ՀՀԿ վարչապետի ոչ մի թեկնածու արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի բերի

  • 10/08/2017

Ժառանգության կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության խոշորացման իր գաղափարը կյանքի կոչելու համար հանդիպում է ընդդիմադիր ուժերի հետ: Մինչ այս պահը դեռ որեւէ ուժ չի հաստատել նման հանդիպման մասին լուրը, Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը եւս նշում է, որ հանդիպում տեղի չի ունեցել:

Պարոն Առաքելյան, ընդդիմության խոշորացման գաղափարը Հայաստանի քաղաքական դաշտի պայմաններում իրատեսակա՞ն եք համարում, եւ, եթե լինի հանդիպման առաջարկ, ինչպե՞ս կընդունեք:

– Գաղափարն ինքը լավ եւ ճիշտ գաղափար է, բայց կատարողից է ամեն ինչ կախված: Րաֆֆի Հովհաննիսյանը իր որեւէ գաղափար մինչեւ վերջ չի իրականացրել, հիմա չգիտեմ, թե այս մեկը ինչպես կիրականացնի: Ինձ թվում է, որ մենք սկզբունքորեն ոչ մի խնդիր չունենք որեւէ մեկի հետ հանդիպելու:

Այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանի՞, որի հետ դուք ճանապարհ եք անցել եւ հիմա էլ նշեցիք, որ որեւէ գաղափար չի իրագործել:

– Էլի եմ կրկնում, այս կարճ ժամանակում տաս բան ասաց, դեռ ռեալ որեւէ բան չեմ տեսնում, երբ տեսնենք, կարձագանքնենք: Ինձ թվում է, որ հիմա ժողովուրդն էլ իր ասածներն այդքան լուրջ չի ընդունում:

Խորհրդարանի ընտրությունից եւ Ձեր պարտությունից հետո ԱԴն ինչո՞վ է զբաղված, ունի՞ ապագայի ծրագրեր:

– Աշնանը կերեւա, քայլեր կանենք, հիմա այս շոգին ու կրակին հանգստանում ենք, աշնանը կլինի նաեւ մեր համագումարը, կնշվեն նաեւ մեր ծրագրերը:

Խորհրդարանական «Ելք» խմբակցությունը աշնանը նախաձեռնում է ԵԱՏՄից դուրս գալու գործընթաց, դուք կմիանա՞ք այդ գործընթացին:

– Այդ գաղափարը մենք ենք բարձրացրել եւ մինչ այժմ մեր ներկայացրած նախագիծը ԱԺ-ում է, սակայն այստեղ խնդիրն այլ տեղում է: Ելք-ը ոչ Արամ Սարգսյանն է, ոչ էլ Էդմոն Մարուքյանը, եւ նրանց հայտարարությունները դեռ չի նշանակում ոչինչ, Ելք-ում կա Նիկոլ Փաշինյան, որը դիրքորոշում չի հայտնել: Ես դեռ կասկածում եմ, որ իրենք նման նախագիծ կներկայացնեն: Դրանից բացի նույն Արամ Սարգսյանը հինգ օր առաջ հայտարարում է, թե ԵՏՄ-ն օրակարգային խնդիր չէ, հինգ օր հետո ասում է, թե օրակարգային հարց ենք դարձնում, ուզում եմ ասել, որ Ելք-ում ամեն մեկը մի բան է ասում, եւ ընդհանուր դիրքորոշում չկա, երբ կլինի, կխոսենք: Արամ Սարգսյանը իր հարցազրույցներում ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ ճիշտ է, վատ է, որ մտել ենք ԵՏՄ, բայց պետք է հիմա լավ աշխատենք, հիմա ասում է, որ պիտի դուրս գանք, չգիտեմ, շոգ է երեւի, ինչ ասեմ:

Արամ Սարգսյանը նաեւ ասել է, որ ամեն գնով պետք է խափանել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը ու այդ կապակցությամբ հնարավոր է աշնանը ակտիվանան: Հնարավոր է դուք միանաք այդ գործընթացին, ձեր օրակարգում կա նման հարց:

– Հա, բայց Ելք-ի մեկ ուրիշ անդամ էլ (նկատի ունի Սասուն Միքայելյանին) ասում է՝ ինչ է եղել որ, ինքը իմ մարտական ընկերն է, թող լինի վարչապետ: Այսինքն իրենց հակասական հայտարարություններին չի կարելի հիմնվել:

Ձեր օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի վարչապետությունը խափանող ծրագիր, աշնանը ասում եք, թե ակտիվանալու եք, ի՞նչ օրակարգով, ի՞նչ գործողություններ եք անելու:

-Եթե մենք ռուսական կողմնորոշմանը դեմ ենք, արդեն գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվի, վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը, Կարեն, թե Սամվել Կարապետյանները, թե Տիգրան Սարգսյանը կամ Աբրահամյան Հովիկը, ոչինչ չի փոխվելու այս երկրում, այսինքն դրանից երկրի վեկտորը չի փոխվելու եւ անձերից ոչինչ չի փոխվելու: Դա ապուշ օրակարգ է մեզ համար, քանի որ վարչապետն ընտրվում է Ռուսաստանի կողմից, ինչ իմաստ ունի մի հատ էլ կեղծ օրակարգ ձեւավորել:

 – Իսկ ինչ եք անելու աշնանը:

– Բնականոն գործընթացներ են լինելու, սակայն չի կարելի ֆորս մաժորային իրավիճակի բացառում, մենք չենք կարող ասել մոտ ապագայում Ռուսաստանի վիճակն ինչ կլինի, ԵՏՄ կոչվածը ինչքան կարող է գոյատեւել, այնպես որ հնարավոր է շատ ավելի շուտ ակտիվանալ, քան մինչեւ աշուն՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները, դրանից բխող հետեւանքները: Ներքին գործընթացները որեւէ փոփոխություն չեն բերելու, ինչ եղավ արտաքին զարգացումների արդյունքում է լինելու: Հիմա եթե ինչ-որ փոփոխություն լինի Ռուսաստանի հետ, չի բացառվում, որ ՀՀԿ-ականների 70 տոկոսը եվրոպամետ դառնա, Հայաստանը վեկտոր փոխի: Հիմա մենք մեր բնականոն հունով կգնանք, բայց, հաշվի առնելով զարգացումները, չի բացառվում, որ ավելի ակտիվանանք, կամ էլի շարունակենք բնականոն հունով:

Լուսինե Շահվերդյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Comments are closed.