Համագումարներ

Հասանելի է՝ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն …

Հասանելի է՝ en ru

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

  1. Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք և որի որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների և անդամների համար:
  2. Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են առնվազն երկու տարին մեկ անգամ` Կուսակցության վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կուսակցության մարմիններին և անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ:
  3. Արտահերթ համագումար հրավիրում է Կուսակցության վարչությունը` իր կամ ներկայացուցիչների խորհրդի նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպությունների խորհուրդների առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է Կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:
  4. Արտահերթ համագումարի պատվիրակներ են հանդիսանում նախորդ` հերթական համագումարի պատվիրակները:
  5. Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թիվը, պատվիրակներ ընտրելու կարգը, տարածքային կազմակերպություններին տրվող քվոտաները սահմանում է Կուսակցության վարչությունը:
  6. Կուսակցության համագումարը`ա) քննարկում և ընդունում է կուսակցության ծրագիրը և հաստատում Կուսակցության կանոնադրությունը, դրանցում լրացումները և փոփոխություններ կատարելու նախագծերը,
    բ) լսում և հաստատում է համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Կուսակցության գործունեության վերաբերյալ Կուսակցության վարչության հաշվետվությունը,
    գ) փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է Կուսակցության վարչության անդամներ,
    դ) ընտրում է Կուսակցության վերահսկիչ հանձնաժողով,
    ե) լսում և հաստատում է Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը,
    զ) որոշում է Կուսակցության ռազմավարական, գաղափարական-քաղաքական ուղին, Կուսակցությունների խնդիրների իրականացման գործելակերպը,
    է) որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման կամ Կուսակցության լուծարման մասին,
    ը) քննարկում և վերջնական որոշում է կայացնում Կուսակցության գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ:
  7. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:
  8. Համագումարի որոշումները, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ, համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:
  9. Կուսակցության ծրագրի և կանոնադրության ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
  10. Կուսակցության համագումարը, Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման նպատակով ընտրում է վերահսկիչ հանձնաժողով, որի անդամների թիվը հաստատում է համագումարը: Վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել Կուսակցության ղեկավար մարմինների անդամ:
  11. Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են հանձնաժողովի նախագահ: Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովը գործում է Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապաhված լիազորությունների շրջանակում և հաշվետու է միայն համագումարին:
  12. Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները:
  13. Վերահսկիչ հանձնաժողովի նիստը հրավիրվում է 6 ամիսը մեկ անգամ` այդ հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է այդ հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:
  14. Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է այդ հանձնաժողովի նախագահը իր նախաձեռնությամբ` վերահսկիչ հանձնաժողովի անդամների 1/3-ի կամ Կուսակցության վարչության և ներկայացուցիչների խորհրդի որևէ անդամի պահանջով: Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:
  15. Վերահսկիչ հանձնաժողովը կարող է պահանջել Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն: