Մեր տնտեսության շնչառությունն այսօր գազի խողովակի տրամագծից է կախված. Խաչատուր Քոքոբելյան

  • 02/06/2014

Ազգային ժողովում էներգետիկայի ոլորտի նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ անկախ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը բարձրացրեց Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը՝ նկատելով, որ Հայաստանը օրեցօր կախվածության մեջ է ընկնում ռուսական կայսրից:

«Մեր տնտեսության շնչառությունն այսօր բառի բուն իմաստով գազի խողովակի տրամագծից է կախված»,- ասաց Քոքոբելյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը փորձում էր թույլ չտալ, որպեսզի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը պատասխանի հարցին:

«Այս հարցի վերաբերյալ առանձին քննարկում կանենք, հետո կանդրադառնանք դրան»,- միջամտեց Այվազյանը:

Սակայն Արա Սիմոնյանն այդուհանդերձ պատասխանեց՝ նշելով, որ օրերս նախարարությունում միջազգային կառույցների և դեսպանների մասնակցությամբ քննարկվել է Հայաստանի էներգետիկ անվտանգության ռազմավարությունը՝ ակնկալելով այս ոլորտում միջազգային կազմակերպությունների ներգրավումը:

«Բարեբախտաբար մենք ունենք գազի մատակարարման երկրորդ խողովակաշարը: Ընդամենը տասը օր առաջ, երբ ավելի քան մեկ շաբաթով Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվեց, որևէ մեկը չզգաց, որ դա որևէ ազդեցություն ունեցավ: Մենք անմիջապես ակտիվացրեցինք մեր համագործակցությունն իրանական կողմի հետ»,- ասաց փոխնախարարը:

Աբխազիայի երկաթուղու ճակատագրի մասին էլ Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից: «Խոսքը Աբխազիայով դեպի ՌԴ ելք ունենալուն է վերաբերում, ի՞նչ փուլում է այդ գործընթացը»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը պատասխանեց, որ մոտավոր ուսումնասիրություններ են արվել, և ըստ այդմ՝ շուրջ երկու հարյուր միլոն դոլարի ներդրում է պահանջվում նշված հատվածում երկար տարիներ չշահագործված երկաթգծի վերանորոգման և շահագործման համար: «Իմ կարծիքն է, որ այս պահին տնտեսական խթանը բացակայում է, որպեսզի ներդրողը գտնվի ու ցանկություն ունենա ներդրում անել: Օրինակ՝ Իրան-Հայաստան երկաթգիծը ինչքան որոշակիանա, այդ պահին ներդրողները կգտնվեն»,- ասաց նա:

Պատգամավորը համաձայնեց, որ տնտեսական խթանը բացակայում է երկաթգիծը վերանորոգելու համար: «Սրանից կարող ենք եզրակացնել՝ տնտեսվարողներին դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից դեպի Հայաստան ճանապարհը շատ չի հետաքրքրում: Կներեք սա քաղաքական մասն էր»,- ասաց Քոքոբելյանը:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից էլ Խաչատուր Քոքոբելյանն հետաքրքրվեց թե, որքան գումար է ծախսվել օդի ազատականացման համար:

«Ես ուրախ եմ, որ իշխանություններն անընդհատ ասում են օդի ազատականացում, այդտեղից բխում է, որ նախկինում օդը ազատականացված չէր: Որքա՞ն է ծախսվել օդի ազատականացման համար, և արդյոք համարու՞մ եք, որ օդն ազատականացված է արդեն, որովհետև բոլորս գիտենք, որ տնտեսությունը և քաղաքացիների վիճակը առանց այն էլ այս սուղ պայմաններում ուղղակիորեն կախված է թե շնչելու օդից, թե արտաքին աշխարհի օդից»,- ասաց նա:

Ճշմարիտյանը պատասխանեց, որ բաց երկնքի քաղաքականությունը հայտարարվել է նախորդ աշուն, գումարը զուտ հետազոտությունների վրա է ծախսվել, այդտեղ աջակցության խնդիր չկա:

«Այո, հայտարարվել է և ես կարող եմ տեղեկացնել, որ արդեն երկու – երեք ուղղություններով հուշագիր – պայմանագրեր են կնքվել: Իրանի հետ արդեն կնքվեց պայմանագիր, հիմա Իրաքի հետ ենք բանակցում: Փորձում ենք պայմանագրեր կնքել ոչ միայն եվրոպական, այլև Միջին Արևելքի և Պարսից ծոցի երկրների հետ, որովհետև առաջնային մեր աշխարհագրական տեղը բավական հարմար է այդ առումով, այս քաղաքականության շնորհիվ որոշակիորեն ավիափոխադրումների գներն են իջել»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մոտ քսան – քսանհինգ տոկոս ուղևորափոխադրումների աճ կլինի արդյունքում:

Lragir.am, Irakan.info, Henaran.am

 

3 Comments

Leave a Reply