունների՞ հետ են պայմանավորում, թե՞ այլ գործընթացների են սպասում։

«Չէ, գործընթացներ ինքներս ենք կազմակերպելու, չենք սպասում՝ ինչ-որ բան տեղի ունենա, նոր որոշակի ակտիվություն դրսևորենք։ Չի լինում, որ անընդհատ ինչ-որ բան անես, օրինակ՝ ամեն օր չենք կարող համագումար անել, էտապներ են գալիս, կանոնադրություն կա դրա համար։ Այսինքն՝ գործընթացներն ինքնանպատակ չեն լինում։ Ենթադրենք, հիմա սոցիալական խնդիրները բարդանում են, ու որոշ քաղաքական ուժեր որոշել են ակտիվանալ, նորմալ է դա։ Ինչ-որ մեկն էլ որոշել է մեկ այլ փուլից ակտիվանալ։ Դա արդեն կախված է մեր ռազմավարությունից, թե ինչ ենք ուզում իրականացնել մոտ ապագայում»,- ասել է  Նարեկ Այվազյանը։

Իսկ ի՞նչ կարծիք ունեն «Ելքի» նախաձեռնության վերաբերյալ՝ հունվարի 19-ին դուրս գալ երթի՝ ընդդեմ թանկացումների, հնարավո՞ր է՝ միանան իրենք այդ երթին։

«Կարծում եմ քաղաքացիներն իրենք կորոշեն մասնակցել-չմասնակցելու հարցը, իսկ կուսակցությունը չի մասնակցի, որովհետև կուսակցությունը չի կազմակերպել, իրենք են կազմակերպել, մենք կհետևենք իրենց գործողություններին, հավանաբար կտանք գնահատական, եթե դրա կարիքը լինի»,- նշել է ԱԴԿ վարչության անդամը։

Նկատեցինք, որ որպես քաղաքական ուժ՝ «Ազատ դեմոկրատները» կարող են իրենց աջակցությունը հայտնել «Ելքի» այս նախաձեռնությանը։ Նարեկ Այվազյանն ասել է, որ դեռ պետք է հասկանան՝ ինչի մասին է խոսքը․ «Մի բան է սկզբում մի բան ասելը, մեկ այլ բան է՝ ընթացքում ուրիշ բան անելը կամ արդյունքում ուրիշ բան ունենալը։ Տեսնենք ինչ է, ըստ դրա՝ մեր գնահատականը կտանք կամ մեր որոշումը կկայացնենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, իհարկե»։

Պատրաստեց Վահե Մակարյանը

Comments are closed.