Ինչու է պարտադիր նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերել միայն Կառավարության ստեղծած ՊՈԱԿ-ից. Խաչատուր Քոքոբելյան

  • 04/11/2013

khachatur_qoqobelyanԱզգային ժողովում 2014  թ-ի պետական բյուջեի քննարկումների ընթացքում Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին  տեղակալ Արմեն Ալավերդյանին հարց ուղղեց, թե արդյոք վերջինս կարող է ասել, թե կոնկրետ ինչ մաքսատուրքեր են բարձրանալու, երբ ՀՀ-ն մուտք գործի Մաքսային միություն:

Քոքոբելյանի հարցին շտապեց արձագանքել ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, նշելով, թե այդ հարցերը դեռևս քննարկման փուլում են:

Ալավերդյանը ևս նշեց, թե բանակցային փուլում են այդ հարցերը և հավելեց, թե ինքն ինչքան էլ փորձում է շրջանցել քաղաքականության հետ կապված հարցերին պատասխանելուց, միևնույն է դրանք հնչում են:

Խաչատուր Քոքոբելյանի մյուս հարցը վերաբերում էր այն խնդրին, թե հարկային եկամուտների և պետական տուրքերի մեջ ինչ բաժին և ինչ տոկոս է կազմում ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը, քանզի Հանրապետության բիզնես իրավիճակը հասկանալու համար այդ ցուցանիշը շատ կարևոր է, և դա ուղղակիորեն ՀՀ քաղաքացիների կողմից վճարվող հարկատեսակ է:

Ի պատասխան, Ալավերդյանը նշեց, որ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի տեսակարար կշիռը տարիներ շարունակ եղել են գերակշիռ՝ 10-15 տարի առաջ 70-75 տոկոս, այսօր տեսակարար կշռի էական փոփոխություն է կատարվել:  «Դեռևս ԱԱՀ գումարած ակցիզ ավելի շատ է՝ երևի երկու-երեք տոկոսային կետով, քան շահութահարկ գումարած եկամտային հարկ, որովհետև վերջիններիս հաշվին մենք արդեն 400 մլրդ-ից ավել եկամուտ ենք նախատեսում: Բայց 55 հազար տնտեսվարող սուբյեկտ այսօր աշխատում է շրջանառության հարկի դաշտում, սրանք շահութահարկ վճարողներ չեն, իսկ այլ հավասար պայմաններում սրանք պետք է վճարեին շահութահարկ, բայց այժմ մենք այստեղ թիվ ենք կորցնում, որովհետև մենք ունենք ՓՄՁ-ի դաշտում գործող սուբյեկտներ, որոնց համար խաղի այլ կանոններ են սահմանվել, այդ համամասնության վրա դա էլ է ազդում»,- տեղեկացրեց Ալավերդյանը և հավելեց, որ բացարձակ թվերով այդ համամասնությունն հետևյալ տեսքն ունի՝  ԱԱՀ 444,7 մլրդ., շահութահարկը 136 մլրդ., եկամտային հարկը 287 մլրդ և ակցիզ` 57,6 մլրդ.:

Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ նաև նոր սերնդի ՀԴՄ-ի պարտադիր տեղադրման վերաբերյալ որոշմանը, հավելելով, որ, իհարկե, ողջունում է, որ թեև ուշացումով Կառավարությունն այնուամենայնիվ վերանայեց իր որոշումը և գների ու ժամկետների զիջում կատարվեց, թեև մինչ այդ վարչապետը պարզաբանում էր, թե այդ որոշումը շատ հիմնավորված է և արդարացված: Նա հարց բարձրացրեց, թե մինչ այս պահը քանի տնտեսվարող սուբյեկտ է ձեռք բերել այդ ՀԴՄ-ից և դեռ քանիսը պետք է ձեռք բերի:

ՊԵԿ առաջին տեղակալի գնահատմամբ կառավարության վերջին նիստի որոշումը խնդիրը հասկանալու և ընդառաջ գնալու քայլ էր: Նրա բնութագրմամբ ՀԴՄ-ի հարցն այնքան ծանրացել է, որ դարձել է քաղաքական գործիք.  «98 թվականից ուզում ենք դնենք, չէր ստացվում, անընդհատ կիսատ-պռատ էր, ու այսօր շրջանառության մեջ են 98-ի ՀԴՄ, որոնք ընդհանրապես ոչ մի պահանջի չեն բավարարում»: Ալավերդանի խոսքերով այդ հիմնադրամի շրջանակներում պետք է այնպիսի գին սահմանեն, որպեսզի կարողանան օգնել հեռավոր շրջաններում գործող ՓՄՁ-ին ունենալ նոր ՀԴՄ-ը, բայց հին ՀԴՄ-ը պարտադիր պետք է փոխվեն: Ալավերդյանը դժվարացավ նշել, թե ՀՀ-ում ընդհանուր առմամբ ՀԴՄ կիրառող քանի տնտեսվարող սուբյեկտ կա, քանի որ կան ակտիվ և պասիվ օգտագործողներ, տեղեկացնելով, թե բացարձակ թիվը մոտ 50 հազար է:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն էլ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ նոր սերնդի ՀԴՄ ձեռք են բերել 3700 տնտեսվարող, 2500-ը ձեռք է բերելու մինչև դեկտեմբերի մեկը:

Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց, թե բիզնեսի ներկայացուցիչների կողմից բացի գնից կան նաև բողոքներ, որ իրենք անձամբ չեն կարողանում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ ու պետք է պարտադիր գնեն դրա համար ստեղծված ՊՈԱԿ-ից, ինչ ևս խոչընդոտներ է ստեղծում: Ալավերդյանի խոսքերով էլ բնական է, որ բողոքներ ու միտինգային տրամադրություններ պետք է լինեն այդ խնդրի հետ կապված, քանզի նոր հաշվարկների հետ են տնտեսվարողները բախվում.  «Այսօր ամեն մեկը չի կարող բիզնես անել, էստեղ նստածներից հո բոլորը չեն կարող բիզնես անել, դժվար է»:

Ստվերի խնդրին անդրադառնալով՝ Ազատ դեմոկրատների նախագահը նկատեց, որ թեև Ալավերդյանը նշեց, թե ստվերը ծնող հիմնական պատճառը ոչ փաստաթղթավորումն է, սակայն ինքն այն կարծիքի է, որ փաստաթղթերի բացակայությունը ստվերի առկայության հետևանքն է, ոչ թե պատճառը: «Պետեկամուտների տեսչությունը պետք է առաջնորդվի այնպիսի փիլիսոփայությամբ, որը կարողանար մարդկանց բերեր հարկային դաշտ, և այնպիսի հարկային օրենսդրություն մշակեր, որ մարդկնց ավելի ձեռնտու լիներ հարկ վճարելը, քան թե շրջանցելու մեխանիզմներ մտածելը»,- հավելեց Քոքոբելյանը:

Ի պատասխան Ալավերդյանն արձագանքեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում լայնածավալ աշխատանքներ են տարվում հարկային օրենսգրքի մշակման ուղղությամբ, որն եկել է ԱԺ, բայց այդ տարբերակը նորից իրենք հետ են ստացել.  «Այո, միգուցե պետք է կոնցեպտ փոխել, կառավարությունում էլ դրա քննարկումների հետ կապված հանձնաժողովներ ստեղծվեցին: Բայց ունենք հարկային վարչարարության օրենքներ, այլ օրենքներ ևս, ու այս ամենը համադրելու համար, իհարկ, ժամանակ է պետք»:

Hayeli.am

3 Comments

Leave a Reply